218 միլիարդ` տարերքի երախում


Ճիշտ այսքան դոլար է կորցրել համաշխարհային տնտեսությունն անցյալ տարի` տարերային ու տեխնածին աղետների արդյունքում: Այս թիվը 3 անգամ գերազանցում է 2009¬ի ցուցանիշը (69 մլրդ դոլար)` նշվել է Swiss Re ապահովագրական ընկերության հաշվետվության մեջ: Նման միջադեպերի համար ապահովագրական վճարումների չափը 2010¬ին աճել է 60¬ով` կազմելով 43 միլիարդ դոլար: Ընդ որում, այդ գումարի 1/3¬ն ուղղվել է Չիլիի և Նոր Զելանդիայի երկրաշարժերի հետևանքների վերացմանը (Չիլիում` 8 մլրդ, Նոր Զելանդիայում` 4,4 մլրդ դոլար): Հետազոտությունները փաստում են, որ անցյալ տարի բնական աղետների զոհ է դարձել 304 հազար մարդ (2009¬ին 15 հազար էր). սա վերջին 35 տարում ամենաբարձր ցուցանիշն է: Առավելագույն զոհեր խլել է Հաիթիի երկրաշարժը` 2010¬ի հունվարին. ավելի քան 222 հազար մարդ: Swiss RE¬ի տվյալներով` 55 հազար մարդ զոհվել է անցյալ ամառ Ռուսաստանի արտառոց շոգերի արդյունքում: Իսկ Չինաստանում և Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղները 6,2 հազար մարդկանց մահվան պատճառ են դարձել: