Գնա´, թո´ղ իմ տնից էլ Արցախին օգնող լինի


Վիրավոր Արցախը ձայն էր տալիս: Դա կանչ էր հողի ու արյան: Ելուզակներն անխնա ավերում էին մեր շեները, գայլի ախորժակով տեր էին ուզում դառնալ մեր պապենական հողերին: Արցախն անօգնական էր… Ու գնացին քաջերը` առանց վարանելու: Գնացին, որ հերոսանան, որ կերտեն մեր փառահեղ հաղթանակը: Խիզախների շարքերում էր փոխգնդապետ Աիդա ՍԵՐՈԲՅԱՆԸ, ով, պատերազմի ողջ ընթացքում մի վայրից մյուսը տեղափոխվելով, իր հոգատարությամբ ու ջերմությամբ էր պարուրում վիրավորներին, կյանքեր փրկում ու նաև զենքը ձեռքին մարտնչում հայրենի հողի համար: Պապենական տարածքների համար մղվող պայքարի թեժ կրակներում թրծվելով` նա հասավ մինչև Արաքս և ձեռքերը լվաց մայր գետի ջրերում: Մանկական տարիքում հաճախ էր դիտում Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող ֆիլմեր ու թաքուն մտածում, որ եթե բժշկուհի լիներ, կփրկեր բոլոր վիրավորներին: Ինչ իմանար, որ այդպես էլ վիճակված էր: Ընտրեց բուժքրոջ մասնագիտությունը: Ավանի N 12 պոլիկլինիկայում էր աշխատում` երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: Երեխաները դեռ փոքր էին: Մի օր պատահաբար հեռուստատեսությամբ լսեց, որ Արցախում բուժաշխատողների անհրաժեշտություն կա: Ամբողջ գիշեր չկարողացավ աչքերը փակել: Առավոտյան պոլիկլի նիկա գնալու փոխարեն քայլերն ուղղեց դեպի Առողջապահության նախարարություն` Արցախի ուղեգիր ստանալու: 2 ամսով Մարտակերտ գործուղվեց: - Այդ օրն աշխատանքից տուն էի գնում և ամբողջ ճանապարհին մտածում, թե ինչ եմ ասելու մայրիկիս: Երբ դուռը բացեց, առանց երկար մտածելու ասացի, որ ինձ 2 ամսով գործուղել են Ջերմուկի հանգստյան տուն: Մայրս ուրախացավ, նույնիսկ բաժակ նվիրեց ու պատվիրեց դրանով անպայման բուժիչ ջրեր խմել: Բավական ժամանակ էր անցել, երբ նա իմացավ ճշմարտությունը: Մեր հարևանուհին հեռուստատեսությամբ տեսել էր ինձ` ինքնաձիգն ուսիս: Մայրս, իհարկե, սկզբնական շրջանում դժվարությամբ էր համակերպվում, բայց երբ մի օրով եկա Հայաստան (վիրավորներ էի բերել), ասաց` գնա´, թող իմ տնից էլ Արցախին օգնող լինի,¬ պատմում է Ա. Սերոբյանը: 2 օր հետո մեկնեց Արցախի Հաթերք գյուղ, որտեղ պարտիզանական կռիվներ էին մղվում: Ընդգրկվեց գյուղի ազատագրական ջոկատի կազմում` մասնակցելով բոլոր մարտերին: Երբ 2 ամիսը լրացավ, ԼՂՀ Առողջապահության նախարարը գրություն ուղարկեց Հայաստանի իր պաշտոնակցին` խնդրելով 4 ամսով երկարացնել գործուղումը: Աիդան մտածում էր, թե այդ ընթացքում պատերազմը կավարտվի: Այդ ժամկետի ավարտից հետո էլ նա լքեց մարտի դաշտը: Արցախի ազատամարտիկը պատմում է ամենածանր ու օրհասական պահերի մասին, երբ Մարտակերտի շուրջ 80 գյուղեր գրավված էին, մեծ թվով զոհեր կային, ոմանք էլ փախչում էին: - Հսկայական խրամատում միայն 8 հոգով էինք: Զոհվածների ինքնաձիգները շարել էինք խրամատի թմբի վրա ու վազում, տարբեր տեղերից կրակում էինք, որպեսզի թշնամին չհասկանար, որ մի քանիսով ենք պայքարում: Օրհասական այդ պահերին մենք սպասում էինք «Արծիվ» մահապարտներին: 1992 թ. Վ. Սարգսյանի կոչով նրանք եկան,¬ հիշում է Ա. Սերոբյանը: Նա մահապարտների հետ էլ դիրքերում մնաց. կրակներից վիրավորներին էր դուրս բերում, օգնություն ցուցաբերում, տեղափոխում բուժկետ: 1993 թ. հունվարի 1¬ին տեղափոխվեց «Արցախ» փրկարար ծառայություն, որի կազմում մասնակցեց Քարվաճառի, Աղդամի, Հորադիզի, Ֆիզուլիի, Կուբաթլիի, Ջաբրայիլի, Զանգելանի մարտերին: Երբ ռմբակոծվեց Գանձասարը, նա հարևան Վանք գյուղի իր բուժկետում էր: Տեր Հովհաննեսին էր օգնություն ցույց տալիս: Գանձասարի քահանան միակ հոգևորականն էր, որ այդ օրերին զենքը ձեռքին մարտնչում էր: Հուշերի ամենաջերմ ու լուսավոր պատառիկներից են Մոնթեի մասին պատմող դրվագները: Մարտակերտի շուրջ 80 գյուղեր գրավված էին, իսկ Մարտունու շրջանից, որտեղ հրամանատարը Մոնթեն էր` միայն մեկը` Գևորգավանը, որն էլ ծրագրում էր ազատագրել: «Արցախ» փրկարար ջոկատը հրաման ստացավ մասնակցել գյուղի ազատագրմանը: Փոխգնդապետը ջերմությամբ է հիշում հերոսին. - Ավոյի զինվորները հայտնեցին, որ նա չի հանդուրժում կնոջ ներկայությունը բանակում: Նրա ջոկատում ոչ մի կին չկար: Երբ տեսա նրան, ասաց, որ չեմ կարող իրենց հետ մասնակցել մարտերին: Վրդովվեցի, ասացի, որ Մարտակերտի ճակատը թողել եմ, որ միանամ իրենց, օգնեմ վիրավորներին: Ու գնացի: Մարտերից հետո Մոնթեն ասաց` «Դուն լավ բժիշկ ես» ու պայուսակ նվիրեց ինձ, որը հիմա «Մայր Հայաստան» թանգարանում է: ԼՂՀ Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հրամանով Աիդան տեղափոխվեց Շուշիի գունդ և մինչև պատերազմի ավարտը մարտնչեց այնտեղ: Շուշիի ազատագրման ժամանակ տարբեր ճակատներով մարտեր էին մղվում` թշնամուն շփոթեցնելու համար: Մի քանի խիզախներ, այդ թվում և Աիդան, միացան Աշոտ Ղուլյանի ջոկատին և մտան Շուշի: Մայիսի լույս 9¬ի գիշերվա բոլոր մարտերը քաղաքի համար էին: Շուշին ազատագրվեց: Մի օր էլ Աիդան Կարմիրավանի դիրքերում էր: Քարինտակից մի զինվոր հեռվից գոռաց. - Դոխտո˜ւր, կռիվը պրծալ ա: Այսպես, արյան գնով նվաճվեց մեր թանկ հաղթանակը: 1992 թ. Ա. Սերոբյանը պարգևատրվեց Արցախի 1-ին` «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով, որը պատրաստված էր Շուշիի ռմբկածութ յան ժամանակ հավաքված արկերի բեկորներից: Հետագայում ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալին: Փոխգնդապետն այսօր դասավանդում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Պետական հումանիտար քոլեջում: Զոհված կին ազատամարտիկների հիշատակը մշտապես վառ պահելու` Աիդայի մղումն ու ջանքերն անպտուղ չմնացին: 13 տարի առաջ հիմնադրեց «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» բարեգործական ՀԿ: Գիտակցելով մեր հաղթանակի իրական արժեքը` հիշում ու գնահատում ենք բոլոր ազատամարտիկներին, ովքեր արյան գնով հետ են շպրտել թշնամու ոհմակներն ու ապացուցել համայն աշխարհին, որ մեր Արցախն անառիկ է իր լեռների պես: Ու մենք հաղթող ժողովուրդ ենք: