4¬րդ մեկնարկը


Արդեն ավանդական դարձած «ԹԱՏՐՈՆ X» փառատոնն այս տարի առավել ընդգրկուն էր դարձրել մասնակիցների ցանկը` ներառելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ երիտասարդական և սիրողական թատերախմբեր: Այն իսկապես հսկայական դեր է կատարում հանրապետության թատերական կյանքում` պայքարելով մշակութային ապակենտրոնացումների դեմ: Ինչպես նշեց փառատոնի ղեկավարը` թատերագետ Արա Խզմալյանը, այժմ արդեն փառատոնի «աշխարհագրությունն» ընդգրկում է նաև Սյունիքի և Արցախի թատերախմբերին, որոնք տարիներ շարունակ գրեթե մոռացված են եղել: Փառատոնի մեկնարկը Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկականում էր, ուր ներկայացվեց «Ցիանակալիում կաթով կամ… առանց կաթի» տրագիկոմեդիան: Բեմադրության հեղինակը բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանն է, ով էլ հենց բեմադրել էր փառատոնի բացման արարողությունը` ստեղծելով հետաքրքիր և թատերային վառ լուծումների վրա հենվող մթնոլորտ: Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ներկայացումներից հետո տեղի են ունենում քննարկումներ, որոնք արժևորում են կատարված աշխատանքը, թատերական մտքի ուշադրությունը սևեռում բեմադրություններին և դերակատարներին` այսպես նաև նպաստելով պրոֆեսիոնալ գնահատական ների հայտածումին: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին թատերական քննադատության ոլորտ են թափանցել պատահական մարդիկ, ովքեր քննադատների ու թատերագետների թիկնոցներն իրենց ուսերինձ առած` տարածում են ոչ մասնագիտական, հաճախ խիստ մակերեսային ու թյուր կարծիքներ և մոտեցումներ: Հենց այս ամենը թատերական ընթացքից դուրս մղելու համար էլ քննարկումներին գլխավորապես հրավիրվում են պրոֆեսիոնալ քննադատներ և արվեստագետներ: Նույն` մասնագիտական պահանջկոտության խնդիրներն էին դրված նաև «Համազգային» թատրոնի «Երեք գրոշանոց օպերա» և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ծառերը» բեմադրությունների քննարկումների ժամանակ: Փորձագետներին միացան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժնի ուսանողները, որոնց համար այս քննարկումները վերածվեցին յուրատեսակ փորձարանի, ինքնահաստատման առաջին քայլերն անելու հանգրվանի:

էջի նյութերը պատրաստեց` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ