Հանցագործ են նրանք, բայց մեղավոր են բոլորը


Հանցագործ քաղաքացիները վարկաբեկում են, բայց հասարակությունը միևնույն է շարունակում է իրեն անպատվողներին ծնունդ տալ` կատարելով հրեշավոր մայրություն. աններելի, հատկապես, երբ նաև անչափահաս «զավակներն» են տուժում. - Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դրդապատճառներն ընտանիքում տիրող ոչ առողջ բարոյահոգեբանական մթնելորտը և հասարակության անտարբերությունն է,- ասում է ոստիկանության Շիրակի վարչության Գյումրիի բաժնի անչափահասների գործով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը: Սովորություն ունենք հասարակությանը դիտարկել որպես երրորդ կողմ` «մենք», «հանցագործները», «հասարակությունը»` մի տեսակ հաշվի չառնելով, որ, որպես ընտանիքի բաղկացուցիչ, հասարակությունը հենց մենք ենք: - Դպրոցահասակ տարիքից սկսած, ցավոք, ոմանք արդեն ոստիկանության «ուշադրությանն» են արժանանում: Հանցագործությունների մեծամասնությունը սկիզբ է առնում փողոցային վեճերից, որոնց ծագման համար վերջերս «բարենպաստ» ավելի կատարյալ պայմաններ են ստեղծվել: Օրինակ` «Օդնոկլասնիկի» կայքը, վայրենութ յուն քարոզող քրեական հեռուստասերիալները: Քաղաքի դպրոցներին մեր կողմից հատուկ զգուշացում է արվել` արգելել աշակերտներին` համենայնդեպս դպրոցում օգտվելու սոցիալական ցանցերից: Հ. Զաքարյանի խոսքով` նախանցած տարի «Օդնոկլասնիկի»¬ի պատճառով անչափահասների մասնակցությամբ ու մահվան ելքով դեպք տեղի ունեցավ` դաժան ծեծի հետևանքով մահացածը տասնյոթամյա երիտասարդ էր. պատանիներ էին և մյուս «գործող» անձինք: - Եվ մինչև հիմա կատարվածի առնչությամբ դատավարությունն ընթանում է,- ասում է բաժանմունքի պետն ու հավելում, որ հանցագործության դեմ պայքարում նախ պետք են կանխարգելիչ աշխատանքներ, իսկ այս պարագայում միայն ոստիկանության ուժերը բավական չեն: - Համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, Շիրակի մարզպետարանի երեխաների իրավունք ների պաշտպանության բաժնի հետ,- տեղեկացնում է Հ. Զաքարյանը: Նրա ներկայացմամբ` անչափահասների շրջանում առավել տարածված օրինախախտումներն են կողոպուտը, ավազակային հարձակումը: Այդուհանդերձ, Գյումրիում դրանց նվազման միտում կա: - Բացի մարմնական վնասվածք հասցնելու մեկ դեպքից` Շիրակի մարզկենտրոնում այլ հանցագործություններ 2011-ին չեն արձանագրվել,- հայտնեց անչափահաս ների գործով բաժանմունքի պետը: Անցած տարի էլ հանրապետության երկրորդ քաղաքում կողոպուտի` երեք, գողության ու մարմնական վնասվածքներ հասցնելու երկուական դեպքեր են արձանագրվել: Հարցին, թե իսկ նախազորակոչային տարիքի պատանիների հետ ինչպիսի աշխատանք է պետք տանել, որ Ազգային բանակ մուտք գործեն գիտակից ու ազնիվ զորակոչիկներ, Հ. Զաքարյանը պատասխանեց: - Այս գործընթացում գլխավոր դերակատարը հանրակրթական դպրոցներն են, հատկապես` ռազմահայրենասիրական դաստիարակություն ներարկող առարկաները: Որքան դրանք ճիշտ ու նպատակային մատուցվեն, այնքան բանակը որակյալ կադրերով ապահովված կլինի: Մենք երեխաներին բացատրում ենք իրենց իրավունքները, բայց չենք նշում, որ պարտականություններ էլ ունեն,- հավելում է Հ. Զաքարյանը` ընդգծելով, հետագայում խնդիրներ են առաջանում, որովհետև ծնողներն էլ ինչպես հարկն է չեն հետևում իրենց զավակներին: Հասարակության յուրաքանչյուր օղակ է պատասխանատու իր անդամների հանդեպ, հատկապես` այն մանկահասակների, ովքեր աջակցության, հոգածության կարիք զգում են առավել, քան մյուսները: Ի վերջո` նրանք հանցագործ չեն ծնվում, այլ այդպիսին դառնում են: Ավաղ, այո, հետագայում նաև հանցագործ են դառնում պարզ ու անմեղ աչքերով մեր երեխաները:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ