Ջանիբեկյանները


- Գուրգեն Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան. Սոս Ջանիբեկյան (Կ.Ջանիբեկյանի թոռը). Ձեր տոհմում թատերական արվեստով ուրիշ զբաղվողներ եղե՞լ են: ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ խորը պատկառանքով է պատմում հոր` Մեծ դերասան Գուրգեն ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ մասին: Նրա խոսքով` ձեռքբերում ների համար անսահման պարտական է հատկապես պաշտելի հորը: - Մենք հոգևորականի տոհմից ենք: Հայրս առաջինը եղավ, որ դերասանական ուղղությունն ընտրեց: Այդ տաղանդը մորից է անցել նրան. տատս հրաշալի երգում էր, դերասանական տվյալներ էլ ուներ, սակայն պապս արգելում էր դրանք զարգացնել: - Գուրգեն Ջանիբեկյանը բեմում Ձեզ ինչպե՞ս էր ուղղորդում: - Երբ թատրոն մտա, հասուն մարդ էի արդեն: Հայրս ինձ ուշիուշով հետևում էր, բայց չէր հուշում` ինչ և ինչպես անեմ: Սակայն ժամանակի ընթացքում արդեն համոզվեց, որ ինքնուրույն կարող եմ կերպար ստեղծել, ունեմ ձեռագիր: - Նրա դերասանական արվեստը Ձեզ համար ինչո՞վ էր առանձնահատուկ: - «Այնքան հայ էր, որ նրա չափ հայ այլ դերասան չկար». սա իմ խոսքը չէ, Վահրամ Փափազյանն է այսպես ասել… - Գուրգեն Ջանիբեկյանի դերերից ո՞րն է ամենասիրելին Ձեզ համար: - «Ժայռը», «Մայրամուտից առաջ», «Պրոդի ամրոցը»: Անհնար է առանձնացնել. բոլորն էլ փայլուն են, գագաթներ են: Մայրս պատմում էր` «Ֆիգարոյի ամուսնությու նում» առաջին կազմում պիտի խաղար Վաղարշ Վաղարշյանը: Վարագույրը բացվում է` կենտկոմի քարտուղարը նստած, կուլտուրայի մինիստրը նստած, հանկարծ Վաղարշյանի ոտքը ծռվում-վնասվում է, ու էլ չի կարողանում շարունակել ներկայացումը: Արմեն Գուլակյանը կանչում է Գուրգեն Ջանիբեկյանին ու ասում, որ նա պիտի ավարտի ներկայացումը: Հայրս հանպատրաստից դուրս է գալիս բեմ, սակայն այնպես է խաղում, որ Վաղարշյանը այլևս հրաժարվում է այդ դերից: Նա այնպես է դերը ներկայացնում, որ հետո նույնը մարմնավորելն անչափ բարդ է լինում: - Բեմում հմուտ ու հաջողակ լինելով` ինչպիսի՞ն էր ավագ Ջանիբեկյանն անձնական կյանքում: - Երջանիկ էր: Նա սիրառատ մարդ էր ու երբ սիրահարվում էր, նպատակին հասնելու ճանապարհին նրան ոչինչ չէր կարող կանգնեցնել. ամուսնացած, երեխատեր կանանց էր հրապուրում ու իրենով անում: Երեք կին է ունեցել, երեքն էլ` մեկական երեխա ունեցող: Նա այն տղամարդկանցից էր, որ սիրել գիտեր: - Հոր և որդու միջև հիմնական` առանցքային, տարբերությունը ո՞րն էր: - Հայրս ինձ ընկեր չէր` միայն հայր էր ու վերջ, բայց ես երեխաներիս նաև ընկեր եմ: Ճիշտը դա է. ես ապրում եմ իրենց կյանքով, իրենք` իմ: Եթե երեխաս դժվարություն կամ խնդիր ունի` ես տեղյակ եմ, կարող եմ ուղղորդել, օգնել: Սակայն հորս ոչ էլ մեղադրում եմ: Շատ անպիտան երեխա եմ եղել` խայտառակ մի երևույթ, իմ պատճառով միշտ կարմրել են ծնողներս: Իսկ իմ երեխաները բացարձակ այլ տեսակ են` չափազանց մեղմ են: - Գուրգեն Ջանիբեկյանն ինչպիսի՞ պապիկ էր: - Շատ լավ: Այս պարագայում էլ ես այդպիսին չեմ: Որովհետև, ցավոք, ժամանակ չունեմ, հիմա էլ անդադար ստեղծագործում եմ: Նա յոթ թոռ ուներ ու մեծ հաճույքով էր զբաղվում նրանց հետ. տանում էր հանգստյան տներ, զբոսանքների: - Հայրիկի հետ կապված` Ձեզ համար անջնջելի է մի հուշ կպատմե՞ք: - Իմանալով, որ հայրս դաժան է պատժում` միշտ խուսափում էի անախորժ պատմությունների մեջ ընկնելուց, բայց մի օր հիշում եմ` ինչպես մի լավ ծեծ կերա: Ընկերոջս տատի թաղումն էր, դրսում խաղում էինք, անասելի շոգ էր: Մենք էլ ծարավ էինք, ջուր չկար: Խաղընկերս առաջարկեց հովանալու հետաքրքիր մի եղանակ. ասաց` «Նկուղում լավ գինի ունենք` տատիս թաղման արարողության համար են բերել»: Տակառով գինին սկսեցինք խմել` ծարավներս կոտրել: Աստիճաններին նստած եմ, ու հայրս է մտնում ներս. էլ տեղ չունեմ փախչելու, համ էլ չեմ կարող` գինովցած եմ: Մի շռնդալի «չափալախ» եմ ստանում, երկրորդը, երրորդը… Հետո մայրս միջամտեց` հորս զսպեց: Ծեծերը զուտ իմ չարության պատճառով էին ինձ բաժին հասնում, համ էլ այն ժամանակներն էին ուրիշ: Հետո` երբ արդեմ իմ կանայք էին ծեծում երեխաներիս, ես էի միջամտում` թույլ չէի տալիս: Կարեն Ջանիբեկյանի պատմելով` հայրը, թեև վախենալու աստիճան խիստ էր երևում, իրականում անչափ փխրուն ու զգացմունքային էր: Գուրգեն Ջանիբեկյանի արվեստը սերունդներ է դաստիարակել, հոր ավանդը շարունակում է որդին` հուսալով, որ Ջանիբեկյանների տոհմածառի այս նոր շիվը ևս պտղաբեր կլինի:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ