ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՆԿԱՆԽԵԼԻ՞


Հայոց աշխարհի ցանկացած բնակիչ չափահաս դառնալուց հետո անձնագիր է ստանում` ՀՀ քաղաքացի լինելու բարձր կոչումն իր ողջ կյանքում պատվով ու հպարտութ յամբ կրելու չամրագրված պատգամով: Մեր օրերում, սակայն, սկսել է պատահել նաև այնպես, որ կոչումն այդ ոմանց պարագայում կարող է այնքան էլ բարձր չհամարվել, և մեր քաղաքացիությունը վավերացնող ու արտահայտող անձնագրից զանգվածաբար կարող է թողարկվել` արդյունքում ում ասես և ինչպես ասես հայոց աշխարհի բնակիչ ու քաղաքացի դարձնելով: Օրեր առաջ եթե նման մեղադրանքով չձերբակալվեր ոլորտի պաշտոնյաներից մեկը, անխնա կերպով տիրաժավորվող անձնագրերի մասին տեղեկատվությունը անկասկած զառանցանք կհամարվեր: Սակայն որքան կոնկրետ է մեղադրանքը, նույնքան էլ անհերքելի է կատարվածի հանցավորությունը: Անգամ նշվում է, թե մեկ րոպեում Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած անձանց մեծ մասը հարևան Վրաստանի քաղաքացիներ են եղել: Եվ մինչ կորոշակիացվի մեկեն «երկքաղաքացիություն» ստացած անձանց ճակատագիրը, դժվար է չվերհիշել, թե ինչպես պատահեց, որ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության նախկին պետը` Ալվինա Զաքարյանը, այդպես լռելյայն պաշտոնանկ արվեց, և ինչ մութ պատմություն էր ընկած այդպես էլ չպարզաբանված պաշտոնանկության հիմքում: Դե ինչ, միգուցե ժամանակներն իսկապե՞ս փոխվել են...… Համենայն դեպս վերջին շրջանում ու հատկապես, երբ խոսքն առավել փոքր «տրամաչափի» չինովնիկներին է վերաբերում, կարելի է ասել, որ այլևս հենց այնպես որևէ մեկին պաշտոնանկ չեն անում: Դիցուք, նախորդ շաբաթավերջին կաշառակերության մեղադրանքով հերթական ձերբակալությունը տեղի ունեցավ: Աշխատանքի տեսչության երկու աշխատակիցները գործել էին հանուն սեփական գրպանի` չգրված օրենքի շրջանակներում, դիտավորյալ շրջանցել օրենքի պահանջը` նպատակ ունենալով մի քանի տասնյակ հազար դրամ գրպանել: Այս ձերբակալությունը, ինչպես և կարելի է սպասել, կոռուպցիայի մասին անսպառ թեմային նոր շունչ հաղորդելու հերթական առիթը դարձավ: Այնպես ու այն սցենարով, ինչպես բոլոր մյուս նման դեպքերում է լինում: Բայց ո՞ւր էր թե իրական պատկերը երբեմն-երբեմն բացահայտվող այդ մի քանի տասնյակ հազար դրամների չարաշահումներով ոչ միայն սկսվեր, այլ հենց այդքանով էլ ավարտվեր: Տպավորությունն այնպիսին է, թե որքան շատ է խոսվում կաշառակերության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, այնքան կոռուպցիան ծավալվում է: Իհարկե, լռելն ու չտեսնելն էլ գործին չեն օգնի, բայց կարելի է վստահ լինել, որ ժամանակ առ ժամանակ հենց այնպես հրապարակվող վիճակագրությունը նույնպես գործին բոլորովին էլ չի օգնում: Այսպես, Ոստիկանության հանրահայտ 6-րդ վարչության պետը օրերս տեղեկացրեց, թե 2008-ին կաշառակերության 392 դեպք է արձանագրվել` նախորդ տարվա 171-ի դիմաց: Հիրավի, թվերն ամեն ինչ ասում են, և ամեն օր ու ժամ հարստացող վիճակագրությունը դժվար չէ պատկերացնել, որ ասենք ընթացիկ տարվա համար կոռուպցիոն դեպքերի արդեն քառանիշ թիվ արձանագրի: Համաչափորեն աճող վիճակագրական տվյալներին թերևս ոչինչ էլ չխանգարի, բացի… կեղծ փողերից: Եվ իրոք, «կաշառք» օպերացիաները անշուշտ հաջողությամբ կշարունակվեն, բայց ինչպես նույն 6-րդ վարչության պետն է արձանագրում, զգալիորեն աճել է նաև շրջանառության մեջ գտնվող կեղծ թղթադրամների քանակը: Ասել է թե` մարդիկ նախկինի պես կարող են կաշառք ստանալ կամ պահանջել, բայց նույն «հաջողությամբ» շրջանառու թղթադրամները պատահաբար կարող են հենց կեղծված խմբաքանակներից լինել` հանձնող-ստացողների համար լրացուցիչ բարդություններ ստեղծելով: Թեպետ զարմանալ չարժե. եթե անձնագրեր են կեղծվում, ապա հասարակ թղթադրամ կեղծելն առանձնակի դժվարություններ չպետք է պահանջի...…