Կսանձազերծե՞ն առճակատում


Վրաստանում բորբոքված կրքերն արդեն ճայթում են` զենքի դիմելու սպառնալիքներով: Հատկապես Նինո Բուրջանաձեի 9 ընդդիմադիր կուսակիցների ձերբակալությունից հետո լարված իրավիճակն ավելի սրվեց: Խոսակցություններ են պտտվում, որ Սահակաշվիլին նենգասպառնալիքներ է հնչեցնում Բուրջանաձեի դեմ. իբր կալանավայրերից մեկում արդեն բանտախուց է նախապատրաստել նրա հոր համար, ով մինչ «վարդերի հեղափոխությունը» եղել է հացամթերքների պետընկերության ղեկավարը և Շևարդնաձեի կլանի գանձապետերից մեկը: Սպառնալիքներից անմասն չէ նաև Բուրջանաձեի ամուսինը` Բադրի Բիծաձեն, ով վերջերս հայտարարեց, որ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին իրեն խորհուրդ է տվել լքել երկիրը: Քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն CNN գործակալությանը հայտարարել է. - Ղեկավարությունը միտումնավոր է սրում իրավիճակը: Ինչո՞ւ են իշխանություններն ընտրել առճակատման սցենարը, և ինչի կհանգեցնի դա: Նրա կարծիքով` իրավիճակը ծայրահեղորեն լարելով, իշխանությունները կկարողանան արագացնել ուժի գործադրումը: Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների: Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Արևմուտքը` եթե Վրաստանում քաղաքացիական դիմակայություն բռնկվի, քաղաքագետը պատասխանել է, որ Արևմուտքն առժամանակ կսպասի. ավելի որոշակի դիրքորոշում այն կցուցաբերի միայն` եթե համոզվի, որ ընդդիմության թիկունքին բնակչության մեծամասնությունն է: Հակառակ դեպքում` արտասահմանը շատ բաների վրա աչք կփակի, քանի որ նրանց լիովին ձեռնտու է իրենց հավատարիմ Սահակաշվիլիի իշխանությունը: Մի խոսքով` օրեցօր ձյան նման հալչում է ներքաղաքական բախումները կանխելու հարցում ինչ-որ տեղից օգնություն ստանալու հույսը: Եվ վրաց ժողովրդին տանջում է մեկ հարց` բացահայտ առճակատում կսանձազերծե՞ն իշխանությունն ու ընդդիմությունը: Անցյալ շաբաթ Սահակաշվիլին երկխոսության է հրավիրել ընդդիմությանը. - Հիմա արմատականության ժամանակը չէ, այլ` երկխոսության: Հիմա անկարգությունների և դիմակայության ժամանակը չէ, այլ` միասնականության,- հայտարարել է նա լրագրողներին:- Վերջին տարիներին մենք Վրաստանում ստեղծել ենք պետություն և պետական ուժեղ կառույցներ, և հիմա կործանելու ժամանակը չէ, այլ` արդեն կառուցվածը պահպանելու և նորը կառուցելու ժամանակը: Սակայն հենց հաջորդ կիրակի օրը Պահպանողական կուսակցությունը և Իրակլի Օկրուաշվիլիի «Հանուն միասնական Վրաստանի» Շարժումը հռչակագիր են ստորագրել համագործակցության և ապրիլի 9-ի ակցիան անցկացնելու մասին: Համաձայն հռչակագրի` կուսակցությունները համագործակցելու են հանուն ազատ բիզնեսի ունեցվածքի իրավունքի պաշտպանության, անկախ դատարանի և ԶԼՄ-ների պայքարում: Հասարակությանը նրանք ներկայացրել են իրենց նկատառումները` թե ինչու է անհրաժեշտ երկրի նախագահի հրաժարականը: Պահպանողականների ներկայացուցիչ Կախա Կուկավայի հավաստմամբ` - Մենք Ռուսթավելի հրապարակում կմնանք այնքան ժամանակ, մինչև Սահակաշվիլին կհեռանա: