Հնարավո՞ր է նոր դարձ` ի շրջանս «սառը պատերազմի»


Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են նորից ծայրահեղորեն լարվել` ընդհուպ մինչև` ինչպես «սառը պատերազմի» ժամանակներում. այսպիսի ենթադրություն է արտահայտել ամերիկյան բանակի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ջոն Քրեդդոկը` Կոնգրեսին ներկայացրած զեկույցում: - Մոտակա տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունները, հավանական է, ամենածանրը կլինեն` «սառը պատերազմից» հետո,- ասել է նա: Արևմտյան լրատվական գործակալությունները հատկապես շեշտադրել են այդ զեկույցում ամրագրված 2 ուղղությունները. Վրաստանի հետ 5-օրյա պատերազմը և գազային բախումն Ուկրաինայի հետ: Ըստ գեներալի` օսեթական պատերազմն ու ուկրաինական վեճերը վկայում են, որ` - Ռուսաստանը փորձում է թուլացնել Եվրոպայի միասնականությունը և նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ում կարծել են, որ հետխորհրդային տարածաշրջաններն անվտանգության մեջ են, բայց` - Այդ ենթադրությունը կեղծ դուրս եկավ,- հայտարարել է Քրեդդոկը` հավելելով, որ Ամերիկան դրանում համոզվեց 2008-ի օգոստոսյան դեպքերից հետո: