ՆԱՏՕ-ն ուռճանում է


Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող անվերջ աճել. բացի այդ` նա պետք է բարեհաճ լինի Ռուսաստանի հետ… Անցյալ շաբաթ Բունդեստագում այսպիսի հայտարարութ յամբ հանդես է եկել Անգելա Մերկելը` ապրիլի սկզբին Գերմանիայում և Ֆրանսիայում անցկացվելիք` ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովի նախաշեմին: Խոսելով ռազմա-քաղաքական դաշինքի անցյալի մասին, Գերմանիայի վարչապետը նշել է. - Անցած 60 տարիների ընթացքում ոչ մի կազմակերպություն այսքան հստակ ու հետևողական չի արտահայտվել հանուն խաղաղության և ազատության` որքան Հյուսիսատլանտյան դաշինքը: Հատկապես` դժվարին ժամանակներում: Մերկելի համոզմամբ` հիմա եկել է ժամանակը, որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի սերտ հարաբերություններ հաստատի միջազգային այլ կազմակերպությունների (ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրամիությունը), ինչպես նաև ոչ կառավարական կառույցների հետ: Նա հատուկ կարևորել է Մոսկվայի հետ համագործակցությունը. - ՆԱՏՕ-ն ցանկանում է հանձին Ռուսաստանի լավ գործընկեր ունենալ: Եվ արդեն 20 տարի մենք այլևս հակառակորդներ չենք. ավելին` կանգնած ենք նույնանման սպառնալիքների առջև: Սառը պատերազմի ժամանակները անցել են անվերադարձ,- ասել է Մերկելը` ընդգծելով, որ Դաշինքը համաշխարհային կազմակերպություն չէ և չի կարող անվերջ ընդլայնվել, իսկ Ուկրաիայի ու Վրաստանի առջև ՆԱՏՕ-ի դռները «դեռ բաց չեն»: Ի դեպ` այս ելույթից ոչ շատ առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր. - Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցերի նման արհեստական լուծումը չի կարող նպաստել համաեվրոպական անվտանգության ամրապնդմանը, ինչը պետք է հենված լինի բարձր մակարդակի վստահության վրա` որ որևէ մեկն անվտանգության իր խնդիրները չպետք է լուծի ուրիշների անվտանգությունը վտանգելու հաշվին: