ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆ. Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, միջազգային մրցույթի դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ինքնամոռաց սիրով կյանքը կրկեսին նվիրաբերած Սոս Պետրոսյանի կենսագրությանը ծանոթանալով` վերստին համոզվում ես, որ հաջողության հասնելու համար մարդը պետք է նախ սիրի իր գործը: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Հետաքրքրություններս շատ են եղել ու տարբեր: Թբիլիսիում` ծննդավայրումս, հաճախել եմ պարի, ըմբշամարտի, բռնցքամարտի, ֆուտբոլի դպրոցներ: Որպես ֆուտբոլիստ նույնիսկ Վրաստանի հավաքականի կազմում եմ հանդես եկել: Բայց հետո մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց. 1963 թ. տեսա հյուրախաղերով Թբիլիսի եկած Լեոնիդ Ենգիբարյանին և որոշեցի կրկեսի դերասան դառնալ: Իմ կյանքի շրջադարձային օրն էր դա: Ի սկզբանե պատկերացում անգամ չունեի, թե արվեստի ինչքան բարդ ճյուղ է սա: Այն ինձ կլանեց, և երբ արդեն լրջորեն զբաղվում էի, հանդիպեցի Լեոնիդ Ենգիբարյանին: Նա էլ հենց իմ լավագույն խորհրդատուն դարձավ` թե ինչ պետք է անեմ, որպեսզի դառնամ կրկեսի դերասան: Այդ ժամանակ միայն լիովին պատկերացրի, թե ինչ դժվարին ոլորտ եմ ընտրել: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Անշուշտ` նորից հայ: Ստեղծագործական գործունեությանս զգալի մասն անցել է Ռուսաստանում: Մոսկվայի կրկեսային ուսումնարանն եմ ավարտել, այնուհետև` Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ասպիրանտուրան: Այնպես որ, սերտորեն կապված եմ եղել ռուսական մշակույթի հետ, որն ինձ շատ բան է տվել: Բնականաբար, ինձ համար առավել համակրելի են ռուսները: Խորհրդային տարիներին այլ ժողովուրդների մեջ արմատացած էր ազգային խտրականությունը, իսկ նրանք ձերբազատված էին այդ տհաճ երևույթից: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Թբիլիսիում ապրածս տարիներին հաճախ էի շփվում կրկեսի դերասանների հետ: Տեսնելով, թե գլխավոր ռեժիսոր Էրիսթավին ինչպես է պարապում երեխաների հետ, ինչպես է համարներ պատրաստում, հանկարծ որոշեցի, երբ մեծանամ` կրկեսի ռեժիսոր, հետագայում էլ տնօրեն պետք է դառնամ: Առժամանակ անց` 1970-ին ավարտում էի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, որպես շրջանավարտ, ցուցադրական ելույթներով պետք է հանդես գայի: Պատահաբար իմացա, որ դահլիճում են Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը, Լեոնիդ Ենգիբարյանը: Հատկապես Լեոնիդ Ենգիբարյանի ներկա գտնվելու փաստը խորացրեց հուզմունքս. չեմ հիշում, թե ինչպես սկսեցի ու ավարտեցի այն ժամանակ դեռևս նոր-նոր մշակվող դհոլների համարս: Միայն հիշում եմ, որ դասընկերս` հետագայում Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ծաղրածու Անատոլի Մարչևսկին ասաց, որ ինձ Լեոնիդ Ենգիբարյանն է փնտրում: Նա եկավ ետնաբեմ ու ասաց` «Ապրե°ս»: Հետո ինձ ներգրավեց հայկական կրկեսային կոլեկտիվում: Աստծո կամոք, տարիների ընթացքում երազանքներս իրականացան. սկզբից դարձա կրկեսի գլխավոր ռեժիսոր` այդպես շարունակ քսան տարի, իսկ վերջերս արդեն նաև տնօրենն եմ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Տեսնում եմ մեր առօրյան, հանրապետության զարգացումը, բայց մի հանգամանք ինձ այդպես էլ անհասկանալի է մնում. ինչո՞ւ է այնպես, որ ոչ բոլորն են իրենց տեղերում աշխատում: Որ ամեն մարդ իր տեղում լիներ, մենք ավելի առաջ կգնայինք: Արհեստավարժությունը չի կարելի արհամարհել: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Հայկական կրկեսային կոլեկտիվի երևանյան ելույթներից մեկը Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված միջոցառումների ցանցում էր ներառված: Ներկա էր գտնվելու նաև Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, ով այդ ժամանակ Երևանում էր: Մեկ օր առաջ Ենգիբարյանը պետք է ռեժիսորին, մշակույթի նախարարին ցուցադրեր նախատեսված համարը: Այդ անգամ էլ ես նրա ասիստենտն էի. օգնում էի, որ գործիքները տեղափոխենք Օպերայի շենք: Մեդալներով հայտնի համարն էր կատարելու: Մշակույթի նախարարն այն ժամանակ Կամո Ուդումյանն էր, ասաց. «Լյոնյա, այդ համարը չի լինի»: Պատճառը բացատրելու կարիք չկար. Բրեժնևի հագուստը կրծքանշանների մեջ էր թաղված և կարող էր ծաղրանմանակման տպավորություն թողնել: Իսկ եթե ԽՍՀՄ ղեկավարը նեղանար… Ենգիբարյանը կտրուկ պատասխանեց. «Սոս, գործիքներս վերցրու, գնում ենք կրկես»: Երեկոյան Կ. Ուդումյանն անձամբ եկել ու համոզում էր, որ փոխենք համարը, բայց Ենգիբարյանն անդրդվելի մնաց: Մի խոսքով` եկավ օրը, ու Ենգիբարյանը ներկայացրեց ի°ր համարը: Ողջ վերնախավն էր ներկա, ու երբ համարը կատարեց, Բրեժնևը ծիծաղից կոտորվում էր, նույնիսկ նրա շքանշաններից մի քանիսը գետնին ընկան: Համերգից հետո նախարարը մոտեցավ ու համբուրեց Ենգիբարյանին` ասելով. «Ապրես, որ ընտրեցիր հենց այդ համարը: Բրեժնևը շատ հավանեց»: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - 1963 թ. Թբիլիսիում ցուցադրվում էր «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը: Երբ դիտեցի այն, միանգամից սիրահարվեցի Լեոնիդ Ենգիբարյանին ու հասկացա, որ կրկեսն է իմ տարերքը: Այդ ֆիլմը դիտել եմ մոտավորապես երկու հարյուր անգամ: Մինչև այժմ այն մանկությանս ամենամեծ հուշն է. դրանից ստացած տպավորությունը ինձ չի լքում ոչ մի պահի, և այդ զգացողությունը, անանց սերը կրկեսի հանդեպ փոխանցել եմ զավակներիս: Անշուշտ տեղյակ եք, որ կրկեսը կլանել է նաև որդուս, դստերս, թոռներիս:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ