Համաշխարհային հոռետեսություն


Խորացող ճգնաժամը ոչ միայն բազմաթիվ երկրների տնտեսություններին է պատուհասել, այլև յուրօրինակ մրցակցություն է խթանել միջազգային կառույցների միջև, որոնք գրեթե ամեն ամիս մեկը մյուսից մռայլ կանխատեսումներ են կատարում: Համաշխարհային բանկը ոչ միայն միջազգային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր հետաճն է նախորոշում: Գրեթե նույնն է նաև Միջազգային արժույթի հիմնադրամի կարծիքը` համաշխարհային տնտեսությունը 2009-ին լավագույն դեպքում 0,5 %-ի աճ կարող է արձանագրել: Եվրոպական կենտրոնական բանկի հաշվարկներով` եվրոպական գոտում ՀՆԱ-ն կկրճատվի 2,2-3,2 %-ով, իսկ պաշտոնական տվյալներով` ԱՄՆ-ի տնտեսությունն ընթացիկ տարում կնվազի 0,5-1,3 տոկոսով: ՌԴ տնտեսության զարգացման նախարարությունը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը 2009-ին կարող է աճել միայն նավթի գնաճի դեպքում (1 բարելը` մինչև 50 դոլար): Սակայն 1-2 շաբաթ անց Ռուսաստանի նախագահի օգնականը բարձրաձայնեց, որ համենայնդեպս 1-ին կիսամյակում աճ չի արձանագրվի: Իրենց կանխատեսումներում ավելի հոռետես են անգլիացիները: Փետրվարի կեսերին վարչապետի` տնտեսության հարցերով խորհրդական Էդ Բոլզը վերջին հարյուրամյակի վատթարագույնն է համարել տնտեսության ներկա վիճակը: Ավելին, նրա կարծիքով` ընթացիկ ճգնաժամի հետևանքներն աշխարհում զգալի կլինեն առնվազն 15 տարի: Անգլիայի Բանկի նախագահ Չառլի Բինը գերազանցել է իր հայրենակցի հոռետեսությունը` այս ճգնաժամը համարելով ամենալուրջը` մարդկության ամբողջ պատմության ընթացքում: Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն էլ տնտեսա-ֆինանսական համամարդկային այս աղետի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա համեմատել է ԽՍՀՄ փլուզման հետ և նշել, որ այն դեռ չի հասել ու առաջիկայում հազիվ թե հասնի իր գագաթնակետին: