1 ՀԱՐՑ


 

Քառօրյայի երկրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ լրագրողներին տված իր ասուլիսում ընդգծեց, որ 2018 թ. չի պատրաստվում և երբևէ մտադրություն չի ունեցել իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում: Ապա հավելեց, որ ժամանակին հավակնել է վարչապետ լինել (և եղել է), իսկ այսօր շարունակում է նախընտրել ԱԺ նախագահի պաշտոնը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ընտրություններից հետո ծավալվող զարգացումներին, Հ. Աբրահամյանը փաստեց, որ հնարավոր են քաղաքական թեժացումներ: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե հանրահավաքներ պիտի անի, այլ լուրջ քաղաքականություն պիտի վարի, պիտի հորդորի, սատարի ժողովրդին և հուսախաբ չանի` եթե իրոք մտածում է մեր երկրի ճիշտ առաջընթացի և ապագայի մասին:

- Ես կարծում եմ, որ Ր. Հովհաննիսյանը շատ խելացի, լուրջ, հայրենասեր մարդ է և ենթադրում եմ, որ նա թույլ չի տա այնպիսի բաներ, որ օրենքի սահմաններից դուրս լինի: Եվ առհասարակ, որևէ քաղաքացի կամ պետական պաշտոնյա, եթե որևէ արարք է թույլ տալիս, որն օրենքով նախատեսված չէ կամ արգելված է, ապա ենթարկվում է պատժի, սակայն ես ավելի քան համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենա: Այսինքն ոչ մի անօրինականություն չի գրանցվի Ր. Հովհաննիսյանի կողմից: Ինչ վերաբերում է Գյումրու, Արմավիրի քաղաքապետերի հրաժարականին, ես դա համարում եմ բարոյական: Որևէ մեկը նրանց չի պարտադրել այդ քայլին գնալ: Նրանք իրենք են գնահատել իրենց աշխատանքը և իրենց որոշումն այդ է եղել:

Թեև Հ. Աբրահամյանը դժգոհեց լրագրողների ոչ կոռեկտ հարցից, բայց պատասխանեց`

- Ինչ վերաբերում է իմ որդուն, թե իբր Արտաշատի քաղաքապետի աթոռին աչք ունի, ասեմ, որ այդպիսի աչք չկա և չէր կարող լինել: Քաղաքապետն իր պոստում է, և մեր հարաբերություններն էլ նորմալ են: Ես կարծում եմ, որ դա պարապ մարդկանց կողմից հորինված խոսակցություններ են: Առհասարակ, այն գումարներն ու էներգիան, որ շատերի կողմից ծախսվում է Հ. Աբրահամյանի շուրջ անհիմն խոսակցություններին, լավ կլիներ, որ այդ ներուժն օգտագործեիք պետականաշինության, կամ հենց Ձեր ընտանիքների ամրապնդմանը: