ԱՌԱ˜Ջ` ԴԵՊԻ... ՓԱԿՈՒՂԻ 


 

ՀՀ նախագահի ընտրություններից հետո, ինչպես սպասվում էր, «Ժառանգություն» կուսակցությունն ու ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածը չէին լռելու, դուրս էին գալու հրապարակներ` այսպես արտահայտելու իրենց բողոքը և այսպես ձգտելով պայքարել ժողովրդավարական արժեքների հաստատման համար: Ընդունված և սպասված է նման իրավիճակը ցանկացած երկրում, քանզի ընդդիմությունը երբեք չի համաձայնում ընտրությունների արդյունքների հետ, եթե դրանք չեն համապատասխանում իրենց ցանկութ յուններին: Հայաստանում այսօր նույն իրավիճակն է, որին ականատես ենք եղել 1996-ին, 2008-ին: Սակայն, ի տարբերություն նշված ընտրությունների, որոնք ունեցան բուռն զարգացումներ` հասնելով անգամ ողբերգական իրադարձությունների, երեկվանից սկիզբ է առել այսպես կոչված խաղաղ հուզումներր փուլը, որի առանցքում Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա ընտրազանգվածի դժգոհությունն է:

Դատելով արդեն երեկ տեղի ունեցած հանրահավաքից, որը վերածվեց Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական մտորումների ու առաջիկա քայլերի բարձրաձայնումի, կարելի է վստահաբար ասել, որ պայքարի այն հորդորները, որոնք երեկ հնչեցին Ազատության հրապարակում, չեն կարող ունենալ խորը զարգացումներ և ընթացք, որովհետև դրանցում արտահայտված չէ որոշակի ծրագրայնություն, այսպես կոչված պայքարի հիմնավորում: Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ելույթի հիմնառանցքում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և իրավիճակի քննարկման պահանջն էր: Սա կարող է արտաքուստ բորբոքել սոցիալական դժգոհության ալիքներին նստածներին, անգամ որոշակի մարտունակություն հաղորդել, սակայն արդյո՞ք բավական է ընտրությունների արդյունքների վերանայման կամ երկրում նոր քաղաքական իրավիճակի ստեղծման, ընտրությունների երկրորդ փուլ ունենալու համար: Ձայների գերակա տարբերությունը երբեք չի կարող փոխել իրավիճակը, որքան էլ որ գրանցված են բազմաթիվ ընտրախախտումներ, արդեն առկա են դրանցից շատերի հերքումը, չհիմնավորվածությունը, դրանց հեղինակների չգոյությունը: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ