Ում հոգին է ամայանում,

ում էլ` գրպանն տռզում 


 

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԻՆ մտահոգում էր ոչ միայն մեր երկրում աղանդների քայքայիչ գործունեության ծավալվող գոյությունն ու դրանց հետևանքները, այլ նաև ահազանգում է ՀՀ ներթափանցող նորանուն աղանդների մասին:

Երեկ իր ասուլիսում Ալ. Ամարյանն իր անհանգստությունը հայտնեց, որ ՀՀ քայքայիչ պաշտամունքից տուժածներն օր-օրի ավելանում են, քանի որ նոր անուններով աղանդներ են ներթափանցում մեր կյանք: Ըստ բանախոսի` 2004-2005 թթ. բողոքական ճյուղն ընդգրկում էր մոտ 200-210 հազար մարդ. այսօր այդ թիվը բազմապատկվել է` չհաշված մնացած աղանդավորական ճյուղերը: Հայտնի փաստ է, որ սովորաբար աղանդավորական եկեղեցիների անդամներից շատ-շատերը որոշ ժամանակ անց ստանում են հոգեկան շեղումներ:

- Ամենաթարմ օրինակը. բոլորովին վերջերս մի խարիզմատիկի տարել են հոգեբուժարան, և նրա նմանները շատ են: Նույնն են աղանդավորները, թեև նրանք ունեն տարբեր անուններ: Նրանց նպատակն էլ մեկն է` մասնատել ժողովրդին, քայքայել ընտանիքներ, կործանել պետությունը: Բողոքական ճյուղը ՀՀ-ում ունի 80 անուն եկեղեցի,- փաստեց Ալ. Ամարյանը:- Այդ եկեղեցիների յուրաքանչյուր անդամ իրեն համարում է ապագա հովիվ: Այս եկեղեցիները տարեկան 250 հովիվներ (շրջանավարտ) է արտադրում, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին 10 տարվա ընթացքում 700-800 քահանա է օծում: Աղանդավորական եկեղեցու յուրաքանչյուր անդամ քարոզիչ է, իսկ առաքելական եկեղեցում միայն հովիվն է քարոզում:

Բավական դիպուկ էր Ալ. Ամարյանի մի մեջբերումը.

- Եթե ուզում ես միլիոնատեր դառնալ, ստեղծիր քո եկեղեցին:

Մեր օրերի համար բնորոշ է և նրա մեկ այլ հիշատակումը.

- Իր սանտեխնիկ ծանոթը ժամանակին հազիվ էր ծայրը ծայրին հասցնելով ապրում: Այսօր այդ մարդն ունի շքեղ բնակարան, թանկարժեք ավտոմեքենա, լավ ապրուստ... Ու այդ ամենն ընդամենը 1,5 տարվա ընթացքում: Ինչպե՞ս. շատ պարզ, այսօր նա աղանդավորական եկեղեցի է ղեկավարում:

Աղանդավորական եկեղեցիներին տրամադրվող դրամաշնորհները տարեկան կազմում են 1 միլիարդ դրամ, որից ընդամենը 10 տոկոսն է բաժանվում հետևորդներին:

Թերևս բոլորին հայտնի մի փաստ ևս. 2008 թ. ընտրությանը օպերայի հրապարակում կային մեծ քանակությամբ աղանդավորական կառույցների ներկայացուցիչներ:

- Այսօր նրանք ակտիվորեն մասնակցում են ՀՀ նախագահական ընտրություններին, և քանի որ ընտրություններն ավարտված չեմ համարում, ուստիև չեմ ուզում անունններ նշել, սակայն թեկնածուներից մեկն աղանդավորական կառույցի ղեկավարի քավորն է: Մինչ ընտրությունները ես որոշել էի այդ մասին հայտարարել, բայց դա կդիտվեր հակաքարոզչութ յուն և այն հետաձգեցի որոշ ժամանակով: Այ, օրինակ Վրաստանում «վարդերի» հեղափոխությունից հետո հինգ աղանդավորներ ստացան նախարարի պաշտոններ: Առհասարակ, բոլոր գունավոր հեղափոխությունների գլխավոր դերակատարները աղանդավորական կառույցներ են: Րաֆֆի Հովհաննիսյանի մասին կասեմ այն, որ նրա կողքին ևս մարդ կա. անուն չեմ կարող տալ: Րաֆֆիին օգտագործելով, նրանք փորձում են իրենց «փայը» փախցնել: Մենք «բրենդ», «մարկա» սիրող ազգ ենք, և Հայաստանում չկա մի աղանդ, որ տեղական արտադրության լինի,- փաստեց մտահոգ բանախոսը:

«Ավանգարդի» հարցադրմանն ի պատասխան Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ աղանդների գործունեությունը չսահմանափակելու, կամ չկանխելու հարցում չի մեղադրում մեր Կառավարությանը. վերջինս չի կարող չկատարել Եվրախորհրդի պահանջները: Բոլորը շատ լավ գիտեն, չենք մոռացել նաև «Կյանքի խոսք» եկեղեցու «պատվավոր» անդամներից մեկի` Ա. Սարգսյանի համացանցային արկածները: Բայց նրա ու նրա նմանների նկատմամբ կրոնական հանդուրժողականություն է ցուցաբերվում:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. 27.02.2013 թ. ԱԺ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանն անդրադարձավ այս խիստ ցավոտ հարցին` հատկապես զինծառայողների առնչությամբ: Բարեբախտաբար, ինչպես և սպասելի էր` ՀՀ-ում Արդարադատության ու Պաշտպանության նախարարությունները չեն պատրաստվում կատարել նրանց քմահաճույքներն ու կամակորությունները: Բանակը չպետք է բաժանել 2 մասի` զենք կրողներ և չկրողներ: Հ. Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ ինքն անձամբ հանդիպել է Վեհափառի հետ և միասին քննարկել են այդ խնդիրները: Հայ Առաքելական եկեղեցին նույնպես մտահոգ է: Արդեն որոշակի քայլեր արվում են այդ ուղղությամբ: