ԼՈՒՅՍԸ ԳԱԼՍՏՅԱՆ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ 


 

Մայիս Մխիթարյանի «Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունը» կտավը գաղափարական նոր շերտեր է բացում, մեծացնում աշխարհընկալման փիլիսոփայական ընկալումը, ձևավորում բոլորովին նոր դիտակետ, ինչն էլ, մեր խորին համոզմամբ, նոր ուղղություն է գոյավորում ազգային կերպարվեստում:

Մայիս Մխիթարյանը «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» կտավով վերջերս ներկայացավ արվեստասեր հանրությանը: Ուշագրավ է այն իրողությունը, որ ինքնատիպ իր գունաշխարհը ստեղծած նկարիչը ներկայանում է ոչ թե թեմատիկ շարքով, մի քանի ստեղծագործությամբ, այլ միայն մի կտավով: Եվ այդ միակն էլ ամբողջական-իմաստավոր պատկերացում է ձևավորում նկարչի մտածողության, թեմատիկ ընդգրկումների, գունային ընկալումների, կերպարվեստում փիլիսոփայական շերտերի ընդգծման ու կարևորման մասին: Ավելին, այս ստեղծագործությունը յուրովի ամփոփում է սուրբգրային թեմայի մխիթարյանական ընկալումը և դասական-ավանդական թեման:

Նկարիչը յուրովի է լուծում այն փորձարարությունը, որը զբաղեցնում էր Մինաս Ավետիսյանին և Սերգեյ Փարաջանովին: Եթե Մինասի համար կարմիրը որդանն էր, բնության մեծարման, պանթեիստական աշխարհընկալման արտահայտությունը, ապա Փարաջանովի կարմիրը սիրո գույնն էր, ճակատագրի գույնն էր: Մինչդեռ Մ. Մխիթարյանի համար կարմիրն արևի ու արյան ինքնահատուկ սիմբիոզն է: Սա գույնի ընկալման և կիրառման մխիթարյանական կերպն է:

«Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունը» կտավում նկարիչը դարձյալ առաջնային է դարձրել պայմանականը, սիմվոլիկը: Հրաժարվելով միջավայրի կոնկրետությունից և ճշգրտությունից, Մայիս Մխիթարյանն ընտրել է տաք դեղինը` օխրան, որն այստեղ որոշակի պասիվություն պարունակելուց զատ, նաև ստեղծում է արևի ճառագայթների արտացոլանքը: Ուրեմն, Հիսուս Քրիստոսը հայտնվում է արևի միջից` լուսապսակի շուրջն ունենալով ճերմակ դիմակներ: Դիմակների կիրառման սարյանական մոդելը, որը երբեմն տանում էր դեպի ողբերգականության, այստեղ վերածվում է տոնական տրամադրության հաստատման. դիմակները ժպտացող հրեշտակների սիմվոլներն են: Արևից ծնունդ առնելու մխիթարյանական հաստատումով` կարմրավարս Հիսուսը որևէ աղերս չունի կերպարվեստում ձևավորված Քրիստոսի կերպարի ավանդատիպին. ոչ մորուս կա, ոչ կա խռիվ մազեր: Երիտասարդություն և գեղեցկություն արտահայտող դեմք է, որը փաստում է հավերժի ներկայությունը, գեղեցկությունը: Նկարիչը մի հեռավոր աղերս է ձևավորում Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան և «Վահագնի ծնունդը» բանաստեղծություն-առասպելի միջև` յուրովի տեսնելով ընդհանրականությունը, աշխարհաստեղծման ակունքների մոտ արժևորելով-ընդգծելով Տիրոջ ներկայությունը: Քրիստոսի կարմիր վարսերին համադրվում են նրա շուրջ կանգնած երկու հրեշտակի կանաչ վարսերը` տերևաձև, ինչն արդեն ծաղկումի ու զարթոնքի խորհրդանիշն է: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ