ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ


 

Հայտնի ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Պատճառներից մեկն էլ Մշակույթի նախարարությունից նեղացած լինելն է, քանի որ Թաթուլի կարծիքով, այսքան տարիների ընթացքում գոնե մեկ անգամ իրեն էլ պետք է մեդալ կամ պատվոգիր շնորհեին:

Մինչև հեռանալը Թաթուլն ամեն երեկո երգում էր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում: Նրանց համագործակցությունն իսկապես փոխշահավետ էր. ռեստորանը երգչին լավ էր վճարում, իսկ վերջինիս ներկայությունը հաճախորդներ էր ապահովում օբյեկտի համար: Այսքանով հանդերձ` ռաբիսի արքաներից մեկը համարվող երգիչը թեև արդեն մի քանի ամիս է, ինչ հեռացել է Հայաստանից, բայց «Փարվանայի» աշխատակիցները հաճախորդներին հուսադրում են, թե ընդամենը մի քանի օր է, ինչ Թաթուլն իրենց մոտ չի երևացել ու հավանաբար մրսել-հիվանդացել է...

Ու մինչ «Փարվանայում» մարդկանց խաբում են, հայտնի երգիչն ամերիկահայ թերթերից մեկին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ ինքն առանց կոնֆլիկտի է հեռացել, իսկ երևանյան ռեստորանում լավ երգիչներ ու երաժիշտներ էլի կան, և իր երկրպագուները նրանց ունկնդրելով էլ իրենց ժամանցն ուրախ կարող են անցկացնել: