ՆԱԵՎ ՉՔՄԵՂԱՆՔՆԵՐ` ՆԱԽԸՆՏՐԱՆՔՆԵՐ


Քաղաքական հակառակորդների ոչնչացմանը միտված հարցախույզերը վերստին ինքնագովազդի միջոց են դարձել: Դրանց հավատալն, իհարկե, միամտություն է: Թեկուզ այն հանգամանքը, որ սոցհարցումների արդյունքները, տվյալները, մեղմ ասած, խիստ հակասական են, ենթադրում է, որ հասարակությանն ապակողմնորոշելու գործառույթը շարունակելու է առաջիկա քարոզարշավի կարևորագույն բաղադրիչներից մեկը մնալ: Ինչ կտա այն հայրենի քաղգործիչներին` դժվար է ասել, բայց սարքովի հարցախույզերի հանդեպ նրանց կրկնվող, եթե չասենք անանց հետաքրքրասիրությունը հուշում է, որ ինչ-ինչ հեռահար քաղաքական հաշվարկներ վերջիններիս մղում է դարձյալ ապատեղեկատվության անհեթեթ փուչիկներ փչել: Ասվածն արդեն իսկ հիմք է տալիս եզրակացնել, որ այդպիսին էր նաև հեռուստագովազդի նախընտրական սակագների հարցում ընդամենը մի երկու շաբաթ առաջ մինչև երկինք հասնող աղմուկ-աղաղակը: Այսինքն, տվյալ պարագայում քաղգործիչներին ավելի շատ պետք էր դժգոհել, բողոքել և ներկայանալ խիստ անվճարունակ, թերևս ապավինելով այն հաշվարկին, որ մեկ ամիս հետո, երբ լայնատարած բացված լինեն վերջիններիս քսակները, հանրությունն արդեն դժվար թե մտաբերի «բալի թանկ» լինելու մասին նրանց գոռում-գոչյունը: Ո՞վ չգիտի, որ հատկապես նախընտրական ժամանակներում նրանք ավելի քան սիրալիր ու առատաձեռն են դառնում` տեղական ԶԼ միջոցներով ինքնածանուցում կազմակերպելու, և ոչ մի բարձր վճարաչափ էլ նրանց չի կարող հեռու պահել մի քանի տարին մեկ ընձեռվող բացառիկ հնարավորությունն օգտագործելուց: Եվ այս իրողության ենթատեքստում հազիվ թե քաղաքական որևէ ուժ կամ գործիչ թեկուզ սեփական գովազդը թողած, ժամանակ ու ջանքեր ներդնի` հետամտելու այս կամ այն լրատվամիջոցը «խաղից դուրս մղելու» ծրագրին: Ավելին, տրամաբանության շրջանակներում անհավատալի է նույնիսկ, որ որոշ թերթերի շուրջ (իսկ ավելի ճիշտ` նրանց ներսում) չսպառվող խմորումները քաղգործիչների չար կամ բարի ծրագրերին չեն առնչվում (երանի թե մեր քաղգործիչներն այդքան սկզբունքային լինեին): Ճիշտ հակառակը, կուսակցապետերն իրենք էլ լավ գիտեն, որ ինչքան շատ թերթեր լինեն, այնքան կընդլայնվեն ընտրազանգվածին ներկայանալու հնարավորություններն ու տարբերակները: Եվ իբրև ասվածի առհավատչյա` ամենաբազմաքանակը համարվող թերթը ոչ միայն չփակվեց, այլ նաև նույնանուն մի ժառանգ էլ ունեցավ: Մի ուրիշ ոչ անհայտ թերթ էլ, որ հայտնեց, թե իրեն փակում են, այն էլ` իբր թե քննադատելու (կամ թե` հայհոյելու) համար, ընդամենը մեկօրյա ընդմիջումից հետո կրկին վերահրատարակվեց` պարապուրդի արդյունքում «ջրելով» նախկին բոլոր պարտքերը: Ու նման իրավիճակում մամուլի անազատության կամ առավել ևս երևակայական բռնաճնշումների մասին խոսելը նույնքան անհեթեթ ու մտացածին է, որքան հրապարակվող սոցիոլոգիական հարցում ների տվյալները: Ինչ խոսք, առաջին հայացքից նշված երկու երևույթների միջև անմիջական կապ այնքան էլ չի ուրվագծվում, բայց չանտեսենք, որ երբեմն հենց այդ նույն ազատ մամուլն է ինչ-ինչ նախընտրական պայմանավորվածությունների արդյունքում տրվում քաղգործիչների քարոզչական տրյուկների տիրաժավորմանն ու հրամցմանը: Այնպես որ, չափից շատ ազատությունն էլ է հաճախ անցանկալի հետևանքներ ունենում` հանգեցնելով չգիտակցված ստրկամտության: