ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ, ՄԵՐ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ


ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վարչության պետ, գնդապետ Սուրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համար մարդու ամենամեծ առաքինությունը ազնվությունն է: Նա ունի երջանկության իր բանաձևը` հաշտ լինել խղճի հետ, ունենալ լավ ընտանիք և օգնել մարդկանց: - Պարոն Հարությունյան, Դուք ծնվել-մեծացել եք Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: Հաթերքը յուրահատուկ է իր վառ նկարագրով, կոլորիտով: Ես հաթերքցիների մասին մի քանի դիպուկ արտահայտություն գիտեմ, համոզված եմ` Դուք ավելին կիմանաք: - Մեր ժողովուրդը շատ խիզախ է, հայրենասեր, սկզբունքային, միևնույն ժամանակ` բարեսիրտ, պարզ ու հյուրընկալ: Մերոնք շատ ավանդապաշտ են, առաքինի ու պատվախնդիր: Հաթերքցիների մասին թևավոր խոսքեր շատ կան, օրինակ` ասում են. «Ամեն գյուղից մի պել (չարաճճի, խենթ) բերեք, Հաթերքից` որը պատահի», կամ ասում են. «Թուխպ հետ տվող հաթերքցի», այս ասույթները բնութագրում են հաթերքցու խիզախությունը, խենթությունը` ամենադրական իմաստով, հաստատակամությունը: Պատերազմի ժամանակ հաթերքցին բացահայտեց իր ողջ էությունը` անհավանական քաջությունը, հայրենասիրությունը: Սեփական աչքով եմ տեսել, թե ինչպես են հաթերքցիները զինված օմոնականներին արգելելում գյուղ մտնել, ինչպես են զինաթափում թվաքանակով անհամեմատ մեծ խորհրդային զորքին: - Ի՞նչ հիշողություններ ունեք Ձեր հայրական ընտանիքից, ինչպիսի՞ն էիք Դուք մանկության տարիներին: - Մեր գերդաստանը մեծ է, մեր ազգը յոթ ազգանուն ունի` յոթ եղբայրների անունով: Հայրս և մայրս բնիկ արցախցիներ են, երկուսն էլ` մանկավարժ: Մենք վեց երեխա էինք, ես նախավերջինն էի: Հայրս շատ խիստ մարդ էր, ազդեցիկ, ոչ ինձ, ոչ էլ երեխաներից որևէ մեկին մատով կպած չկար, բայց ես միշտ էլ վախենում էի հայրիկից, ավելի շատ մտերիմ էի մորս հետ: Մայրս հայ կնոջ տիպիկ կերպար էր` մեղմ, հնազանդ, աշխատասեր, նվիրված: Ես համեստ, ամաչկոտ երեխա էի, միևնույն ժամանակ աշխույժ էի, աշխատասեր, զգացմունքային: Զենք էի սիրում, սիրում էի որս անել: Հրացանը վերցնում, թաքուն գնում էի որսի: Հաթերքում աճում են ամենամեծ ծառերը: Հաթերքում ամենախիտ ու ամենահարուստ անտառներն են: Չնայած ամաչկոտ բնավորությանս` ես կազմակերպչական հակումներ ունեի, կարողանում էի ընկերներիս իմ շուրջ համախմբել, առաջնորդել: Միշտ խուսափում էի կոնֆլիկտներից, խաղաղասեր էի, հանդուրժող: - Ծառայե՞լ եք խորհրդային բանակում: - Ես գերազանցիկ զինվոր եմ եղել: Ծառայության ողջ ընթացքում ոչ մի տույժ չեմ ունեցել: Ես միշտ էլ սիրել եմ զինվորական գործը: Դեռևս դպրոցում զինվորական դառնալու մտադրություն ունեի, սակայն մայրս չհամաձայնեց: Բանակում այդ ցանկությունն ավելի խորացավ: Ֆիզիկապես շատ ուժեղ էի, և դա ինձ շատ դուր էր գալիս, ջանում էի հաղթահարել ցանկացած դժվարություն, բարձունք, որ հասանելի չէր մյուսներին: Ես ուժերս փորձել եմ տարբեր մարզաձևերում և միշտ էլ հաջողություն եմ ունեցել: Զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվեցի պոլիտեխնիկ ինստիտուտ, և սկսվեց իմ կյանքի թերևս ամենագեղեցիկ ու ուրախ շրջանը. զանազան խնջույքներ էի կազմակերպում, դիսկոտեկներ, երեկոներ: Ընդհանրապես ես շատ կենսասեր եմ, կենսուրախ: Ինձ շատ են օգնում ամուր կամքս և բնածին տոկունությունս: Երբ բանակ էի գնում, ընկերս ասաց, որ անհնար է բանակում չծխել, ու մենք գրազ եկանք: Ես ոչ միայն բանակում չծխեցի, այլ մինչ օրս չեմ ծխում, չեմ խմում: Մի անգամ ինձ փորձեցին ծաղրել, թե չեմ խմում, քանի որ թույլ եմ, խմել չգիտեմ: Այդ օրը ես խմեցի բոլորից շատ, մեծ բաժակով, «պրոֆեսիոնալ» խմողները հարբեցին, ես` ոչ: Ուսանող ժամանակ ցերեկը սովորում էի, գիշերն աշխատում, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեի, սակայն ոչ ոք չէր զգում, որ ես ծանրաբեռնված եմ, բոլորից աշխույժ էի, լի` եռանդով, երազանքներով: - Գուցե սիրահարվա՞ծ էիք... - Ինձ համար սիրո և սիրահարվածության միջև էական տարբերություն կա: Այո, ուսանող ժամանակ սիրահարված եղել եմ: 86-ին պոլիտեխնիկ ինստիտուտի շինարարական ջոկատի կազմում մեկնեցի Ռուսաստան: Աշխատանքն ինձ դուր եկավ, ու որոշեցի շարունակել ուսումս հեռակա բաժնում, որպեսզի կարողանամ մնալ Ռուսաստանում և աշխատել: Հեռավորությունն ու ժամանակը բաժանեցին ինձ և ընկերուհուս, սերը մարեց: Ապագա կնոջս հանդիպեցի Ռուսաստանից Հաթերք վերադառնալիս մեր գյուղի ավտոբուսում: Առաջին հայացքից դուր եկավ ինձ: Մեր գյուղի աղջիկ էր, ծնողներս շատ լավ կարծիքի էին նրա մասին: Այդպես ամուսնացանք: Ասեմ, որ շատ ներդաշնակ, խաղաղ ու համերաշխ ընտանիք ենք կազմել: - Դուք Արցախյան պատերազմի մասնակից եք, 89-ին ստեղծել եք ջոկատ, կռվել եք թեժ կետերում, վիրավորվել եք: Ո՞րն էր Ձեզ համար ամենահիշվող, ամենատպավորիչ ճակատամարտը: - Թերևս առանձնացնեմ Հաթերքի ազատագրումը: 54 հոգով մտանք գյուղ, որտեղ ամրացել էին 350 զինված թուրք, այսինքն թուրքական ուժերը յոթնապատիկ գերազանցում էին հայկականին, թուրքերը թողեցին գյուղը` տալով 52 զոհ, 6 գերի: Մենք մեկ զոհ ունեցանք: - Ո՞րն էր արցախյան հաղթանակի գրավականը: - Մենք կռվում էինք մեր հողի վրա, մեր հողի համար: Այս հանգամանքը մեզ անհամեմատ ուժեղ էր դարձնում: - Խաղաղ բանակաշինության տարիներին պաշտպանության համակարգի ո՞ր ստորաբաժանումներում եք ծառայել: - Եղել եմ զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատար, 2001 թ. գործուղվել եմ Մոսկվա և ծառայել ԱՊՀ շտաբում, որպես ավագ սպա, 2006-ին նշանակվել եմ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանվա ծության վարչության պետ: - Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ է լուծում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վարչությունը, որո՞նք են այսօրվա հրատապ հարցերը: - Զինադադարից անցել է մոտ 13 տարի, սակայն զոհվածների ընտանիքները, երեխաները ունեն բազում խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Դեռևս լիովին ուսումնասիրված չէ այդ խավի սոցիալական պատկերը: Կան մարզեր, գյուղեր, որտեղ ազատամարտի մասնակիցները լուրջ սոցիալական խնդիրներ ունեն: Հատկապես հեռավոր սահմանամերձ շրջանների գյուղերի բնակիչները չեն կարող հասնել Երևան և ներկայացնել իրենց հուզող հարցերը: Այդ պատճառով էլ մենք կազմակերպեցինք շրջայց, որպեսզի տեղում ծանոթանանք առկա խնդիրներին և գտնենք լուծման ուղիներ: Եղանք մի շարք մարզերում, հանդիպեցինք ազատամարտի մասնակիցներին, նրանց ընտանիքներին: Պատրաստակամ ենք մեծ ակտիվությամբ ձեռնամուխ լինել պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրների լուծմանը, համոզված եմ, որ կան համապատասխան միջոցներ, հնարավորություններ, մնում է համախմբել ողջ ներուժը և աշխատել նվիրումով: Արդեն բնակարանով ապահովել ենք զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքներին և առաջին կարգի հաշմանդամներին: 2007-ի ընթացքում լուծելու ենք երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրները: Կարծում եմ, որ պատերազմի մասնակիցների խնդիրները պետք է հուզեն բոլորին: Ե°վ տեղական ինքնակառավարման մարմինները, և° պետական մյուս կառույցները պետք է բարյացակամ լինեն պատերազմով անցած մարդկանց հանդեպ: Այդ խավը պիտի հարգված, մեծարված լինի հասարակության մեջ և ապահով ապրի:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ