...Նախընտրական բույրով լցվի հոգիդ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից չանցած մեկ շաբաթ, կուսակցության առաջնորդը խորհրդարանական որոշ լրագրողուհիների թանկարժեք օծանելիքներ նվիրեց: Եվ քանի որ ինքը սովորություն չունի անձամբ ԱԺ այցելել, նվիրատվությունն էլ այլոց միջոցով կատարեց: Միգուցե պատգամավորն այդ կերպ փորձում էր վարձահատույց լինել նրանց` կուսակցությանը մատուցած ինչ-ինչ ծառայությունների համար: Կամ էլ նվերի քողի տակ նախընտրական դաշն էր ուզում կռել: Իսկ ինչո՞ւ ոչ: Մի՞թե չի կարելի առատաձեռն լինել, հատկապես երբ «միասին բարգավաճ երկիր կառուցելու» հեռանկարն այնքան գայթակղիչ է և իր համար` խիստ հավատընծա: *** Ո՞վ գիտե, գուցե նաև նախամարտիությա նվե՞ր էր դա, այն էլ` տղամարդկանց երբեմնի տոնի նախօրյակին: Չի բացառվում: Նախ բազմազբաղ գործարար-քաղգործիչը կարող էր ժամանակ չգտնել` հենց մարտի 8-ին շնորհավորել իր համակրանքի շահառուհիներին, կամ էլ նախընտրական խառնաշփոթը գուցե խանգարեր ճիշտ ընկալել: Բոլոր դեպքերում խորհրդարանական լրագրողուհիները ճիշտ եզրահանգման եկան. իրենք նաև պետք է բուրեն` խորհրդարանական գարնանն ընդառաջ: Մեր պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր պետք է միայն դեմ քվեարկեն և կապ չունի, թե ինչին են դեմ քվեարկում: Վերջերս միջազգային մի կոնվենցիա էր քննարկվում` կապված օզոնային շերտի պահպանման հետ և պատկերացրեք, որ դեմ են քվեարկում: Նրանք համաձայն չեն օզոնի շերտի պահպանմանը: Եթե մարդը կարող է դեմ արտահայտվել համամարդկային խնդիրներին, բնական է, որ դեմ կարտահայտվի ազգային հարցերին էլ, նկատի ունենալով երկքաղաքացիության օրենքին դեմ քվեարկողներին, ասել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության նախագահ Հրայր Կարապետյանը, պնդելով. - Կարելի է ասել, մեր ժողովրդի հարյուր տոկոսն ուզում էր, որ այս օրենքը ընդունվի: Պատմում են, իբր մի ծերունի բժշկին բողոքում է, թե ինքը վաղուց սպառել է ունեցած «վառոդի» պաշարը, այնինչ հարևան Համոն, որ նաև իր տարեկիցն է, ասում է, թե ինքը սիրախաղ է անում իր պառավի հետ գրեթե ամեն օր: Բժիշկը պատասխանում է. - Դե, դու էլ ասա: