«Այսօր հայկական բանակի մարտունակության մասին խոսելն անհեթեթություն է»


 

Չէ˜, սա թուրք-ադրբեջանական հերթական զառանցանքը չէ: Հայ մարդու` ոչ անհայտ Ժիրայր Սեֆիլյանի մտավարժանքն է, որը հայկական լրատվամիջոցներից քաղել է Vesti.Ζz-ը և որպես աղանդեր մատուցել մեր բոլոր չարակամներին` հենց Հայոց Բանակի հոբելյանի օրը:

Այս «տրտունջի» հեղինակը ներկայացվել է որպես «հայ անջատողականների կողմից մարտնչող նախկին գրոհային, իսկ հիմա ընդդիմադիր»:

- Այն հույսերը, որոնք արցախյան պատերազմի տարիներին ես կապում էի զինված ուժերի հետ` չարդարացան: …Բանակը պետք է ծառայեր արտաքին և ներքին քաղաքականությանը: Հիմա այն գործիք է դարձել մեր իշխանությունների ձեռքում: Դրա օրինակ է ծառայում այն փաստը, որ նրան ներքաշեցին` ներքին անկարգությունները ճնշելու: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ բանակը հանդիսանում է հասարակության հայելին: Մենք կարող էինք ձևավորել այնպիսի բանակ, որը միայն դրական ազդեցություն ունենար հասարակութ յան վրա…

Ճիշտ էլ նկատում է հուսահատ «նախկին գրոհայինը». բանակը պետք է ծառայի ներքին ու արտաքին քաղաքականությանը: Լա˜վ էլ ծառայում է: Եթե նույնիսկ «հայ անջատողականների կողմից մարտնչողն» (դարձյալ` նախկին) է արտաբերում «ներքին անկարգություններ» բառակապակցությունը, հապա ի՞նչ է, պետք է նպաստեի՞ն դրանց ծավալմանը: Կամ ինչու է այս «նախկինին» թվում, թե բանակը հասարակության հայելին չէ. մի՞թե մեր` հասարակության անդամների զավակները չէ, որ ծառայում են, քաղաքացիական կյանքում յուրացրած պահվածքով երբեմն խաթարում զինվորական առօրյան…

Գուցե Ժ. Սեֆիլյանն այլմոլորակայիննե՞ր է հայտնաբերել ՀՀ զինված ուժերում:

Բայց ինչ էլ ասենք` անկեղծ մարդ է «նախկին» գրոհայինն» ու ներկա ընդդիմադիրը: Սեփական փնովանքի վերջում տեղը-տեղին պարզաբանում է իր հիասթափության պատճառը.

- Եթե բանակում բարձր պաշտոններ զբաղեցնեին հերոսները, այլ ոչ թե իշխանության մեջ բազկաթոռ զբաղեցնել ձգտողները` մենք ոչ միայն ուրիշ բանակ կունենայինք, այլ բոլորովին ուրիշ հասարակություն կունենայինք:

Եթե «հերոսներ» ասելով միայն իրեն, ավելի ճիշտ` իր անպաշտոնությունը նկատի չունի` դա դեռ ոչինչ: Բայց որ հերոսները կարող են «բոլորովին ուրիշ հասարակություն» ստեղծել միայն բանակում բարձր պաշտոններ զբաղեցնելու դեպքում… Թույլ տվեք քմծիծաղել: Ո´չ մի հերոս մեզանում չի անտեսվել: Մինչդեռ այսօրինակ հայտարարությունները, մանավանդ հիրավի համաժողովրդական տոնի վերածված` Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի նախօրյակին, այլ կերպ չես որակի, քան` մաղձ:

Այնուամենայնիվ, ադրբեջանական լրատվամիջոցը բարեխղճորեն մեջբերել է նաև Ժ. Սեֆիլյանի մեկ այլ ձևակերպում ևս, որն արդարամտության պոռթկում կարելի է համարել.

- Մենք պետք է տարանջատենք սևը սպիտակից: Քննադատություն կա, որն արվում է վարկաբեկելու համար, և քննադատություն կա, որը հանուն բանակի բարելավման է:

Սեֆիլյանի ա´յս քննադատությունը հաստատ` հանուն բանակի չէ: Թեկուզ այն պատճառով, որ դուրալի է թշնամու քիմքին: