ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԾՆՎՈՒՄ ԿԻՆ ՉԵՐՉԻԼ


 

Հարցը գուցե ծիծաղելի, անգամ` անհեթեթ թվա, որովհետև Չերչիլը մեկն էր, տղամարդ էր, քսաներորդ դարի մեծագույն անհատականություններից էր: Բայց հարցը շատ ավելի խորն է և բխում է քաղաքական այն իրավիճակից, որն այս պահին ամենաարդիականն է համարվում: Եվ այդ իրավիճակում, ցավոք, հայտնվում են մարդիկ, ում պակասում են չերչիլյան շրջահայացությունն ու խոհեմությունը, քաղաքական կոռեկտությունն ու դիվանագիտական լրջությունը:

Ֆրանսիայի Սենատում ընդունված որոշումը, որը շուտով կստորագրվի նախագահ Սարկոզիի կողմից և կդառնա օրենք, միայն հայկական օրինագիծ չէ և չի պարփակվում միայն հայերի ցեղասպանությունը ժխտելու խնդրով: Այդ որոշումը դառնում է պատմական և արժեքավոր, որովհետև Ֆրանսիան ելավ մարդկության դեմ գործվող հանցագործություններից մեկի դեմ, Ֆրանսիան քաջություն և խիզախություն ունեցավ նայելու ճշմարտության աչքերին: Ցավոք, օվկիանոսից այն կողմ ապրող և աշխարհին դասեր տվող տիկին Քլինթոնը, ով «ոստիկան-պետության» պետքարտուղարն է (պաշտոն, որը միավորում է վարչապետի և արտգործնախարարի գործառույթները), անցել է քաղաքական և դիվանագիտական սեթևեթանքներին` ըստ էության կասկածի տակ դնելով Ցեղասպանության փաստը:

Այո´, կասկածի տակ դնելով, որովհետև եթե տիկին Քլինթոնն էլ մի շարք թուրք և ֆրանսիացի գործիչների նման առաջարկում է խնդիրը թողնել պատմաբաններին, նշանակում է` նա որևէ ցանկություն չունի հրապարակավ ընդունելու Ցեղասպանության իրողությունը: Գուցե և` մոռանալով, որ Երևանում այցելել է Ցեղասպանության զոհերի հուշարձան... Տիկին Քլինթոնին մեղադրանքներ ներկայացնելու ցանկություն չունենք, որովհետև նա ներկայացնում է մի ողջ պետության դիրքորոշում` շաղախված թրքասիրությամբ և թրքահաճությամբ: Զարմանալի է, անշուշտ, որ վերջին շրջանում, մանավանդ Սենատի որոշումից հետո, պաշտոնական Վաշինգտոնը սիրախաղեր է սկսել Անկարայի հետ, իսկ նախագահ Օբաման ցուցադրաբար Էրդողանին համարել է իր լավագույն բարեկամը, վստահելի գործընկերը: Հասկանալի է, որ այստեղ առկա են մի շարք «ստորջրյա հոսանքներ», որոնց մասին, բնականաբար, բարձրաձայն չեն խոսում: Իսկ այդ «հոսանքները» պայմանավորված են իրանյան և սիրիական խնդիրներով: Ավելին, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշումն այսօր դամոկլյան սրի նման կարող է կախվել նաև հենց ԱՄՆ-ի գլխին, քանի որ վերջին տասնամյակում, պատճառ ունենալով ահաբեկչության դեմ պայքարը, Միացյալ Նահանգները գրեթե ցեղասպանություն իրականացրեց Աֆղանստանում և Իրաքում` սպանելով հազարավոր անմեղ մարդկանց, սերմանելով ազգամիջյան և միջկրոնական խժդժություններ, ավերելով այդ երկրների տնտեսությունը: Այսօր նման նպատակադրումներով ԱՄՆ-ը շարժվում է դեպի Իրան և Սիրիա` հատկապես Սիրիայում արդեն ձևավորելով կիսապատերազմական վիճակ... Ուրեմն, միանգամայն հասկանալի է, թե ինչու է տիկին Քլինթոնը հայտարարություններ անում, առաջարկում տեղափոխվել պատմական ուսումնասիրութ յունների դաշտ:

Հասկանալի է նաև, որ Միացյալ Նահանգները որոշակի հակամարտություններ է ձևավորում Եվրոպայի հետ` ամեն գնով կամենալով Թուրքիային դարձնել Եվրամիության անդամ: Որքան էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան գործընկերներ են, այնուհանդերձ Թուրքիայի հարցում թե´ Ֆրանսիան, թե´ Գերմանիան ունեն ժխտողական վերաբերմունք, ինչը խառնշտում է Վաշինգտոնի հաշիվները: Թուրքիան բոլոր հանգամանքներում մնալու է ԱՄՆ-ից կախված` որպես նրա յուրատեսակ վասալը, իսկ նման վասալին տեղավորելով Եվրամիության մեջ` ԱՄՆ-ը կկարողանա վերահսկողություն սահմանել եվրոպական տերությունների նկատմամբ, որոնք շատ հաճախ դիմում են ինքնուրույն քայլերի` երբեք իրենց շահերը չստորադասելով ամերիկյան շահերին: Հենց սա էլ որոշակի նյարդայնացման է տանում Վաշինգտոնին, որի առաջին արձագանքներից մեկն էլ Հիլարի Քլինթոնի հայտարարությունն էր: Այն վկայեց, որ գործ ունենք ոչ թե չերչիլյան խոհեմության գործչի, այլ մի պաշտոնյայի հետ, ով պատրաստ է կորցնել հավասարակշռությունը, անգամ ընթանալ դեպի պատմության ժխտումը...

Թուրքիան երաշխիքներ է տվել ԱՄՆ-ին, որ ամեն կերպ կաջակցի` Սիրիայում ճգնաժամային վիճակ ստեղծելու և Բաշար Ալ Ասադի պաշտոնանկությանը հասնելու համար: Եվ արդեն թուրքական զորքերը կանգնած են Սիրիայի սահմանի մոտ, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնից հնչած առաջին իսկ հրամանի դեպքում Թուրքիան կարող է սիրիական հողում ռազմական գործողություններ սկսել: Համաձայն լինելով Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան այնուհանդերձ դեմ են ռազմական գործողությունների ծավալումին, մինչդեռ Թուրքիան, կամենալով տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունները` պատրաստ է դիմել ցանկացած քայլի: Հենց սա էլ ոգևորում է ԱՄՆ-ին, որը կարող է անգամ Թուրքիային մղել ռազմական արկածախնդրության` նրան հանելով Իրանի դեմ: Սակայն Իրանի հարցում, ինչպես տեսանք, ամերիկյան դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացավ, որովհետև այստեղ հասկացան, որ ցանկացած ռազմական գործողություն կարող է հանգեցնել երրորդ աշխարհամարտի սկսելուն...

Թե ինչ զարգացումներ կլինեն Սիրիայում և ինչպես կձևավորվեն Իրան-աշխարհ հարաբերությունները` կիմանանք առաջիկայում, սակայն մեր մտահոգությունն այլ է. չի կարելի հանուն քաղաքական շահատակությունների և սիրաշահումների` ելնել պատմության դեմ: Չերչիլը դա չէր անի: Երևի այդ է պատճառը, որ աշխարհը դեռ կին Չերչիլ չի ծնել...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ