ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱ՞ՄԲ


 

Տիգրան Կարապետիչը, մանրամասն ծանոթանալով Երևանի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին, եզրակացրել է, թե ինքը որտեղ էլ առաջադրվի` ոչ միայն հաջողության հասնելու հույս չի կարող ունենալ, այլ չափազանց փոքր թվով քվեներ կստանա: Այսուհանդերձ, Ժողովրդական կուսակցության ղեկավարը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգնել ոչ միայն հարազատ կուսակցությունով, այլ անհատապես առաջադրվելու իր նախնական որոշումից: Ու տրամադրություններ շոշափելու նպատակով հիմա էլ հայտարարել է, թե Արարատի մարզում է նախատեսում առաջադրվել:

Ընտրատարածքի ընտրությունն, ըստ էության, պատահաբար է կատարվել, և տվյալ դեպքում հաշվի է առնվել այս վայրի մայրաքաղաքին մոտ լինելը ու նաև հանգամանքը, որ ԱԼՄ-ի գոյության տարիներին հատկապես այս մարզում բնակվող այլազգիները բազմիցս են հյուրընկալվել նրա հեռուստաընկերությունում և ջերմ հարաբերություններ ունեն փակված ալիքի ղեկավարի հետ:

Տիգրան Կարապետիչն, իհարկե, շատ է նեղսրտել` պարզելով, որ Արտաշատի տարածաշրջանում ԱԺ նախկին նախագահի եղբայրն է պատրաստվում առաջադրվել: Եվ չնայած Կարապետիչը դեռևս չի շտապում այս ընտրատարածքից մեծամասնականով առաջադրվելու մտադրության մասին բարձրաձայնել, սակայն հավանական է, որ առաջիկայում նա հենց այս տարբերակի վրա վերջնականապես կենտրոնանա: