ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


 

Թեև ծխախոտ ներկրող և արտադրող ընկերությունները, ակցիզային դրոշմանիշների թանկացման փաստը մատնացույց անելով, հենց հունվարի 1-ից թանկացրին ողջ տեսականին, բայց ներկայումս վաճառակետերում առկա ծխախոտի գրեթե բոլոր տեսակներին դեռևս նախորդ տարվա թվագրմամբ «թղթերն» են փակցված:

Երևանի մի շարք խանութներում անցկացված մեր հարցումներին պատասխանելով` վաճառողները խոստովանեցին, որ իրենք գրեթե ամեն օր են ապրանք ստանում, և ցուցափեղկերում ներկայացվածը բնավ էլ նախորդ տարվանից չի մնացել: Իսկ խանութատերերի ենթադրությամբ` մատակարարները դեռևս նախորդ տարվանից պահեստավորված ծխախոտի տեսականին են առաքում: Թեև ծխախոտային ընկերությունները 2011-ից մնացած ապրանքի ծավալների մասին տեղեկություններ չեն հրապարակում, բայց կարելի է ենթադրել, որ որոշ ժամանակ նրանց կհաջողվի նախորդ տարվա էժան ակցիզային դրոշմանիշների հաշվին ավելի մեծ շահույթներ ստանալ: