Ուռճացումներից ու կեղծիքից հեռու


 

Մինչ օրս հասարակության աչքից գրեթե աննկատ ապրած ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն ասես մեկեն դուրս է եկել «ընդհատակից»: Աննկատ` ոչ թե իր գոյությամբ, այլ հսկայածավալ այն աշխատանքներով, որոնց սկզբնական արդյունքները կառույցի կարևորության լավագույն փաստարկներն են:

Վարչության պետ` գնդապետ Ռոման Մկրտումյանի «ժլատ» խոսքերից կարելի էր հասկանալ, որ հրապարակված ցուցանիշները դեռ սահման չեն իրենց համար: Իսկ նրա 1-ին տեղակալ, գնդապետ Վարդան Մինասյանի նշած որոշ փաստեր (որոնք պարզապես աղաղակող են) ասես ընկալելի են դարձնում, թե ինչու Հանրապետությունում սեփականության տարբեր ձևերի պահպանությունն իրականացնող խոշորագույն պետական այս կառույցում մինչև վերջերս նախընտրել են «լռելյայն» աննկատ մնալ: (Ժողովուրդն ասում է, չէ՞, «ուտելուց չեն խոսում»): Դիցուք. ՊՊ գլխ. վարչության ստորաբաժանումների կողմից պահպանվող պետական կառավարման, բանկային ու ֆինանսավարկային համակարգի, հիդրոտեխնիկական ու ջրամատակարարման կառույցների, էներգահամակարգի, պատմամշակութային և այլ հիմնարկ-ձեռնարկությունների, գերատեսչությունների թիվը, պարզվում է 3759 է` նախկինում ներկայացված 4169-ի փոխարեն: Այսինքն` 410 հավելագրում. ասել է թե` ճիշտ այդքան չկատարած աշխատանք` համապատասխան «ծախսերի» «լվացմամբ»: 512-ով էլ ուռճացվել է քաղաքացիներին պատկանող ու իբր պաշտպանվող բնակարանների թիվը:

Այս առնչությամբ հստակ է Վ. Մինասյանի գնահատականը.

- Ցուցանիշների արհեստական ուռճացմամբ, ինքնախաբեությամբ զբաղվելու նախկին պրակտիկայի փոխարեն որոշվել է տեխնիկական միջոցների ներդրմամբ, բարձրորակ և արդյունավետ ծառայության կազմակերպմամբ քաղաքացիների համար գրավիչ և մատչելի դարձնել բնակարանների պահպանությունը:

Ու այդ որոշման արդյունքում արդեն իսկ հաշվառումից հանվել են զուտ փաստաթղթային ձևակերպմամբ` ձևականորեն «պահպանվող» 490 բնակարաններ:

Մեկ այլ արտառոցություն ևս «վրիպել» էր նախկին «պահապանների» աչքից: ՀՀ ամբողջ տարածքում ֆիքսված կապի ծառայություն մատուցող միակ օպերատոր «ԱրմենՏել»-ն ընդգրկված չէ Կառավարության հաստատած` պահպանության անհրաժեշտություն ունեցող կառույցների ցանկում: Մինչդեռ ոչ թե մասնագիտական գիտելիքներ, այլ տարրական տրամաբանություն է պետք` գիտակցելու ու պատկերացնելու համար դրա ռազմավարական կարևորությունը: ՊՊ գլխ. վարչությունում լավագույնս տեղյակ են մայրաքաղաքից տարբեր ուղղություններով տարածվող ստորգետնյա օպտիկական-մանրաթելային գծերից, տեխսարքավորումներից: Նաև պատկերացնում են, որ թշնամական դիվերսիոն գործողութ յունների հետևանքով Երևանը սահմանամերձ բնակավայրերին կապող բաշխիչ հեռախոսակայանների խափանման հետևանքները որքան տխուր և անուղղելի կարող են լինել: Մասնավոր պահնորդական ընկերությունների կողմից պահպանվող հեռախոսակայաններն, այո´, ամեն պահի կարող են խոցելի թիրախներ դառնալ պատերազմի վտանգը չհաղթահարած մեր երկրի համար: 2011-ի դեկտեմբերին «ԱրմենՏել»-ի, ինչպես և «Օրանժի» ու «ՎիվաՍելի» ղեկավարություններին ուղարկված գործնական առաջարկն առ այսօր անպատասխան է մնացել: Օպերատորներին չի՞ հուզում իրենց ձեռնարկատիրության ապահովվածությունը, թե՞ գիտակցական հասունացման խնդիր կա…

Ի դեպ` այդպիսի խնդիր ունեն նաև բանկերը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, որոնք ևս հապաղում են, չնայած իրենց իսկ պատուհասած դժբախտ դեպքերին: «Հայփոստի» «Արաբկիր» մասնաճյուղից վերջին կողոպուտը նույնիսկ նրանց չի սթափեցնում:

Վերջին ամիսներին վարչության պահպանությանը հանձնված օբյեկտներից հնչած ահազանգերին ավելի արագ են արձագանքում. սա այդ օբյեկտներից մի քանիսում մեր լսած կարծիքն է:

Իսկ վարչությունում համոզված են, տեխնիկական որոշակի վերազինումից հետո իրենք ավելին անելու հնարավորություն ու պարտավորվածություն ունեն:

Կանխարգելիչ և դեպքի վայրերի զննության ակտիվ աշխատանքների արդյունքում վերջին 2 ամսվա ընթացքում վարչության մասնագետները կատարել են 335 մեկնում: Իսկ ծառայողական շների օգտագործմամբ բացահայտումները դրվագներով կազմել են 45 հանցագործություն (սպանություն, ավազակային հարձակման, գողության…): Հայտնաբերվել են 20435 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 9 ինքնաձիգ, 12 ատրճանակ, 3 ականանետ, 37 նռնակ, 237.1 գ թմրանյութ… Ասել է թե` կանխվել է մի քանի տասնյակ հանցագործություն:

Ինչպես ողջ համակարգում, այս կառույցում ևս գերակա է ինքանաառողջացման խնդիրը: Գլխավոր վարչության պետը համոզված է, որ թերին ու բացասականը կոծկելով` իր նախանշած առաջընթացը սոսկ վարդագույն երազ ու բարի ցանկություն կմնա: Եվ չի երկմտում բարձրաձայնել, որ`

- Դեռևս արձանագրվում են ցավալի փաստեր` նույնիսկ որոշ ստորաբաժանումների պետերի կողմից, ովքեր գործառույթային իրենց պարտականությունների մեջ թերանալով` հարուցել են ծառայողների արդարացի դժգոհությունը:

Ոչ միայն որպես ղեկավար, այլ նաև որպես քաղաքացի` գնդապետ Ռ. Մկրտումյանը չի կարող հանդուրժել, որ դիցուք Մասիսի պահպանության բաժնի պետը (գնդապետ Ս. Հարությունյան) ժամանակին չհավաքագրելով պահպանության դիմաց վարձավճարները` անձնակազմին չի վճարել 2011-ի դեկտեմբերի աշխատավճարները:

- Այն էլ` Ամանորի նախաշեմին, - ընդգծում է ՊՊ գլխ. վարչության պետը:

Իսկ Չարենցավանի պահպանության բաժնի պետը (փոխգնդապետ Լ. Հունանյան) չի վճարել առանձին ծառայողների արձակուրդային գումարներն ու գործուղման ճանապարհածախսերը:

- Վերջին փաստով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով Ներքին անվտանգության վարչությունում անցկացվում է ծառայողական քննություն,- հավելում է Ռ. Մկրտում յանը:

Իրենց կառույցին և Ոստիկանությանն ընդհանրապես` նա անհարիր է համարում ՊՊԳ վարչության այնպիսի ծառայողների (թեկուզ և` նախկին) առկայությունը, որոնց նկատմամբ դատավճիռներ են կայացվել: Օրինակ` 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Նոր Նորքի պահպանության բաժնի նախկին պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը, 6 ամսվա ազատազրկման` Մալաթիայի բաժնի ոստիկան Արթուր Հովհաննիսյանը: Ոստիկանապետ Վազգեն Բաբիկյանը (Նոր Նորք), Հայկ Սարգսյանը (ԿՕՊ գունդ) և Միքայել Եղիազարյանը (Ստեփանավան) ազատազրկվել են համապատասխանաբար 2, 4 և 3 տարով: Իսկ Արարատի պահպանության բաժանմունքի նախկին պետը` փոխգնդապետ Ռազմիկ Արթենյանը, մեղադրվում է «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հոդվածով (դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է):

Բարեբախտաբար` լավատեսություն ներշնչող իրողություններն ու բարեխիղճ ծառայողներն ավելի շատ են: Ու վարչությունում որքան անհաշտ են կարգազանցների նկատմամբ, նույնքան գնահատող են չթերացողների հանդեպ: Հենց այդ գնահատանքի արդյունքում էլ ՊՊԳ վարչության պետի հրամանով ամենատարբեր պարգևների ու խրախուսանքների են արժանացել առանձին բաժիններ, բաժանմունքներ, ստորաբաժանումներ ու ջոկատներ: Եվ, իհարկե` Հանրապետության բոլոր այդ կառույցներում իրենց պատասխանատվութ յամբ աչքի ընկած անհատ աշխատակիցներ:

Մի խոսքով` Գլխավոր վարչությունը վերագտնում է իրական դեմքը` իր կոչմանը համարժեք և վստահված գործը լիարժեքորեն կատարելու պատվախնդրությամբ:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ