ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ


 

Մեր բանակի ծննդյան պահից սկիզբ է առնում հերոսապատումը…

Շրջափակում, ադրբեջանցիների հրահրած ահեղ պատերազմ, դժվարին, ծանր պայմաններ… Եվ դիմագրավելով հակառակորդի ոտնձգությունները` միաժամանակ կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծվում են կանոնավոր վաշտեր: Պատերազմի թոհուբոհում մեր բանակի ծնունդը հիրավի փառահեղ, գրեթե անհնարին թվացող հաղթանակ էր: 20 տարի առաջ իրագործվեց Մոնթեի, Լեոնիդի, Դուշման Վարդանի, իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսների և համայն հայության նվիրական իղձը` ստեղծվեց ազգային բանակ: Ամենաահեղ զենքը դարձավ այն հզոր մարտական ոգին, որ երբեք չես գնի նավթադոլարներով:

Այդ դժվարին պայմաններում ծնված, ապա ժամանակին համընթաց զարգացած ու կատարելագործված Զինված ուժերը չէր կարող այսօր կայացած ու հզոր չլինել: Իսկ այս ճշմարտությունը լավագույնս վերահաստատում են ՀՀ ԶՈւ կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը.

- Հինավուրց հայ ազգին մոռացած աշխարհը մեր բանակի փայլուն, թվում էր, թե անհնարին հաղթանակից հետո էր, որ նորից հարգանքով մեզ նայեց: Բոլորի քննարկման առարկան ժամանակի հերոսն էր` Հայոց բանակը:

Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգաբար փոխանցված և հակառակորդից մեզ անցած սպառազինությամբ: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զինատեսակների սեփական արտադրություն:

Այո´, մեր բանակն այլևս կայացած է, և հիմա արդեն հեշտությամբ են լուծվում բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք առաջ վիթխարի դժվարություն էին ներկայացնում: Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ այսպիսի բանակ ստեղծել, և փառք Աստծո, որ ունեցավ այդ կամքը, ուժն ու իմաստությունը, և փառք Աստծո, որ հայը տեսակով այդպիսին է: Այսօր մեր բանակի հարաճուն զարգացման հիմքում էլ ժողովրդի աշխատանքն է, ժողովրդի ըմբռնումը, ինչի շնորհիվ անձամբ Նախագահը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կարողանում են պետական միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը:

Անխոս, համազգային նման մոտեցման շնորհիվ են բանակում իրականացվող մեծածավալ աշխատանքները, այն, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները համալրվում են նորագույն ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, պաշտպանական գոտիներում ու տեղամասերում կատարելագործվում են ամրաշինական կառույցները, տարեցտարի բարելավվում են զինծառայողների ծառայության, կենցաղի, հանգստի և ժամանցի պայմանները, ուշադրություն է դարձվում զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրների լուծմանը, իրականացվում են աննախադեպ ծավալների կապիտալ և վերանորոգման շինարարական աշխատանքներ:

Այս բոլոր միջոցառումների շնորհիվ օրեցօր ավելանում են մեր մարտական կարողությունները, ավելի է մեծանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և կարողանում ենք համոզված ասել, որ մեր բանակն իրոք մրցունակ է, անընդհատ կատարելագործվող, բարեփոխվող և բռնել է զարգացման ուղին:

Դյուրին չի եղել մեր Զինված ուժերի անցած ճանապարհը, այսօր սակայն հպարտությամբ կարող ենք փաստել, որ ձեռքբերումներն ու առաջընթացի հաստատուն քայլերն այս համակարգում տեսանելի են բոլորին: Այնուամենայնիվ, ո՞րն է 20-ամյա մեր բանակի ամենամեծ ձեռքբերումը: Մեր խնդրանքով հարցի շուրջ կարծիքը, իսկ տոնի կապակցությամբ իրենց բարեմաղթանքները հղեցին հանդիսությանը ներկա զինվորականները:

Գեներալ-լեյտենանտ Միխայիլ ԳՐԻԳՈՐՅԱՆ

- Ունենք մարտունակ, շարունակաբար զարգացող և կատարելագործվող Զինված ուժեր: Դա իսկապես ձեռքբերում է: Հայոց բանակի սպան այսօր ավելի լուրջ է մոտենում իր խնդիրներին, իսկ զինվորը վերադառնում է տուն` իսկական տղամարդ դարձած:

Գեներալ-լեյտենանտ Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

- Ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է: Այսօր ունենք կայացած, մարտունակ Զինված ուժեր: 20 տարիների ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցվել: Փոխվել է նաև զինվորականի նկարագիրը: Իսկ ձեռքբերումների և հաջողությունների ամենավառ ապացույցը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսն էր, որտեղ բոլորս տեսանք մեր բանակի առաջընթացը: Մաղթում եմ խաղաղություն, զինվորներին` անփորձանք ծառայություն:

Գեներալ-մայոր Սամվել ՍԱՖԱՐՅԱՆ

- Արցախյան գոյապայքարում հայ ժողովուրդը հաղթանակի հավատով մարտնչեց: Կամավորական ջոկատների հիման վրա ձևավորվեց բանակը: Ամենամեծ ձեռքբերումն այդ ազատատենչ ոգու, հաղթողի հզոր հոգեբանության փոխանցումն է սերունդներին:

Խաղաղ երկինք եմ մաղթում, հայ սպային ու զինվորին` կրթական մակարդակի բարձրացում: Ռազմական կրթությունը մեզանում արդեն ամուր հիմքերի վրա է, և առաջընթաց ունենք նաև ա´յս ոլորտում: Կցանկանայի, որ ավելի բարելավվեր պատանիների ռազմահայրենասիրական կրթության մակարդակը: Սա մերն է, մեր հայրենիքն ենք պաշտպանում: Մենք երազանք ունենք: Մեր պապերի բաղձանքը պիտի իրականացնենք, հասնենք Կարսի կամրջին:

Գեներալ-մայոր Արսեն ՖԻԴԱՆՅԱՆ

- Ֆրանսիայի նախագահի բռնած դիրքը մեր Հանրապետության նախագահի և լեգենդար Զինված ուժերի պատիվն է նաև: Ունենք հզոր բանակ, հզոր հրամանատարներ: Դա մեծ հպարտություն է ոչ միայն հայաստանցիների, այլև աշխարհասփյուռ հայության համար:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ