«Սերժ Սարգսյանի մասնակցությունն ընտրություններին փրկօղակ է Լևոն Տեր-Պետրոսյանի համար»


 

Հայաստանի քաղաքագետների միությունը վտանգավոր միտումներ է նկատում նախընտրական զարգացումների դրսևորումներում: Ըստ միության նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ընտրությունները պետք է տոն լինեն, քանի որ դրանց ընթացքում է, որ ժողովուրդը հնարավորություն է ունենում անցած մի քանի տարիների համար իշխանություն ներից պատասխանատվություն պահանջել: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, մեզանում նախընտրական գործընթացները նոր բախումներ են սպառնում հանրությանը: Դրանով մտահոգված, Քաղաքագետների միությունը նախաձեռնել է ամեն երկուշաբթի քննարկել նախորդ շաբաթվա ներքաղաքական զարգացումները և հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Այդպիսով կփորձեն ակտիվացնել հասարակությանը, քանի որ ընտրական գործընթացների հանդեպ հասարակական վերահսկողությունն են համարում հնարավոր բախումները կանխելու միջոցը:

Հմայակ Հովհաննիսյանի հետ է նախընտրական ներկա զարգացումների մասին զրույցը:

- Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեիք նախընտրական իրավիճակը: Ի՞նչն է, որ անհանգստանալու առիթ է տալիս Քաղաքագետների միությանը :

- Նախընտրական զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը մեծ մտահոգությունների առիթ է տալիս ընտրությունների անցկացման հնարավոր եղանակներն ու ընտրական հնարավոր գործընթացը` ընդունված քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանության առումով:

Ներկա պայմաններում չափազանց կարևոր է դառնում հանրային վերահսկողությունը: Որովհետև առաջանում է մրցակցության կանոնների պահպանման անկողմնակալ հսկողության վակուում: Իսկ դա կարող է լրացնել միայն հանրային վերահսկողությունը: Հակառակ դեպքում նոր մարտի մեկ ունենալը չի բացառվի: Ընդդիմությունն արդեն հայտարարում է, որ այս ընտրությունները չի դիտում որպես հերթական խորհրդարանական, այլ դիտում է որպես արտահերթ նախագահական ընտրություն, քանի որ դրանց որպես կուսակցական ցուցակի ղեկավար մասնակցելու է Սերժ Սարգսյանը: Այսինքն, դիտում է որպես 2008թ. սկսված` Լևոն Տեր-Պետրոսյան և Սերժ Սարգսյան վեճի շարունակություն, իսկ այդ իրավիճակում այս ընտրություններն արդեն իսկ վտանգվում են: Հասարակությունը չի կարող ցանկանալ, որ խորհրդարանական ընտրությունները վերածվեն սուր առճակատման, որովհետև դա հղի է այն նույն իրավիճակի կրկնությամբ, որն առաջացավ այդ վիճաբանության պատճառով:

Իմ կարծիքով, այս ընտրությունների մեխը պետք է լինի արդյունավետ քաղաքական դաշտի ձևավորումը, որտեղ կգերիշխի ազատ և արդյունավետ մրցակցության տրամադրությունը: Նախագահը պետք է հեռու լինի միջկուսակցական պայքարի դաշտից, պետք է լինի դատավոր-արբիտր:

- Բայց Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում այդ նույնն էր ասում:

- Նա ասում էր, որ այդ միջկուսակցական պայքարի թեժությունը մտադիր է կլանել յուրահատուկ ձևով` ներգրավելով բոլորին: Այդպիսով կրքերը չեն հանդարտվի: Քաղաքական դաշտում ուժային առճակատումները բացառելու համար նա պետք է ստանձնի արդար դատավորի դերակատարություն:

- Դուք կարևորում եք հասարակության վերահսկողությունը: Արդյո՞ք դրան չէր միտված «Ընտրական իրավունք» անվանումով ՀՅԴ նախաձեռնությունը:

- Այո: Բայց Դաշնակցությունը, ինչպես և Սերժ Սարգսյանը ընտրություններում կարևոր սուբյեկտներից մեկն է: Դաշնակցությունը կուսակցություն է: Եվ որպես կուսակցական նախաձեռնություն, հանրային վերահսկողության նախաձեռնությունը չի կարող արդյունավետ լինել: Իսկ մեր կազմակերպությունն անկուսակցական է: Ես գտնում եմ, որ կուսակցութ յուններն ակտիվորեն կարող են մասնակցել հանրային վերահսկողության աշխատանքներին: Բայց ցուցաբերել նախաձեռնություն, նշանակում է ձախողել այդ նախաձեռնությունը և հանրային վերահսկողության հնարավորությունը: Կուսակցությունը հատվածապաշտություն է:

- Այսօր կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից, միավորվել են մեծամասնական ընտրակարգը վերացնելու հարցի շուրջ: Դա ի՞նչ կարող է տալ ընտրություննե րին:

- Մեծամասնական ընտրատարածքը բնակչությամբ մեծ երկրներում կես միլիոն կամ մեկ միլիոն ընտրող ունի: Նույնիսկ խոշոր օլիգարխները չեն կարող կաշառել այդքան շատ թվով ընտրողների: Մեր պայմաններում մեծամասնական ընտրատարածքներն ամենաշատը 50-60 հազար ընտրող ունեն, որից միայն կեսն է իրականում գալիս ընտրության: Այստեղ ընտրությունների արդյունքն ապաքաղաքական մեխանիզմներով կազմակերպելը շատ հեշտ է: Մեծամասնական ընտրակարգն ապաքաղաքական ընտրությունների է հանգեցնում, ընտրվողներն էլ ապաքաղաքական մարդիկ են: «Օրինաց Երկիրը» շատ լավ գիտակցում է, որ ոչ մի շանս չունի համամասնականով հաղթահարելու ընտրությունների 5 տոկոսանոց պատնեշը, ուստի և ՕԵԿ-ի ղեկավարները պաշտպանում են մեծամասնական ընտրակարգը: Ակնկալում են, որ այլ կուսակցությունների հաշվին իրենց մի երեք տեղ կտան: Իսկ ընտրությունների ֆավորիտներն այսօր արդեն պարզ են. ԲՀԿ-ն և Հանրապետականը` ներկա իրողությունները հաշվի առնելով, կկարողանան մեծամասնություն պահպանել քաղաքական դաշտում:

Ասեմ նաև, որ ՀԱԿ-ի համար Սերժ Սարգսյանի առաջադրվելը փրկության օղակ կդառնա: Ընտրություններին վերջինիս մասնակցությունը կարդարացնի Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: Այլապես Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կարող էր վերջնականապես հանգեցնել իր վարկանիշի անկմանը: Որովհետև նրա վարկանիշը լրջորեն տուժեց քաղաքապետի ընտրությունում, երբ նա մրցակցության մեջ հայտնվեց Բեգլարյան Գագիկի հետ, ինչը դարձավ հեգնական արտահայտությունների առիթ: Գալուստ Սահակյանը, եթե հիշում եք, ասաց` մնում է հավակնի «ժեկի» պետի պաշտոնի: Հիմա եթե Սերժ Սարգսյանը չղեկավարի հանրապետականի ցուցակը, Լ. Տեր-Պետրոսյանը ծանր կացության մեջ կհայտնվի:

- ՀԱԿ-ը կարծես մեծ նշանակություն է տալիս Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Դա ինչո՞վ է բացատրվում:

- Եթե Հրազդանում ՀԱԿ-ը չհասնի իր համար դրական արդյունքի, ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին կդառնա խնդրահարույց: ՀԱԿ-ի համար Հրազդանում ընտրություններն ըստ էության, սահմանագիծ է: Եվ ինձ զարմացնում է, թե ինչու նրանք այսօր արդեն անցել են համամասնական ցուցակի քննարկմանը: Մինչդեռ նրանք այսօր պետք է մտածեին Սասուն Միքայելյանին դրական արդյունքի հասցնելու մասին, որովհետև սա հոգեբանական լուրջ գործոն կարող է դառնալ` կամ դրական, կամ բացասական առումով:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ