ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ


 

Ցանկանում էինք վերնագրի մեջ օգտագործել հարցական նշան, սակայն փոխեցինք մեր մտադրությունն ու դիմեցինք հաստատական եղանակին, որովհետև արդեն երկար ժամանակ այս քաղաքում թատրոնը դուրս է մնացել հանրային հետաքրքրությունից և որդեգրել գրեթե ինքնաբավ գոյության ձևը:

Տասնամյակներ շարունակ, գրեթե միֆի նման, շրջանառվել է այն միտքը, թե գյումրեցիները մոլի թատերապաշտ են, թե թատրոն հաճախելը գյումրեցիների կենցաղի բաղկացուցիչ մասն է դարձել: Սա կարող էր ճշմարտություն համարվել անցած դարի 50-60-ական, գուցե նաև այն թվականներին, երբ թատրոնում ծնունդ էին առնում բացառիկ գեղարվեստական արժեքներ` Խորեն Աբրահամյանի, Գրիգոր Մկրտչյանի, Երվանդ Ղազանչյանի բեմադրություններով: Սակայն հետաղետյան տարիներին, դեպի թատրոն տանող ճանապարհը շատ ու շատ գյումրեցիներ հիշում են միայն այն ժամանակ, երբ այս շենքում տեղի են ունենում տարբեր աստղերի համերգներ, ռաբիս երգի փառատոներ ու էլի նման բաներ: Մնացած ողջ ժամանակաշրջանում թատրոնը գրեթե մոռացված` կանգնած է իր նկուն մենության մեջ…

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասաց.

- Այսօր Գյումրու թատրոնում շատ լավ դերասանախումբ կա, տաղանդավոր երիտասարդություն, սեփական նկարագիրն ունեցող միջին սերունդ: Ցավոք, ավագ սերնդի շարքերն են նոսրացել: Մեր թատրոնն ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած թատրոնի` իր գործունեությունը կազմակերպելու և հանդիսատեսի հետ կապն ամրապնդելու համար: Սակայն զարմանալի է, որ մենք ցանկացած բեմադրություն կարողանում ենք ներկայացնել ընդամենը երկու-երեք անգամ… Մարդիկ այլ հետաքրքրություն ունեն, այլ ձգտումներ…:

Տնօրեն Գևորգ Խաչատրյանն էլ բավական լավատեսական մեկնաբանություն է ներկայացնում.

- Էնպիսի թատրոն չկա, որ հանդիսատեսի պակաս չունենա: Դա խնդիր է, որը տարիներ շարունակ եղել է, բայց, համենայնդեպս, չի կարելի բողոքել, թե հանդիսատեսի պակաս կա: Էնպես որ, գոհ ու շնորհակալ ենք մեր գյումրեցի հանդիսատեսից:

Այս բացատրությունը և հուշումը, թե 648 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում միշտ 200-400 հանդիսատես է լինում` ոգեշնչող չէ, որովհետև երեկոյան ներկայացում ներ այստեղ լինում են ամսական 4-5 անգամ, թատրոնն առավելապես կենտրոնացած է դպրոցականների համար ներկայացումներին, որոնք էլ ապահովում են հանդիսատեսային որոշակի քանակ: Այս աշխատաձևը այսօր հիմնորոշ է դարձել ոչ միայն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, այլև մայրաքաղաքից դուրս գործող բոլոր թատրոնների համար, որոնք ստիպված են վերափոխվելու պատանի հանդիսատեսի թատրոնների… Գյումրու դեպքում խնդիրն առավել մտահոգող է, որովհետև փառավոր ավանդույթների տեր թատրոնը, որը գործում է հանրապետության երկրորդ քաղաքում, մեծ ջանքեր է գործադրում, ամիսներ շարունակ աշխատում նոր բեմադրությունների վրա, որոնք, պարզվում է, հետաքրքրում են միայն 1000-1500 հոգու… Հարյուր հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի համար այս ցուցանիշը պարզապես խայտառակություն է, վկայությունն այն իրողության, որ այստեղ հեռացել են մշակութային արժեքներից` գերադասելով այն ամենը, ինչն իր հետ գետնաքարշություն և ցածր դրսևորումներ է բերում: Ուշադրությամբ հետևելով թատրոնի մոտ տեղադրված ազդագրերին, նկատեցինք, որ ներկայացումներից զատ` այստեղ գերակշռում են տարբեր համերգների կանչող պես-պես ազդագրերը, դրանցից նայող «աստղերի» դեմքերը…

Թատրոնում, իհարկե, որոշակի քայլեր անում են հանդիսատես գրավելու համար, անգամ հրավիրում են տարբեր սերիալներում նկարահանվող երիտասարդ դերասանների` դպրոցականների համար տրվող ներկայացումներին մասնակցելու: Սակայն կարծես անհնար է դարձել հանդիսատեսային պասիվությունը հաղթահարելը: Նիկոլայ Ծատուրյանը վստահաբար ասում է, որ խնդիրը բնավ էլ մարդկանց սոցիալական վիճակը չէ, քանզի համերգների ժամանակ, որոնց տոմսերի գինը մի քանի անգամ գերազանցում է ներկայացումների տոմսերի գնին, անգամ հավելյալ աթոռներ են տեղադրում, մի կերպ վերահսկում մարդկային հոսքը: Իրենք փորձել են խաղացանկային հետաքրքրությունները ընդլայնել, դիմել կատակերգությունների, ազգային դասական երկերի: Այսօր թատրոնի խաղացանկային բեմադրություններից շատերը ցուցադրվել են Երևանում, մասնակցել տարբեր փառատոների, արժանացել բարձր գնահատականների, սակայն պարզվում է, որ այս ամենն էլ չի ոգևորում գյումրեցի հանդիսատեսին: Տարօրինակ է, որ թատրոնից հեռու են կանգնած հիմնականում բուհական երիտասարդությունը (իսկ Գյումրիում յոթ բարձրագույն ուսումնական հաստատություն կա), բուհական մտավորականությունը, ովքեր մշտապես պիտի մշակութային կյանքի առաջամարտիկը լինեին…

Անտարակույս, թատրոնը ևս պետք է լրջորեն մտահոգվի հանդիսատեսին գրավելու խնդրով, որովհետև ողջ Գյումրիում, բացի թատրոնամերձ տարածքից, մեկ այլ տեղ ազդագիր չես տեսնի: Վաղուց շրջանառությունից հանվել են տպագրված ազդագրերը, որոնք առանձին մշակույթ են ձևավորում: Ժամանակն է, որպեսզի հսկայական դահլիճից զատ` թատրոնը դիմի կամերային ձևերին, «բեմ բեմի վրա», «թատրոն-ճեմասրահ» սկզբունքներին, որոնք շատ թատրոններում փորձարկվել և հաջողություն են բերել: Անտարակույս, տարվա մեջ 4-5 նոր բեմադրությունը մեր ժամանակների համար քիչ է. մանավանդ, որ թատրոնն ունի բավական մեծ դերասանախումբ… Իհարկե, այստեղ կարող են խոսել ֆինանսական միջոցների սղության մասին, քանզի ցանկացած բեմադրություն լուրջ ծախսեր է պահանջում: Սակայն այս հարցը կարելի է լուծել նաև բեմադրական սուղ միջոցների կիրառմամբ, որոնք այլ թատրոններում ևս առկա են: