ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԻ՞Ն


Թվում էր, թե դեռ մի բան էլ մենք` շարքային ընտրողներս, պետք է կրկին անգամ երախտագիտությամբ լցվենք հայրենի քաղգործիչների նկատմամբ` մեր և մեր խնդիրների հանդեպ շեշտակիորեն աճած նախընտրական հետաքրքրասիրության և ուշադրության համար: Համապատասխան նախանշաններ դեռևս աշնանը կային: Եվ եթե հիմնավորապես կայացած կարտոֆիլային քարոզարշավը ուղղակիորեն հանգեցրեց նրան, որ մեկին տրված անվճար կարտոֆիլը շատ արագ սկսեց «փոխհատուցվել» բանջարաբոստանային այս կուլտուրայի դիմաց շուկայում վճարվող կրկնակի գնով, ապա դա բոլորովին էլ չէր ենթադրում, թե սկսված քաղաքական-սոցիալական աղետն այսքանով կավարտվի: Օրավուր ավելի ու ավելի վառ գույներով դրսևորվող բացառիկ նախընտրական «տեխնոլոգիաները» արդեն իսկ փաստում են, որ գործը միայն կարտոֆիլով չի սահմանափակվելու: Ավելին, տվյալ դեպքում կարտոֆիլը, փաստորեն, չհայտարարված «քարոզչական» պատերազմի առաջին զոհն է միայն, և առաջիկայում ակնհայտորեն նույնը սպառնում է նաև, ասենք, ծխախոտի շուկային: Այս մի ոլորտի հնագույն առաջատարներից Գուրգեն Արսենյանը, երբ մի քանի ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից հառաչեց, թե դոլարի արժեզրկման հետևանքով ինքն անելանելի վիճակում է հայտնվել ու սկսել է գերշահույթներ ստանալ, բնականաբար, նրան չհետաքրքրեց գործընկերներից մեկի` տեղից նետած` ապրանքի գինն իջեցնելու տրամաբանական հորդորը... Եվ ահա օրերս հրապարակված առաջատար հարկատուների երեքհարյուրյակում, հակառակ այդ նույն տրամաբանության, տեղական նշանակության ծխախոտային հսկայի դիրքերը զգալիորեն նահանջել են: Ասել է թե` մարդը շահույթի ձեռքը կրակն էր ընկել, բայց վճարված հարկեր այդպես էլ չիք... Ահա թե ինչու է Գ. Արսենյանն այդքան շատ սիրում խոսել նախընտրական բիզնես-պլանների մասին, ու թերևս կարիք էլ չկա հուշելու, որ այս մի դեպքում էլ ընտրողին վերադարձվելու է այն, ինչը նրա սպառած ծխախոտի հաշվին մանր-մունր կուտակվել է խնդրո առարկա դարձած ծխախոտային-քաղաքական ուժի գրասենյակում: Նույնը կարելի է ասել նաև նույնքան հավակնոտ մի այլ քաղաքական ուժի` նորելուկ «Դաշինքի» մասին: Շուշվա բերդից ուղիղ հայաստանյան խոշոր բիզնես տեղափոխված Սամվել Բաբայանի կուսակցությունը նույնպես հարկատուների ցուցակի երրորդ տասնյակում է: Ու եթե այսքանից հետո ինչ-որ մեկը եփած հավին ծիծաղեցնելու գնով փորձի համոզել, թե մեր ժամանակներում սույն բիզնեսը գերեկամտաբերներից չէ, անկասկած, հոգեբույժի մոտ լինելու խորհրդին կարժանանա: Սակայն խոշոր համարվող հարկատուները, հատկապես նախընտրական տարում, հակված են նման «անհասկանալի» մանևրերի: Սրանք մարդիկ են, ովքեր այսքանով հանդերձ դժգոհում են բյուջեի պարունակությունից: Նույն հոգեբանությամբ քիչ են համարվելու նաև ընտրությունների համար հատկացվելիք պետական միջոցները: Ասել է, թե հարկատուները զլանում են նույնիսկ գումարներ հատկացնել այն նպատակին, ինչի մասին այդքան երազում են:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ