Ջուր չլցնենք ադրբեջանցիների ջրաղացին


Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ այցելեցին մեր տարածաշրջան: Եղան Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում: Հակամարտող երկրների ղեկավարների հետ անցկացված քննարկումները նրանք գնահատեցին «կառուցողական»: Բնականաբար, այդ շփումները ոչ մի իրական տեղաշարժ չարձանագրեցին ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին: Եվ հայաստանյան վերլուծաբանները կրկին տարակուսանք հայտնեցին, թե ինչ իմաստ ու արժեք ունեն միջնորդների այցելություն -քննարկում ները, եթե դրանք դույզն ինչ չեն նպաստել (հույս էլ չկա, որ կնպաստեն) ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծմանը: Մտահոգիչն այն է, որ մեր քաղաքական մեկնաբանները ոչ միայն տարակուսանք են հայտնում, այլև բացահայտ հեգնական վերաբերմունք են ցուցաբերում համանախագահների գործունեությանը` դրանով իսկ «ջուր» լցնելով Ադրբեջանի քարոզչամեքենայի «ջրաղացին»: Գաղտնիք չէ, որ հարևան երկրի որդեգրած մարտավարությունն է` հնարավորինս արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հասնել միջնորդական առաքելության ձևաչափի փոփոխության, կամ էլ հակամարտության կարգավորման խնդիրը տեղափոխել այլ կառույցներ` Եվրախորհուրդ, Եվրամիություն, հնարավորության դեպքում` նաև ՄԱԿ, որը նրանց համար առավել նպաստավոր է, քանի որ հույս ունեն այնտեղ ստանալ մեծամասնություն կազմող իսլամական երկրների աջակցությունը: Ի վերջո մեր քաղաքագետները պետք է գիտակցեն, որ միջնորդական այն ձևաչափը, որ գործում է այսօր, խոշոր հաշվով ձեռնտու է հայկական կողմին: Այն քիչ թե շատ անկողմնակալություն է ապահովում: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների անիմաստ թվացող այցերին, ապա հարկ է պարզաբանել, որ ենթատեքստում դրանք ունեն քարոզչական, նախազգուշացնող, զգոնության կոչող հոգեբանական նշանակություն, իսկ ավելի հստակ` հակամարտող կողմերին մշտապես հիշեցվում է, թե հիմնախնդիրը գտնվում է միջազգային կառույցների և գերտերությունների սևեռուն ուշադրության կենտրոնում, և որ վերջիններս երբեք թույլ չեն տա պատերազմի բռնկում մեր տարածաշրջանում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ