ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ


Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ եւ զինվորներ. Շնորհավորում եմ բոլորիդ մեր ժողովրդի եւ անկախ պետականության ամենանշանակալից տոներից մեկի` Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ: Մեկուկես տասնամյակ առաջ Հայաստանի անկախության հետ ծնունդ առած Հայոց բանակը մեր անկախության ամենամեծ նվաճումներից է: Կազմավորման առաջին տարիներին հայ ժողովրդին պարտադրված Արցախյան պատերազմի փորձությունն այն հաղթահարել է` կամավորական ջոկատների անձնազոհ նվիրումի եւ խորհրդային բանակում թրծված կադրային սպաների ու հրամանատարների ռազմագիտական հմտության միաձուլման շնորհիվ: Արցախյան հերոսամարտի փառավոր էջերից մեկը Շուշիի ազատագրումն էր, որի 15-ամյա հոբելյանը եւս նշելու ենք որպես Հայոց բանակի ուժի ու մարտունակության փայլուն վկայություն, համազգային տոն: Հետագա տարիներին կարճ ժամանակամիջոցում ազգային բանակը կայացման մեծ ճանապարհ է անցել: Այսօր հպարտութ յամբ կարող ենք արձանագրել, որ հայկական զինված ուժերը ոչ միայն Հայաստանի ու Արցախի, մեր անկախ պետականության պաշտպանության եւ անվտանգության հուսալի երաշխիքն են, այլեւ արժանի մասնակցություն են ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին` անհրաժեշտ փորձ կուտակելով ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար: Շարունակելով ջանքերը մեր երկրի հետագա զարգացման, մրցունակ տնտեսության ստեղծման, պետականության ամրապնդման համար, մենք հստակ գիտակցում ենք, որ դա նաեւ բանակաշինության, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մարտունակ եւ հզոր բանակի կայացման կարեւոր նախապայմաններից է: Նշանակալից տոնի առթիվ, շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու հրամանատարներին, զինվորներին ու ազատամար տիկներին, ամբողջ ժողովրդին, մաղթում տեւական խաղաղություն, ոգու ամրություն եւ համազգային միասնություն, Ազգային Բանակին բարձր մարտունակություն` ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի անվտանգ ապագայի: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը բանակի օրվա և Հայոց Բանակի 15-ամյակի առիթով -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում Հայոց Բանակի զորավարներին ու զինվորներին և ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա և Հայոց Բանակի 15-րդ տարեդարձի առիթով: Հայրենիքի համար մղված հերոսամարտերում ծնունդ առավ և կազմավորվեց մեր Բանակը` իր քաջարի և աննկուն ոգով ձեռք բերելով հաղթանակներ, որոնցով ազատագրվեց Արցախը, և խաղաղություն հաստատվեց Հայաստանի սահմաններում: Գոհություն Աստծուն, առավել համալրված ու զորացած` մեր բանակը շարունակում է իր մշտարթուն ծառայությունը Հայրենիքին` իբրև ավանդ սերունդներին փոխանցելով հայրենասիրության ու նվիրումի, հավատավոր հոգու արիության այն օրինակները, որոնցով տասնհինգ տարիներ առաջ հերոսական նոր էջեր գրվեցին մեր պատմության մեջ: Բարձր մարտունակությամբ ու լավագույն պատրաստականությամբ ճանաչված Հայոց Բանակն այսօր իր գնահատելի մասնակցությունն է բերում նաև միջազգային զորախմբերի խաղաղապահ առաքելություններին: Տոնական և հիշարժան այս առիթով աղոթում ենք հայ քաջորդիների հոգիների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ի սեր մեր Հայրենիքի, ի սեր ազատության ու խաղաղության: Հայցում ենք Բարձրյալից, որ Իր շնորհի և օրհնության ներքո պահպանի մեր Բանակի հրամանատարներին ու մարտիկներին` պարգևելով կյանքի երջանիկ ու երկար օրեր և հաջողություններ` մեր Հայրենիքին ծառայության մեջ: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, խաղաղ ու ապահով պահպանի Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Թող միշտ ապրեն պանծալի հիշատակները և հավատավոր ոգին Հայոց Բանակի: Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ