Դարձյա՞լ բնակչի «շահից» ելնելով


Վերջերս հեռուստաալիքներից մեկով եթեր է հեռարձակվել Արգավանդ, Թաիրով գյուղերում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված հենապատերի մասին պատմող ռեպորտաժ, որը հարուցել է տեղի բնակիչների խիստ դժգոհությունը: - Ես այդ հաղորդումը նայել եմ ընդամենը մի քանի րոպե ու նյարդայնացած փոխել եմ ալիքը,- ասում է Արգավանդ գյուղի բնակիչ, գործարար Աշոտ Աղախանյանը:- Եթե նրանք ուզում են ճիշտ հասարակական կարծիք ձևավորել, ապա թող խոսեցնեն տեղի բնակիչներին, գյուղապետերից կամ գործարարներից որևէ մեկին, ոչ թե պատահական անցորդների, որոնք քիչ է մնում ասեն, թե իրենք սկսել են չաղ ու բախտավոր ապրել` շնորհիվ այդ պատերի: Իրականությունը բոլորովին այլ է: Մեր դիտարկմամբ` իրոք, տեղացիներն ունեն դժգոհելու բոլոր հիմքերը: Վերոնշյալ գյուղերը հենապատերի պատճառով, որոնք առանց ընդհատման ձգվում են Արգավանդի խաչմերուկից մինչև Փարաքարի ՊԱՏ հենակետ, բաժանվել են երկու մասի: Թաիրով գյուղում բնակելի զանգվածը մնացել է մի կողմում, իսկ բուժարանը` մյուս: Եթե առաջ բուժամբուլատորիա եկող հիվանդը կարող էր գյուղի մի պատահական ավտոմեքենայով հասնել դիմացի մայթն ու ընդամենը մի փողոց անցնել, հիմա ստիպված է կիլոմետրեր կտրել` քայլելով: Միակ միջոցը գետնանցումից օգտվելն է, որը գտնվում է ամբուլատորիայից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Իսկ եթե որևէ մեկն իր հիվանդ երեխային որոշի բժշկի բերել ավտոմեքենայով, հենապատերի արգելքը հաղթահարելու համար ստիպված պետք է շրջադարձ կատարի... Հարավ-արևմտյան թաղամասով: Ուրիշ որևէ շրջադարձի տեղ նախատեսված չէ: Նույն երթուղուց պետք է օգտվեն նաև Թաիրովից Փարաքարի գյուղապետարան կամ Էջմիածին գնացող ավտոմեքենաները: Նմանատիպ խնդիր ունեն նաև Արգավանդից դեպի Երևան գնացող ավտոմեքենաները, որոնց շրջադարձի ամենամոտ տեղը Փարաքարի նախկին ՊԱՏ-ի հենակետն է: Մեր տեղեկություններով` Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանին քաղաքապետարանից խոստացել են շրջադարձերի խնդիրը լուծել, իսկ բուժամբուլատորիայի մոտ կառուցել վերգետնյա անցում: Բայց խնդիրն այն է, որ այս խոստումները եղել են նաև անցած տարի, երբ քաղաքապետարանը դեռ նոր էր սկսել իրականացնել այս ծրագիրը: Հետևաբար, չկա որևէ երաշխիք, որ դրանք կարվեն ծրագրի ավարտից հետո:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ