Բանակը համազգային պայքարի արդյունք է


Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ. գեներալ-մայոր - Բանակը` դա համաժողովրդական ստեղծագործություն է, համազգային պայքարի արդյունք է, պետականության արգասիք և սյուն, ամենակարևորագույն սյուներից մեկն է, որը կայացավ մեր ժողովրդի արյան գնով, մեր մայրերի արցունքների ու հայրերի քրտինքի գնով: Վերստին հասկացանք, որ ունենք բանակ, որի կազմավորումը մեր բոլորի բաղձանքն էր, ի վերջո կատարվեց մեր վաղեմի երազանքը, 15 տարի է, որ ազատ շնչում ենք: Թեև բանակը ստեղծվեց մարտերի բովում, թանկագին զոհերի արյան գնով, այնուհանդերձ, այսօր պատրաստ է պաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունը, ուղղված է երկիրը հակառակորդի ոտնձգություններից պահպանելուն: Հայոց բանակն իր մարտունակությամբ պատրաստ է պատերազմելու համեմատաբար քիչ զոհերի գնով: Այն կառուցվածքային տեսակետից մոբիլ է և անընդմեջ ղեկավարվող բանակ: Այսօր հայոց բանակը ձգտում է դառնալ եվրոպական լավագույն բանակներից մեկը, ձգտում է գերազանցել մեր տարածաշրջանի` Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի բանակներին, լինել ուժեղ կառուցվածքով և կեցությամբ պաշտպանական բնագծերում ունեցած ռազմաստրատեգիական կարևոր նախաձեռնություններով ուժեղ բանակ: Իսկ եթե ուժեղ ես, անպայման խաղաղություն կլինի, իսկ դա բոլորիս երազանքն է: Յուրաքանչյուր զինվորականի բաղձանքն է հարազատի, մտերիմի, ազգի ու հայրենիքի համար ապահովել խաղաղ կյանք: