ԿՈՒՍԱԿՑԱՄԱՐԱԹՈՆ.

իսկ գուցե Աշխարհաժողո՞վ

Քաղաքական կուսակցություններով հայոց ազգը, իրոք, հարուստ է: Միայն Հայաստանի Հանրապետությունում այժմ գրանցված 79 կուսակցություն կա: Անկասկած` որոշակի թվով կուսակցություններ էլ գործում են Արցախում, Սփյուռքում: Նկատի ունենալով եկող տարվա խորհրդարանական ընտրությունների հեռանկարը` Հայաստանում գործող կուսակցությունների թիվը դեռևս կավելանա: Ճիշտ է` այժմ օրենքը խստացվել է, և նոր հիմնադրվող կուսակցությունը 6 ամսվա ընթացքում պետք է առնվազն 1000 անդամ ներգրավի: Սակայն էլ ինչ հայ, եթե չկարողանա հնարամտություն դրսևորել ու այս փոքրիկ Հայաստանում լրացուցիչ հազար բնակիչ պեղել... Այս թեմայով կատակել, իհարկե, կարելի է, սակայն, երբ պատկերացնում ենք, թե այդքան քաղաքական միավորներն ինչպես են ներսից ջլատում հասարակության ուժերը, մտահոգությունը մեծանում է: Չէ՞ որ եթե նույնիսկ այդ ուժերի մեծամասնությունը միավորվում է դաշինքների մեջ, միևնույն է` հասարակության մեջ ցանկալի միասնականությունը չի հասունանում: Պատմությունը փաստում է, որ հայ իրականության մեջ դարեր շարունակ գործել են Աշխարհաժողովները, որտեղ հասարակության անդամները միավորվել են ոչ թե կուսակցական պատկանելությամբ, այլ հասարակության մեջ ունեցած դիրքով ու զբաղմունքով: Մասնակցել են բդեշխները, նախարարները, հոգևորականության վերնախավը, ազատները, երբեմն նաև շինականներ ու ռամիկներ: Ընդ որում` դա ժողովրդավարության բարձր մակարդակ է ապահովել: Հայտնի է, որ անգամ թագավորին գահընկեց անելու մեխանիզմներ է ունեցել: Սա չի՞ նշանակում, որ մարդկությունը ժողովրդավարության և քաղաքական գործունեության ուրիշ միջոց նույնպես հնարել է: Իսկ գուցե հարյուրի հավակնող կուսակցություններով հայ հանրությանը պառակտելու փոխարեն` մարդկանց արժե միավորել պետական ընդհանուր շահի շուրջը: Գուցե Աշխարհաժողովի գաղափարը բոլորովին հնացած չէ, և կարելի է «դարերի փոշուց մաքրել» ու գործարկել...

Քաղաքական դաշտը լիովին կանխատեսելի է

Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական դաշտի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցության մասին զրուցում ենք խոհրդարանական ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում արդեն իսկ նկատվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների թելադրանքը: Դա առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նորանոր քաղաքական կուսակցություններ են դրանց մասնակցելու հայտ ներկայացնում, ամենատարբեր կուսակցություններ հայտարարում են դաշինքներ կազմելու մասին: Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտին Դուք ի՞նչ գնահատական կտայիք:

- Ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում` լիովին կանխատեսելի է, քանի որ խորհրդարանական ընտրությունների համար նախապատրաստութ յունները սկզբնական փուլում են գտնվում: Դա ստիպում է, որ այն ուժերը, որոնք համոզված չեն, թե կարող են միայնակ հաղթահարել նախընտրական փուլերի գործընթացների բոլոր դժվարությունները և ստանալ Ազգային ժողովում մանդատներ ստանալու համար անհրաժեշտ տոկոսները, փորձեն խմբավորվել և միասին անցնել այդ ճանապարհը: Սա բնական է, այստեղ որևէ դատապարտելի բան չկա, ամբողջ աշխարհում էլ այդպես է լինում, և նախընտրական գործընթացների ժամանակ նոր դաշինքների ձևավորումը նորմալ է: Իսկ թե նրանցից որոնք կկարողանան հաղթահարել այդ դժվարությունները, որոնք չեն կարողանա` պարզ կլինի ընտրություններից հետո:

Եթե նոր ուժեր են ձևավորվում և իրենց մասին հայտարարում, պետք է, որ նաև նոր մտածողություն մեջտեղ բերեն, նոր գաղափարներ արտահայտեն: Արդյո՞ք մեր քաղաքական դաշտում այժմ նման նոր գաղափարներ ի հայտ գալիս են:

- Նոր գաղափարներն ու մտքերն անխուսափելի են: Կյանքն առաջ է գնում, դրան զուգընթաց` նոր հիմնախնդիրներ են առաջանում, և այդ նոր հիմնախնդիրները լուծելու համար նոր գաղափարներ են ծնվում: Առանց նոր գաղափարների ընդհանրապես ամեն ինչ կփչանա: Կարևորն այն է, թե այդ գաղափարներից որո՞նք են կենսունակ, որո՞նք են այն քաղաքական ուժերը, որ կընդունեն այդ նոր գաղափարները, և թե այդ ուժերը որքանո՞վ հավատարիմ կմնան իրենց գաղափարներին:

Ընտրությունների գնացող քաղաքական ուժերը ընտրողին միշտ իրենց ծրագրերով են գրավում և վստահություն ներշնչում: Միաժամանակ այդ ծրագրերը հաճախ այնքան նման են լինում և տարիների ընթացքում կրկնված, որ հասարակության համար առանձին նշանակություն չեն ստանում: Արդյոք հարկավոր չէ՞ նոր խոսք ասել, որպեսզի մարդիկ տվյալ ուժի հետևից գնան:

- Կարծում եմ` այսօր նախընտրական ծրագրի դրույթների մասին խոսելը դեռևս շատ վաղ է. ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, և դա կարելի է քննարկել հունվար-փետրվարին: Դեռևս պետք է խմբավորվելու, դաշինքներ կազմելու գործընթացն ավարտվի, պարզ դառնա, թե ինչպիսի ուժեր ինչպիսի դաշինքների մեջ են միավորվել, որից հետո նոր նրանք կձևակերպեն իրենց ծրագրային դրույթները:

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքական կուսակցությունների թիվն ութ տասնյակի է հասնում, իսկ ընտրություններին նրանցից շատերն են ցանկանում մասնակցել: Դա չափազանց շատ չի՞ տրոհում մեր հասարակությանը, որն այդպիսի պահերին վերածվում է ընտրազանգվածի:

- Համաձայն եմ` 70-ից ավելի կարգի կուսակցությունները փոքրիկ Հայաստանի համար չափազանց շատ են: Բացի այդ` չեմ կարծում, թե նրանց մեծ մասը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի: Կարծում եմ` ընդամենը տասը-տասնհինգ կուսակցություն կմասնակցի: Միաժամանակ, իհարկե, համաձայն եմ, որ այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ որևէ քաղաքական գործ-ընթացի չեն մասնակցում, լավ կլինի` ինքնակամ դադարեցնեն իրենց գոյությունը: Իսկ եթե դա ինքնակամ չարվի, ժողովրդավարական նորմերին դեմ կլինի:

Երբ բազմաթիվ կուսակցություններ են պայքարի մեջ մտնում, շատ է պատահում, որ ՀՀ քաղաքացին ընտրատեղամաս է գնում սոսկ ինչ-որ անձի սիրույն և քվեաթերթիկին նշում անելիս ոչ մի ծրագիր ու գաղափար հաշվի չի առնում:

- Իհարկե, այդպես էլ է լինում, բայց եթե խորհրդարանական ընտրություններին գոնե մի 15 կուսակցություն չմասնակցի, դա էլ կարծեք թե մի նորմալ բան չէ: Այդ թիվն անհրաժեշտ է, որպեսզի նրանցից վեցը-յոթը իսկապես մասնակցեն մրցապայքարին և հայտնվեն խորհրդարանում: Դա արդեն, կարծում եմ, նորմալ է:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչև այսօր կարողացել է Ազգային ժողովում մեծամասնություն ձևավորել, սակայն ընտրություններից հետո դաշինքներ կազմելուց նույնպես չի խուսափում: Հնարավո՞ր է` այս անգամ որևէ ուժի հետ դաշինքով գնա ընտրությունների` հենց թեկուզ հասարակության մեջ առաջացող` վերը նշված պառակտումից խուսափելու նպատակով:

- Այս պահին դա ասել չեմ կարող, որովհետև մենք գտնվում ենք մի փուլում, երբ այդ հարցերի քննարկումները դեռ ապագայում են: Իմ անձնական կարծիքը հետևյալն է` մինչև ընտրությունները տևական ժամանակ կա, և ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ մեր կուսակցությունը միայնակ գնա այդ ընտրություններին: Իսկ այդուհետև, կախված նրանից, թե արդեն խորհրդարանում քաղաքական ուժերի ինչպիսի խճանկար կստացվի, իր քաղաքական որոշումները կկայացնի այդ խճանկարի հիման վրա:

Իսկ Ձեր քաղաքական փորձն ի՞նչ է ցույց տալիս` ինչպիսի՞ն կլինի մեր հաջորդ գումարման Ազգային ժողովը:

- Այդ հարցում ես լավատես եմ: Իմ տեսակետն այն է, որ մեր որևէ խորհրդարան մյուսից ավելի վատը չի եղել: Ես կարծում եմ, որ մեր ապագա խորհրդարանն այս ավանդույթը կշարունակի, նա ավելի վատը չի լինի, քան որևէ նախորդ խորհրդարան:

Չէ՞ որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններով Հայաստանն անցնում է կառավարման նոր ձևի: Եվ ուրեմն` նոր` խորհրդարանական Հայաստանը մեզ համար ի՞նչ հեռանկար է բացում:

- Ես կարծում եմ, որ պետական կառավարման համակարգում նոր սկզբունքների ներդրումը իհարկե, պետք է դրական ազդի: Նոր Սահմանադրության ընդունումն այդ հնարավորությունները տալիս է: Հատկապես խորհրդարանի դերի բարձրացումն արդեն իր դրական ազդեցությունը կունենա: Դա վերաբերում է ոչ միայն քաղաքական կուսակցությունների կայացմանը, այլև քաղաքական գործընթացներն ավելի արդյունվետ իրականացնելուն և քաղաքական գործընթացները փողոցներից դեպի խորհրդարան տեղափոխելու հնարավորությանը:

Դա նշանակո՞ւմ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն կընձեռի ձերբազատվել իրենց գոյությունը միայն ընտրություն ների նախօրյակին հիշեցնող կուսակցություններից:

- Այս անգամ այդքան լավատես չեմ:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ