Թուրքիան կարող է ավելի անկանխատեսելի դառնալ


Երբ լավ ես ճանաչում քո դեմ գործող ուժը, նաև գիտես, թե ինչպես պաշտպանվես: Ի՞նչ է կատարվում այսօրվա Թուրքիայում, ինչպիսի՞ քաղաքականություն է վարում, ի՞նչ հավակնություններ ունի, ինչի՞ց պետք է մենք զգուշանանք: Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Լևոն ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

Հուլիսին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո կարծես նախագահ Էրդողանի դիրքերն ավելի ամրապնդվեցին: Այժմ ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունի աշխարհը:

- Ամենացայտունը, ամենաառաջնայինն այն է, որ վերաձևումներ են տեղի ունենում այդ երկրի հասարակական-քաղաքական, պետական համակարգերում, ինչը շեշտակի ամրապնդում է Էրդողանի դիրքերը և ճանապարհ է հարթում դեպի բռնատիրության խորացում: Էրդողանը, փաստորեն, որպես երկրի նախագահ` իր ձեռքն է վերցրել ամբողջ իշխանությունը ֆորմալ և ոչ ֆորմալ առումներով: Ռազմական հեղաշրջման փորձը նրա համար նաև լավ առիթ ու հնարավորություն էր:

Երկրում քաղաքական զսպման լծակները, հակակշիռների մեխանիզմները էականորեն չեզոքացվել են: Պետական համակարգում, ոստիկանականության, հատկապես բանակի համակարգի մաքրումով ևս որոշակի վերաձևումների խնդիրներ է լուծում, ու նաև դրանով հաշվեհարդար է տեսնում անցանկալի տարրերի նկատմամբ: Մյուս կողմից փորձում է ամբողջությամբ կամ հնարավորության սահմաններում այդ կառույցներում ներդնել իր վստահելի մարդկանց: Վստահելի` չի նշանակում Էրդողանի մերձավոր շրջապատը, այլ նրանց փոխարինում է այնպիսի նոր կադրերով, որոնք վերահսկելի են և հավատարիմ են ներկայիս իշխանություններին:

- Թուրքիայի հասարակության ներսում ևս պառակտումներ կան:

- Իհարկե. հասարակության ներսում բևեռացում, հասարակական տարանջատում կա: Սա նոր երևույթ չէ Թուրքիայի հասարակության համար: Բայց կարելի է ասել, որ վերջին շրջանում այդ բևեռացումը որոշակիորեն կորցրել է իր նշանակությունը, որովհետև այսուհանդերձ թուրքական հասարակության մեջ զգալի է այն հատվածը, որն աջակցում է ներկայիս իշխանություններին, իսկ լեգիտիմության բարձր աստիճանը Էրդողանին հնարավորություն է տալիս նաև դիմելու կամայական գործողությունների` որևէ պատասխանատվություն չստանձնելով: Պետք է փաստենք` այդուհանդերձ լեգիտիմության բարձր աստիճան ունի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և հանձին նրա` նախագահ Էրդողանը, և արժեքային առումով պահպանողական այդ զգալի հատվածը աջակցում է ներկայիս նախագահին: Նրանք ընտրությունների ժամանակ իշխանության են բերում Էրդողանին և նաև լեգիտիմության նման բարձր աստիճան տալիս: Նույն հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանին փրկեց հենց լեգիտիմութ յան բարձր աստիճանը, երբ նրա կոչով հասարակությունը, նրա համակիրները, քաղաքացիները փողոց դուրս եկան և կանգնեցին տանկերի առջև:

- Թուրքիան փորձում է Եվրամիություն մտնել, Եվրամիությունն էլ, Էրդողանի խոսքերով ասած, նրան կանգնեցրել է դռների մոտ ու ներս չի թողնում:

- Ինչպես տեսնում ենք, Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները բավական բարդ փուլ են թևակոխել: Կարծում եմ` առկա դիմակայությունը երկար կտևի: Վերջին շրջանում Եվրամիության ուղղությամբ Թուրքիայում իրականացվող քաղաքականությունը շանտաժային է: Թուրքիան փորձում է տարբեր լծակներ օգտագործել, որպեսզի Եվրամիությանը հեռու պահի իր նկատմամբ, այսպես ասենք` խիստ քննադատական մոտեցումներից: Սակայն տեսնում ենք, որ այդուհանդերձ Եվրամիությունը գնում է Թուրքիային պատժելու, նրան սանձելու ճանապարհով: Դա անհետևանք չի մնա, կարծում եմ` դեռ երկար կշարունակվի: Բայց նաև Թուրքիայի և Եվրամիության միջև կան մի շարք գործոններ, որոնք Եվրամիությունը ստիպված է հաշվի առնել: Իսկ Թուրքիան դա լավ օգտագործում է: Խոսքը մասնավորապես փախստականների հիմնախնդրի մասին է, որը Թուրքիան փորձում է օգտագործել` որպես կարևորագույն լծակ` Եվրամիությանը սպառնալու և շանտաժի ենթարկելու համար: Դա բավականաչափ զգայուն և մտահոգող խնդիր է Եվրամիության համար: Հատկապես այն, որ Էրդողանը նշեց, թե կարող են չեղյալ հայտարարել փախստականների վերաբերյալ համաձայնագիրը, բացել դարպասները և Եվրոպան հեղեղել փախստականներով: Այդ երկրի իշխանությունների քաղաքականությամբ պայմանավորված` փոխվել են նաև հասարակական ընկալումները, հանրության մոտեցումները Եվրամիության նկատմամբ: 10 տարի առաջ, երբ Եվրամիության անդամակցության բանակցությունները բացվեցին, թուրքական հասարակությունը դրան ակտիվորեն սատարում էր, մանավանդ` իշխանությունների քաղաքականությունն ուղղված էր Եվրոպական ինտեգրացմանը: Սրանով իշխանություն ները, բացի զուտ անդամակցությունից, իրենց համար շահեկան խնդիրներ էին լուծում` հատկապես երկրի ներսում: Իսկ ընդամենը 10 տարի հետո հակառակ պատկերն է, և հասարակության զգալի հատվածը Եվրամիությունը չի ընկալում որպես իր շահերի համար նպաստավոր միություն: Թուրքիայում մի շարք հարցումներ են իրականաց վել, որոնց տվյալներով` հասարակության 60-70 տոկոսն ուղղակի գտնում է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը և իր համար աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նոր այլընտրանքներ կամ հեռանկարներ գտնի:

- Ի՞նչ եք կարծում` այսուհետև ի՞նչ ընթացք կունենան Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները:

- Կարծում եմ, որ ճգնաժամը մեծ հաշվով հաղթահարված է, և հաշվի առնելով ճգնաժամի փորձառությունը` կողմերը փորձում են առաջնորդվել իրատեսական շահերով: Իհարկե` այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ ինքնաթիռի խոցման պարագայում, ռազմաքաղաքական առումով որոշակիորեն դաս էր Ռուսաստանի համար, բայց ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ այդ դասն այնքան էլ արդիական չէ: Հայտնի մի խոսք կա` «քաղաքականության մեջ սկզբունքները կամ սկզբունքայ նությունը գոյատևում են մինչև հանգամանքների փոփոխությունները»: Հիմա խնդիրները տեղափոխվել են աշխարհաքաղաքական իրողությունների հարթություն, որտեղ կողմերը մեկը մյուսին հարկավոր են: Թե´ Թուրքիայի համար է Ռուսատանը կարևոր, թե´ Ռուսաստանի համար` Թուրքիան: Կարծում եմ` այս իրավիճակում կողմերը կշարունակեն հարաբերությունները, և զարգացման միտումը կշարունակվի: Ռուսաստանը փորձում է այս իրավիճակում ազդել Թուրքիայի վրա, քանի որ ԵՄ-ից հեռացող ու ԱՄՆ-ի հետ ոչ այնքան էլ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիան Ռուսաստանի կարիքն ավելի քան զգալու է: Ռուսաստանից հնչող ամենատարբեր ուղերձներն այս տրամաբանության մեջ են: Հետո էլ միգուցե Ռուսաստան-Թուրքիա սիրախաղից անհանգստացած Արևմուտքը (առաջին հերթին ԱՄՆ-ՆԱՏՕ) քայլեր ձեռնարկի` կրկին Թուրքիային իր դաշտ վերադարձնելու: Սակայն այլևս նախկինը չի լինի, շատ բան է փոխվել:

- Իսկ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին ի՞նչ կասեք` հնարավո՞ր է` Թրամփի նախագահ ընտրվելը այդտեղ ինչ-ինչ սրբագրումներ մտցնի:

- Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեմ ակնկալում, բայց հնարավոր են որոշակի վերաշեշտադրումներ, վերաձևում ներ: Պատահական չէ, որ հատկապես վերջին տարիներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բավական անվստահելի մթնոլորտ էր տիրում: Կարելի է ասել` Թուրքիան իր համար շահեկան դիրքերի ամրագրումը (արտաքին, տարածաշրջանային քաղաքական հավակնությունները) չէր կարողանում կարգավորել թուրք-ամերիկյան հարաբերությունների ուղեգծի մեջ: ԱՄՆ-ը այստեղ սահմանափակում էր Թուրքիայի հնարավորությունները, և դա Թուքիայի կողմից ընկալվում է որպես իր դեմ դավադրություն, որն էլ իր անդրադարձն է ունենում այդ երկու երկրների հարաբերությունների վրա: Երբ քննում ենք հասարակական-քաղաքական քննարկումները, մամուլի, փորձագիտական դիտարկումները, տպավորությունն այնպիսին է, թե Թրամփի ընտրությամբ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ինչ-որ նոր հարթություն տեղափոխելու ելք է տեսնում: Այսինքն նոր հնարավորություն` նաև որոշակի ռիսկերով: Ամեն ինչ կախված է նրանից, թե Թրամփն ինչպիսի վարչակազմ կձևավորվի: Բայց չեմ էլ կարծում, թե Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ էական փոփոխություններ կլինեն: Կարելի է ասել` Թուրքիայում ԱՄՆ-ի նոր նախագահին դիտարկում են «նախկինից ավելի վատ հնարավոր չէ» բանաձևով:

- Ի վերջո` Թուրքիան մեզ հետաքրքրում է, քանի որ մեր անմիջական հարևանն է և միշտ մեր դեմ է գործել: Հայաստանն ինչ-որ տեղ ունի՞ նրա ծրագրերում, և մենք ինչի՞ց պետք է զգուշանանք:

Հիմա այդ երկրի համար առաջնահերթ կարևորության խնդիրներ են մասնավորապես Սիրիան, Իրաքը, հարաբերությունները Եվրամիության հետ: Անշուշտ` Թուրքիան այն հարևան պետությունն է, որի գործողությունները, քայլերը մեզ զգուշավորության, զգոնության են մղում: Պետք է հաշվի առնել, որ ներկայում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այնտեղ ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական հարթության մեջ, ավելի մեծ հնարավորություն են տալիս, որ իշխանություններն իրենց գործողություններում դառնան ավելի անկանխատեսելի ու նաև ագրեսիվ: Սա, անշուշտ, չի կարող չանհանգստացնել Հայաստանին, որովհետև որքան դեպի բռնատիրութ յուն ընթացող Թուրքիան հեռանա Եվրամիությունից ու միջազգային հանրությունից, որքան մարգինալացվի, այնքան ավելի արկածախնդիր, ավելի ագրեսիվ կդառնա: Ուղղակի սա պետք է հաշվի առնվի:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ