Արցախի զմրուխտը


Տեղացիները ծով են ասում, երկրի քարտեզի վրա նշված է լիճ, Եվրախորհրդում, ցավոք, ջրամբարտակ

Կռահեցիք` Սարսանգն է:

Կանգնել ենք Հըկեղանա սարի ամենաբարձր անտառապատ լանջին:

Մեր շուրջը բացվել է կախարդական, դյութիչ մի տեսարան:

Մեզնից հյուսիս Մռավա լեռները ձգվում են արևելքից արևմուտք, Եղնիկներից մինչև Օմար:

Բնապատկերն ասես հսկայական ափսե լինի` մոտ 200 կմ շառավղով:

Ցածրում` մի կողմից լեռների, մյուս կողմից բարձր սարահարթերի ստորոտով հոսում է Թարթառ (հնում Տրտու) գետը:

Գետի աջ և ձախ կողմերում` խելահեղ բնության գրկում, Մարտակերտի վերին` Հաթերքի ենթաշրջանի գյուղերն են:

Ենթադրվում է, որ հազարամյակներ առաջ հենց այդ ափսեանման բնապատկերը ծովատեղի է` առնվազն Սևանա լճի մեծության և խորության:

Կարելի է ենթադրել նաև, որ երկրակեղևի ցնցումներից (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, ռելեֆի փոփոխություններ) հսկայական ափսեն իր հյուսիս արևելյան մասով պռունկ է տվել դեպի հարթավայրային Արցախ, դեպի Քուռ գետ:

Դարերի ընթացքում Թարթառ գետի հունը Ալիշան կոչվող տեղանքով իջել է` առաջացնելով խոր վիհ:

Հենց այս տեղում մեր նախնիները 13-րդ դարում գետի վրա կառուցել են Սարսանգի պատմական կամուրջը, որն իրար է միացնում աջ և ձախ բնակավայրերը:

Այդ վայրերը, հատկապես գետի հարավային ափերը, պատված էին խիտ, սաղարթաշատ թավուտ անտառներով ու զառիթափերով:

Այնքան վայրի էր տեղանքը, որ նույնիսկ փորձառու որսորդները ռիսկ չէին անում խոր ձորերով անցնել, թեպետ հարուստ որս կար:

Ամենուր վխտում էին գիշատիչ գազաններ, արջեր, լուսաններ, գայլերի ոհմակներ, զանազան հավք ու թռչուն:

Ըստ մեր պապերի զրույցների` գել ու գազանից բացի, կամրջի մոտակայքում դարանակալում էին նաև ղաջաղները:

Մարդիկ սարսուռ ու զարզանդ էին ապրում կամրջով անցնելիս:

Երևի թե հենց սարսուռ բառից է ծագել Սարսանգ անունը:

Ահա այս անդնդախոր նեղուցի մոտ, կամրջի տեղում սովետական մասնագետները գտան, որ կարելի է հզոր պատվար կառուցել և առանց այն էլ չնաշխարհիկ այս բնապատկերը մի ծովակով ևս զարդարել:

Խորհրդային երկրի համար, սակայն, այն տնտեսական նշանակություն պիտի ունենար: Այն պետք է ծառայեր ոռոգման և էներգետիկ նպատակների:

Եվ ահա սովետական 2 հնգամյակային պլանով 1966-1976 թթ. ծրագրվում և սկսվում է պլատինայի (պատվարի) կառուցումը:

Տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ էին աշխատում կառույցում, սակայն հիմնական աշխատուժը շրջակա հայկական գյուղերի բնակչությունն էր:

Ընտանիքի բեռը թեթևացնելու նպատակով` ուսանողական ամառային արձակուրդների ամիսներին ինքս էլ աշխատանքի անցա կառույցում:

Նախ պետք էր փոխել գետի հունը, այսինքն` խորը կիրճերի տակով նոր թունել կառուցել, գետն ուղղել այդ թունելով:

Ապա` գետի ամբողջ երկայնքով տասնյակ կիլոմետրեր ձգվող ջունգլիների պես խիտ անտառածածկ ափերը մաքրել ծառերից:

Այդ տարիներին Ադրբեջանի շինափայտը և վառելափայտը տեղափոխվում էր Սարսանգից:

Եվ ամենագլխավոր ուղղությունը` պատվարի կառուցումն էր:

Լավագույն սարքավորումներով և ինժեներատեխնիկական հագեցվածությամբ Սարսանգը ժամանակին հզորներից մեկն էր աշխարհում:

Հանուն արդարության պետք է ասել, որ Սարսանգը կառուցվեց հայերի քրտինքով, կառուցեցին հայաստանցիները և ղարաբաղցիները:

Թուրք վարպետները, բրիգադավարները հավելագրումներ էին անում, փող շորթում բանվորներից, իսկ թուրք վարորդները, մութն ընկնելուն պես, գողացված շինանյութերով բարձած մեքենաները քշում էին հայկական գյուղերը, վաճառում այն ու ետ վերադառնում:

Մի կարևոր հանգամանք ևս շեշտենք. թեպետ աշխատավարձերը ցածր էին, սակայն կառույցի տասը տարիների ընթացքում շրջակա գյուղերը (Հաթերք, Զագլիկ, Դրմբոն, Կոճողուտ, Չլրդան, Պողոսագոմեր, Ղազարահող, Ումուդլու, Մեհմանա, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Գետավան, Չափար, Վաղուհաս, Չարեքտար) շենացան, գեղեցիկ տներ կառուցվեցին: Եվ այս բոլորը թուրքերի գողոնի հաշվին:

1976 թ. երկիրը մեծ շուքով նշեց կառույցի շահագործումը:

Մռավա սարերի յայլաղներում ծովածիածան կապեց Ալիշանից մինչև Գետավան:

Լճի ջրատարողությունը 560 միլիոն խորանարդ մետր է, ամբարտակի բարձրությունը 730 մ, լայնությունը 550 մետր, ՀԷԿ-ի հզորությունը 110 մեգավատ, ջրթողքը` 900 մետր խորանարդ/վայրկյանում:

Նավերը կարող են ազատ նավարկել լճում, որի խորությունը հասնում է մինչև 126 մ: Ավաղ, ծփացող լճի համար վիրավորական էր, որպես ջրամբարտակ, թուրքերին ծառայեցնելը:

Ջրանցքները հարյուրավոր կիլոմետրեր ձգվեցին դեպի հովվական դաշտավայրերը, դեպի Մուշան, Բարդա, Սիրբաշիր, Աղդամ, Աղջաբեդի, Նավթալան, Եվլախ և այլուր:

Շահեց միայն Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հարթավայրային հատվածը, որտեղով էլ անցնում էին ջրանցքները:

Ադրբեջանը Սարսանգի ջրերով, ի հաշիվ նաև Մարտակերտի նշված շրջանի «22 կուսահամագումարի» և «Բակինսկի րաբոչի» անվան սովխոզների, բամբակագոր ծության և խաղողագործության բերքատվության ֆանտաստիկ ցուցանիշներ արձանագրեց և ներկայացրեց Կրեմլին:

Ծնվեցին սոցիալիստական աշխատանքի նոր հերոսներ, այդ թվում «22 կուսհամագումարի» անվան սովխոզի դիրեկտոր Սամվել Մամունցը:

Հեյդար Ալիևը հենց Սամվել Մամունցի նուռը, թուզը, խաղողն էր ուղարկում Կրեմլ:

Իզուր չէ, որ նա թևանցուկ էր անում աշխատանքային հերոսին:

Գաղտնիք չէ, որ հայր Ալիևը Բրեժնևի սիրտը շահել է հենց Սարսանգի ջրերի, Սամվել Մամունցի և Մարտունու շրջանի Ճարտար գյուղի «Կոմունիզմ» կոլտնտեսության նախագահ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Սուրեն Ադամյանի աշխատանքային սխրագործությունների հաշվին (շնորհիվ):

Իսկ լճի շրջակա գյուղերի տնտեսությունները, բերրի հողերը մնացին անջրդի: Նրանց բաժին էր հասել միայն գեղատեսիլ լճի հմայքը, Թարթառի ջրերում խայտացող ամենահամեղ ձկնատեսակները...

Պատերազմը, Արցախի անկախությունը փոխեց ամեն ինչ:

Ասել է թե. ծփան լիճը իր վրայից թոթափեց թուրքերի համար ջրամբար լինելու կարգավիճակը:

Այսօր թուրքն Արցախի սրտից կենարար ջուր է ուզում, սակայն ամեն օր կրակում է արցախցու սրտին:

Նույնն է ասել` Արցախն էլ նավթի կարիք է զգում, ուրեմն եկեք ռեսուրսների փոխանակման երկխոսություն սկսենք:

Կամ թե իսպառ դադարեցրեք կրակը, մենք ձեզ մարդասիրական ջուր հասցնենք:

Թարթառն Արցախի քարտեզի վրա, ծովակը Արցախի սրտում, պլատինան կառուցվել է խորհրդային երկրի երկու հնգամյակային պլանով` արցախահայության քրտինքով:

Սարսանգի կառույցի վրա աշխատող թուրքեր էլ կային: Նրանք թեպետ շատ չէին, սակայն աչքի էին ընկնում իրենց լկտի պահվածքով. հատկապես Բաքվից գործուղ վածները:

Ուրեմն, ինչպե՞ս է նրանց հաջողվում` ԵԽԽՎ-ում իրենց օգտին արձանագրություններ, որոշումներ կորզել:

Չէ՞ որ մեր կողմի փաստարկներն ավելի քան հիմնավոր ու համոզիչ են:

Արտակ ԴԱՎԻԴՅԱՆ «Արցախ» հայրենակցական միության անդամ