ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ԽԱՂԱՂ ՉԷ


Բոլորովին էլ տարօրինակ չէ, որ մեկուկես տարի առաջ ներքաղաքական ողջ դաշտն արդեն նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միանգամայն կանխատեսելի է նաև, որ 2012 թվականի մայիսին կայանալիք կուսակցությունների հերթական գլխավոր ստուգատեսին ևս մասնակցելու են առնվազն երկու տասնյակ քաղաքական ուժեր: Ե°վ սոցիոլոգիական պատվիրված ու անկախ հարցումները, և° տեղական հասարակության ու միջազգային հանրության սպասումները, և° ներքաղաքական զարգացումների տեմպը հաստատում են, որ ուժերի առկա հարաբերակցության պայմաններում իշխանության փոփոխությունն անհնարին է: Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը շարունակել պատրաստվողների շարքերում հենց այս պատճառով առայժմ առանձնակի եռուզեռ չկա: Այստեղ 5%-ը հաղթահարելու իրական հավակնորդների քանակը խիստ սահմանափակ է. այնպես որ, ընդդիմությանը հասանելիք քվեներն այս դերը կատարելուն ունակ բոլոր երկու կամ երեք կուսակցություններին լիուլի կբավարարեն: Ընտրական օրենսգրքի ավանդական դարձած նախընտրական վերաձևումների առիթով վաղօրոք կեղծված ընտրությունների մասին ծանոթ պնդումները կրկնում են հիմնականում այն ընդդիմադիրները, որոնց տեղը լուսանցքում վաղուց հաստատագրված է: Խաղաղ չէ միայն իշխանական կոալիցիայում: Այստեղ վճռվում է իշխանության ապագա վերաբաժանման խնդիրը, և նախընտրական նախապատրաստություններն ուղեկցվում են հարաբերություններ պարզելով: Ե°վ «Բարգավաճ Հայաստանը» և° «Օրինաց երկիրը» հավասարապես մտահոգված են իրենց կոալիցիոն դաշնակից Հանրապետականի մենաշնորհային հավակնություննե րից, բայց իրենց քաղաքական ճակատագիրն ապահովագրում են տրամագծորեն տարբեր ռազմավարությամբ ու մարտավարությամբ: ՕԵԿ-ը շատ լավ գիտակցում է, որ երեք տարի առաջ սկսված կուսակցական անգործությունը անխուսափելիորեն շարունակվելու է: Անվտանգության խորհրդում մեկուսացած առաջնորդն ու կուլիսներում տքնաջան աշխատող երկու փոխնախագահները, միևնույն է, ոչինչ փոխել չեն կարող: Հետևաբար, կազմալուծված շարքերից ու լքված համակիրներից ակնկալվող սեփական քվեները չեն բավարարի անգամ խորհրդարանական տիտղոսը պահպանելու համար: Ընդդիմության շարքեր վերադառնալ ՕԵԿ-ը չի ուզում ու չի կարող: Այստեղ նրանք ոչ միայն արդեն չեն ընկալվում, այլ նաև համոզվել են, որ սոսկ պոպուլիզմով որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել: Հետևաբար, իշխանության մեջ մնալու պայմանով ընդունել են առաջարկված նոր խաղի կանոնները և համաձայնել են ՕԵԿ-ի դռները բացել բոլոր նրանց առջև, ովքեր ժամանակին չեն կողմնորոշվել Հանրապետական դառնալ, բայց վաղը պետք են լինելու` գործադիրում ու օրենսդիրում աշխատելու համար: Որպես բոնուս, ՕԵԿ-ին թույլատրվել է անդամագրել նաև նրանց, ովքեր քաղաքական տանիքի կարիք ունեն ու պատրաստ են վճարել իրենց հավակնությունների համար: ԲՀԿ-ի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Եթե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն արդեն որոշել ու բազմիցս հայտարարել է, որ 2013-ին նախագահի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվում: Դրա համար նա նախ պետք է իմանա` Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքական դաշտ: Այս անորոշությունը խիստ ճակատագրական է ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև Գագիկ Ծառուկյանի համար, սակայն երկրորդ Նախագահը դեռ լռում է: Ծայրահեղ լարվածության պայմաններում քայլի կամ ազդանշանի սպասող ԲՀԿ առաջնորդն առայժմ շահարկում ու ամեն առիթով սպառնում է դուրս գալ կոալիցիայից: Միաժամանակ նաև կառչած է մնում իշխանական լծակներից ու համառորեն չի ուզում նկատել, որ կոալիցիոն դաշնակիցները բոլորովին էլ հակառակը չեն համոզում: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ոչ միայն ժամանակ է շահում, ինչը ահազանգող արագությամբ սպառվում է, այլ նաև որոշակի նախապատրաստություններ է տեսնում: Արդեն օգոստոսից ԲՀԿ առաջնորդն անձամբ է ղեկավարում կուսակցությունն արագ ու հնարավորինս մեծ զանգվածներով համալրելու շարժումը: Անցած ամիսներին ԲՀԿ-ական են դարձել գրեթե ողջ Օլիմպիական կոմիտեն, սպորտային ֆեդերացիաները, ոչ խաղային ու թիմային ձևերի սպորտսմենները, մշակութային կոլեկտիվները, պետական ու մասնավոր բուհերի դասախոսական կազմերը, վճարովի համակարգի տասնյակ հազարավոր ուսանողներ, «Մուլտի գրուպի» ու ԲՀԿ-ական մյուս գործարարների ձեռնարկությունների աշխատակիցները: Միաժամանակ, բայց ավելի աննկատ, ԲՀԿ-ից որակական արտահոսք է տեղի ունենում: Ավետ Ադոնցի ու Արևիկ Պետրոսյանի նման փաստացիորեն հեռանում են բոլոր նրանք, ովքեր արդեն այսօր կարող են տեղ գտնել իշխանական համակարգում: Գուցե հենց այս տարամետ ընթացքները նկատի ուներ ԲՀԿ խմբակցության քարտուղարը, երբ ակնարկում էր, որ կուսակցությունը կթուլանա ներսից, այլ ոչ թե արտաքին ազդեցություններից: Բայցևայնպես, անկախ այն բանից, թե ովքեր կան այսօր ԲՀԿ-ում կամ ովքեր կմնան` կուսակցությունը եթե վաղն ևեթ հայտարարի կոալիցիայից դուրս գալու և Նախագահի ի°ր թեկնածուի մասին, միևնույն է` ԲՀԿ-ն քաղաքական դաշտում մնալու դեպքում լինելու է իշխանության մեջ: ԲՀԿ-ի ծագումնաբանությունն ու շարքերի կառուցվածքն է հուշում, որ այս կուսակցությունը ընդդիմադիր դաշտում գործել ուղղակի չի կարող: Մեր երկրի նման քաղաքական դաշտ ու մշակույթ ունեցող երկրներում ընդդիմադիր կուսակցությունը պարզապես կարող չի լինելու մնալ զանգվածային, շարքերում ունենալ գործարարներ ու պետական հիմնարկությունների ղեկավարներ, զբաղվել բարեգործությամբ ու սոցիալական բնույթի գործառույթներով: ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանը վերակառուցում ու համալրում է` իրոք ուժեղանալու, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետականին արժանիորեն մրցակցելու և առնվազն երկրորդ դիրքերն ինքնուրույն ամրագրելու համար: Միայն այսպես ԲՀԿ-ն կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հուսալի հենարանը և նրան ապահովել 2012-ին հաջորդող հինգ տարիներին վարչապետական իշխանություն: Եթե բոլոր մյուս քաղաքական ուժերն իրենց ծրագրերը նախագծում են մինչև 2013-ի հեռանկարով, ապա Հանրապետականն ու ԲՀԿ-ն իշխանական համակարգի զարգացումներին մասնակցելու առավել հեռահար ծրագրեր են մշակել:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ