ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է,

ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՂԹԱՆԱԿ


 

ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ-Գոհունակությամբ արձանագրում եմ` ոստիկանությունում արդյունքներն իսկապես տեսանելի են: Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել: Ձեզնից կրկին ակնկալվում է բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն մի կողմից, և վճռականություն` մյուս կողմից: Պրոֆեսիոնալ ոստիկանը կարողանում է ճիշտ որոշել սահմանը, ինչն իսկապես հեշտ գործ չէ: Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալները ձեր շարքերում շատ են ու ավելանում են: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարևոր գործում: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դարձե´ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ.-Բարեփոխումն արդեն սկսել ենք և սկսել ենք մեզնից: Նախորդ տարիներին կատարված հանցագործությունների բացահայտումը, հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումը, երիտասարդ կադրերի ներհոսքը, փորձառուների ակտիվությունը, վետերանների վերադարձը շարք, ընդհանրապես համակարգում տիրող եռանդուն շարժումը վկայում են, որ մեր ոստիկանական ընտանիքը համարժեք է արձագանքում վերափոխման հրամայականին: Մենք անտարբեր, անհոգի, անարդար լինելու իրավունք չունենք: Մեր ժողովուրդը բազում օրինակներով է հաստատել, որ կարող է դիմանալ պատերազմին ու խավարին, սովին ու ամեն ինչի սակավությանը, բայց արդարության դեֆիցիտին չի դիմանում: Եվ չի հանդուրժում անարդարությունը: Իսկ մենք այդ արդարության ոչ միայն կրողն ու պահապանն ենք, այլև արարողը: Մենք արդարություն ենք արարում ամեն օր, ամեն պահի` երբ բռնում ենք հանցավորի ձեռքը, երբ սթափության ենք կոչում կարգազանց վարորդին, երբ անձնագիր ենք տալիս նորահաս պատանուն, երբ դպրոցականին բացատրում ենք իր իրավունքներն ու պարտականությունները...

Մենք ամենուր ենք ու բոլորի հետ: Մենք բոլորի աչքի առաջ ենք` թափանցիկ, բաց, տեսանելի, և մեր յուրաքանչյուր քայլով գնահատվում ենք ոչ միայն ինքներս, այլև պետությունն է գնահատվում, երկրի ընթացքն ու ապագան:

Մենք ուժ ենք, իսկ դա ծանր խաչ է: Որովհետև ուժը պետք է ծառայի արդարությանը: Արդարությանը և օրենքին: Հասարակությանը և քաղաքացուն: Պետականության հզորացմանը և պետության ապագային...

2011 թ. նոյեմբերի 1-ից ոստիկանությունում սկիզբ առած բարեփոխումներն այսօր արդեն առարկայական ու տեսանելի են: Վկան` այս չափազանց կարճ ու չափազանց խիտ տարին, բարենորոգվող ոստիկանությունն ու ոստիկանը, արվածն ու անելիքի ծրագրերը: Վկան` ոստիկանության ստորաբաժանումներում ու զորամասերում հառնող մատուռները և մոմերի լույսն ու ջերմությունը. նաև` շինարարական ծավալուն աշխատանքները, որ ընթանում են ոստիկանության գլխավոր մասնաշենքում, բակում, տարբեր ստորաբաժանումներում...