ՍՈՎՈՐԵՑՆԵԼ` ՍԻՐԵԼ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սկիզբ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ոստիկանության պետ նշանակվեց երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջանում: Պետության հիմնասյուներից մեկի ղեկավարումը միանշանակ պետք է վստահվեր բարոյակամային այնպիսի հատկանիշներով օժտված ուժեղ անհատի ու գործչի, ով քաջագիտակ էր թե´ համակարգի խնդիրներին ու առանձնահատկություններին, թե´ հասարակության տրամադրություններին և ակնկալիքներին:
2011 թ. նոյեմբերի 1-ին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով ոստիկանության նորանշանակ պետին, Հանրապետության նախագահն ընդ-գծեց, որ Վլադիմիր Գասպարյանը պատահական մարդ չէ համակարգի համար, տևական ժամանակ ծառայել է ոստիկանությունում, ապա` ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռազմական ոստիկանութ յունում և Պաշտպանության նախարարությունում, իրեն դրսևորել որպես հմուտ կազմակերպիչ ու առաջադրված խնդիրները ժամանակին և լիարժեք լուծել կարողացող պաշտոնյա:
Այդ օրը երկրի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը կարիք ունի հենց այսպիսի ղեկավարի ու նաև վստահեցրեց, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են. Վլադիմիր Գասպարյանի նշանակումով մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու, և նրան կհաջողվի միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի համակարգը լինի ավելի պրոֆեսիոնալ և ամբողջապես կարողանա կատարել իր կարևոր առաքելությունը:
Իսկ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամպագոռգոռ և անիրականալի երդումներ չտվեց` ինչպես նախկինում «ընդունված» էր համակարգում: Նա պարզապես վստահեցրեց, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջադրված խնդիրները պատշաճորեն կլուծվեն, ինչի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը:
Նրան ճանաչողներն արդեն գիտեին, որ նրա խոսքը գործ է, գործը` նվիրում:
Ի գործ
Պաշտոնավայր մուտք գործելու առաջին իսկ օրից նորանշանակ ոստիկանապետն իր գերխնդիրը համարեց անբասիր աշխատանքի արդյունքում ոստիկանության նկատմամբ մեր հասարակության, ժողովրդի վստահության ու հավատի բարձրացումն ու ամրապնդումը: Իսկ համակարգի առջև ծառացած հսկայածավալ խնդիրներն իսկապես հրատապ լուծում էին պահանջում:
Ժամանակը չէր սպասում, և ոստիկանությունում անցկացրած առաջին իսկ խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց համակարգի գործունեության գլխավոր ուղղությունները`մասնագիտական գործառույթների պատշաճ կատարում, աշխատանքի տեխնիկական ապահովում և ոստիկանի սոցիալական պաշտպանվածություն... Հանրային վստահության և աջակցության արժանանալու առումով նա առաջնային համարեց հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես` ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայությունների որակյալ աշխատանքը: Պաշտոնավարման հենց սկզբից գերատեսչության ղեկավարի բոլոր ձեռնարկումներն ու նախաձեռնությունները ուղղվեցին հենց այս հիմնախնդիրների իրականացմանը:
Բարեփոխումներն այլընտրանք չունեն
Ու դրանց խթանման և առաջադրված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված` ոստիկանությունում կատարվեցին զգալի կադրային փոփոխութ յուններ: Արմատական բարեփոխումներ կատարվեցին հատկապես հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքում: Համակարգին առաջադրված առաջնահերթ խնդիրներն ամփոփ ներկայացնելով իր հրավիրած առաջին կոլեգիայի նիստում` Վլ. Գասպարյանը շեշտեց, որ բարեփոխումներն այլընտրանք չունեն և պետք է ընդգրկեն ոստիկանության գործունեության բոլոր ոլորտները:
ՈՄԱՆՔ ԿԱ´Մ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԿԱ´Մ ԳՈՐԾՈՒՄ
Համակարգի հանդեպ վստահությունը կորցրած հանրությունը չէր կարող անտարբերությամբ վերաբերվել այս նշանակմանը, որն առաջին իսկ օրից հասարակության ամենատարբեր շերտերի բուռն քննարկումների կիզակետում էր: Հասարակությունը սպասելիքներ ուներ: Տպավորիչ էր հատկապես Ոստիկանության պետի մի արտահայտությունը`
- Ես նման չեմ այն մարդկանց, ովքեր կամ խոսում են, կամ գործում: Ես համատեղում եմ խոսքն ու գործը:
Եվ ՀՀ նախագահի վստահությանն արժանացած, պետական կայացմամբ մտահոգ անհատն ասես ոչ թե սկսում, այլ շարունակում էր պատասխանատու իր գործը: Խախտելով համակարգում ընդունված «խաղի կանոններն» ու «ավանդույթները»` ձեռնամուխ էր եղել ոստիկանության նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնման, ոստիկանության ծառայողի կերպարը հասարակությանն ընկալելի դարձնելու և հանրության հարգանքը շահելու կարևոր գործին: Համոզմունքը մեկն էր` հավատի ու վստահության կայացումը պետք է սկսել ոչ թե համազգեստը փոխելուց, այլ ոստիկանության ծառայողի իրական և ճշմարիտ կերպար ձևավորելուց:
Պաշտոնավարման մի քանի ամիսներին հասարակության ամենատարբեր շերտերում շրջանառվողն ու շահարկվողը, այսպես ասած, «կադրային ջարդի» թեման էր: Մինչդեռ իր յուրաքանչյուր քայլը կշռադատող և ճշգրիտ որոշումներ կայացնող Վլադիմիր Գասպարյանը հանգիստ էր վերաբերվում այդ կարգի բոլոր խոսակցություններին և համբերատար բացատրում.
- Կադրային ջարդ` ես հասկանում եմ քմահաճույքով գործելը, չորը թացից չտարբերելով` մարդկանց ինքնանպատակ աշխատանքից հանելը: Այն, ինչ կատարվում է այս օրերին, չի կարելի համարել կադրային ջարդ, քանի որ նախ նշանակումներից մի քանիսը թափուր տեղերում են եղել, մյուս դեպքերում կատարվել են փոխատեղումներ` ռոտացիա: Մի քանի դեպքում էլ պաշտոնից ազատվել են նրանք, ովքեր իրենց գործունեությամբ, աշխատելաոճով որոշակի լարվածություն են ստեղծել համակարգում ու չէին համապատասխանում այսօրվա պահանջներին և շատ ժամանակ «անշարժ գույքի» կարգավիճակում են եղել: Նրանց փոխարինում են տեղերում աճած, աշխատանքային լավ արդյունք ցուցաբերած, ժամանակի պահանջներին համապատասխանող երիտասարդներ, ովքեր զերծ են կարծրատիպերից և այլ արժեհամակարգ ունեն: Ազատվում են նաև նրանք, ովքեր, այսպես ասած, զբոսաշրջիկի կարգավիճակում են եղել: Կրկնում եմ` դա կադրային ջարդ չէ, այլ աշխատանքների արդյունավետության բարձրացում: Եվ դա ոչ թե սթրես է առաջացնում, այլ աշխատող մարդուն գնահատված լինելու բերկրանք է պարգևում…
Հատուցումն անխուսափելի է
Որ գեներալ-լեյտենանտի խոսքերն ինքնանպատակ չէին` դրանում որոշ ժամանակ անց համոզվեցին անգամ շատ թերահավատներ: Մեկ-երկու ամիսներին համակարգում արձանագրվեցին նախկինում կատարված աղմկահարույց հանցագործությունների դեպքերով մի շարք բացահայտումներ: Ակնհայտ ու տեսանելի էր այլևս, որ Վլադիմիր Գասպարյանն անժամկետ ձեռնոց էր նետել հանցավորությանն ու նախկին ամենաթողությանը: Նրա համարձակ ձեռնարկումները վկայում էին, որ ոստիկանության ստորաբաժանումները, իր գլխավորությամբ, ունեն անհրաժեշտ ներուժ, համարձակություն և ինքնուրույնություն` պայքարելու լկտիության դրսևորումներ պարունակող երևույթների դեմ:
Արդյունքը սպասեցնել չտվեց. ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 18-ամյա վաղեմության սպանությունը բացահայտելուց հետո տրամաբանական ավարտին հասցրեց նաև նախկինում կատարված աղմկահարույց հանցագործության մի բացահայտում ևս: Դեկտեմբերի 14-ին, ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին 2006 թվականից հետախուզվող, ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականունով Հակոբ Հակոբյանի եղբորորդուն` Ստեփան Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին հասարակական հնչեղություն էր ստացել: 2006 թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, Երևանի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում անհայտ անձը ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը, վիրավորվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Նույն վայրում կրակոցներից մահացել էր նաև պատահական անցորդ` 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը: Հարուցվել էր քրեական գործ և հետախուզում էր հայտարարվել Ստեփան Հակոբյանի նկատմամբ, ով, ըստ շրջանառվող լուրերի, 5 տարի շարունակ, մինչև Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելը, «հովանավորյալ ազատություն» էր վայելել...
Այս բացահայտման հենց հաջորդ օրը հանդիպելով օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ` ՀՀ ոստիկանապետը փաստեց.
- Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ուղղակի ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ: Տեսնո՞ւմ եք, տղե´րք, որ ուզում եք` ստացվում է: Ստացվում է և´ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, և´ արտոնյալ հետախուզվողներ բռնել... Եվ անընդհատ բռնվելու են:
Եվ իրոք, գեներալ-լեյտենանտի այս խոսքերից բառացիորեն երեք օր անց` դեկտեմբերի 18-ի առավոտյան, ոստիկանության ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում 7 հոգիանոց մի հանցախմբի ձերբակալեցին: Վարդենիսի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սոթքի ոսկու հանքերում հանքաքարի գողություն է կատարվում. քաղաքի երեք բնակիչներ ոսկու հանքանյութ գողանալու նպատակով հանցավոր խումբ էին կազմել և մոտ 3 ամիս նշված անձանց 5.000 դրամ օրավարձով աշխատեցրել հանքախորշում: Այսպիսով, ոստիկանները ոչ միայն բացահայտեցին հանցագործությունը, այլև փրկեցին հանցավոր խմբի անդամների կյանքը...
Հաջորդ բացահայտումը առանձնահատուկ էր ոչ միայն վաղեմությամբ ու գողոնի մեծ արժեքով` տարել էին 17 միլիոն դրամի ապրանքներ: Ամենամեծ առանձնահատկությունն այն էր, որ գողություն կատարելու կասկածանքով բռնվել են հենց նրանք, ովքեր կոչված էին պահպանելու ապրանքը: Պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ էին. Արտակ Ղազարյանն աշխատում էր որպես վարորդ-ոստիկան, համակարգում էր 2000 թվականից, Գևորգ Գևորգյանն աշխատում էր որպես ջոկի հրամանատար, համակարգում էր 1988 թվականից, Վաչագան Իսպիրյանը ևս ջոկի հրամանատար էր, համակարգում էր 2000 թվականից: Նրանք խոստովանեցին, որ 2009 թ. աշնանը հարմարեցված բանալիով բացել են «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստներից մեկի կախովի փականը և հափշտակել 130 արկղ թեյ ու լուծվող սուրճ:
Թերևս բավական է նշել, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում բացահայտվել են նախկինում կատարված հանցագործությունների հարյուրից ավելի դեպքեր: Եվ եթե չլիներ գեներալ-լեյտենանտի նպատակասլացությունը, ապա հավանաբար այդպես էլ չէր բացահայտվի 7 տարվա վաղեմությամբ ավազակային հարձակման դեպքը: 2005 թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի վերելակում հարձակման էր ենթարկվել տարադրամի փոխանակմամբ զբաղվող 7-րդ հարկի բնակիչը: Չորսով էին: Երկուսը մտել էին վերելակ, ծեծի ենթարկել անակնկալ հարձակումից կարկամած երիտասարդին և հափշտակելով մեկ միլիոն դրամ, դիմել փախուստի: Այն ժամանակ իրավապահներին չէր հաջողվել գործը հասցնել տրամաբանական ավարտին: Սակայն 7 տարի անց ոստիկաններն ապացուցեցին`
- Ո´չ մի անօրեն գործ, անկախ վաղեմությունից, անպատիժ չի մնալու, ճշմարիտ ոստիկանը չի կարող համակերպվել չբացահայտված հանցագործության մտքի հետ, իսկ հանցագործն էլ` չպիտի վայելի ապօրինաբար ձեռք գցածը: Ահա հենց այս ճանապարհով պետք է ոստիկանությունը մոտենա հասարակության հավատի և վստահության ակունքին…:
Իսկ վստահությունը միանգամից ձեռք չի բերվում, մարդկանց կորսված հավատը սոսկ խոսքերով չի վերականգնվում, այլ գալիս է տքնաջան և ջանադիր աշխատանքի շնորհիվ, ինչին որ վերջին մեկ տարվա ընթացքում լծված են ոստիկանները: Եվ արդյունքները կրկին չեն ուշանում:
2009 թ. ապրիլի 22-ի առավոտյան, ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 48 հասցեում գտնվող «Ադամիում» ՍՊԸ-ի գրասենյակում ավազակային հարձակում էր կատարվել: 3 անծանոթներ ներխուժել էին գրասենյակ, ատրճանակի սպառնալիքով կապկպել պահակին, գլխին շոր հագցրել, կոտրել 4-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակի դուռն ու տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով չհրկիզվող պահարանը` հափշտակել 14.000.000 դրամ և դիմել փախուստի:
Ավազակային հարձակումից երեք տարի անց ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կալանավորեցին կատարողներին:
Բացահայտումները ոստիկանությունում շարունակվում են, և որոշ թերահավատներ էլ սկսել են խոստովանել, որ կադրային ու կառուցվածքային փոփոխություններն ինքնանպատակ չէին և մեծ հաշվով ուղղված են եղել համակարգի լիարժեք բարեփոխմանը:
Եղիր կամքիդ տերը և խղճիդ ստրուկը
Սրտացավ ու գթասիրտ լինել մարդու, քաղաքացու և անհանդուրժող` զանցառուի, օրինախախտի, հանցավորի հանդեպ. սա է ոստիկանության սկզբունքն ու գործառույթը: Այս պահանջը օպերատիվ ծառայողների հետ հանդիպումների ընթացքում հաճախ շեշտում է ՀՀ ոստիկանության պետը` ընդգծելով, որ դա նաև պետության ու ժողովրդի պահանջն է, որն անպայման կկատարվի, եթե հավատարիմ լինենք օրենքի պահապանի առաքելությանը և մարդկային բարեգթության ու սրտացավության դավանանքին: Ասվածի խոսուն վկայություններից մեկն էլ ամիսներ առաջ հայ ոստիկաններին ուղղված շնորհակալական նամակի մասին պատմող այս պատմությունն է:
Օգոստոսի 14-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Երևանի բնակիչներ Ալեն Սողոմոնյանին և Գագիկ Բաղդասարյանին: Օգոստոսի լույս 11-ի գիշերը Խորենացու և Զաքիյան փողոցների խաչմերուկում նրանք ծեծի են ենթարկել մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա խաչը: Գողոնը հասցրել էին իրացնել, իսկ տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն իրե´նք հայտնաբերեցին նրան, իսկ օգոստոսի 15-ին ոստիկանությունում ստացվեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանի շնորհակալական նամակը` ուղղված ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին.
- Հարգարժան Վլադիմիր Սերգեյի, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատունն իր հարգանքն է հավաստում ՀՀ ոստիկանությանը և շնորհակալություն հայտնում ոստիկանության աշխատակիցներին, հատկապես քրեական հետախուզության գլխավոր վարչության մայոր Էդուարդ Թիթիզյանին` Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ա. Բուրդոյի հետ Երևան քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում իր պարտականությունների պրոֆեսիոնալ կատարման համար: Դեսպանատունը երախտապարտ է ՀՀ ոստիկանությանը` միջադեպի օպերատիվ քննության և Բելառուսի Հանրապետության քաղաքացու հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար: Դեսպանատունը օգտվելով առիթից` վերստին իր մեծագույն հարգանքն է հավաստում Ձեզ և ՀՀ ոստիկանությանը:
Ոստիկանության կադրային և կառուցվածքային բարեփոխումներ, ոստիկանների աշխատանքային պայմանների արդիականացում, բաժինների ու բաժանմունքների տեխնիկական հագեցում, ոստիկանական նոր հենակետերի բացում մայրաքաղաքում, աշխատանքային հանդիպումներ Երևան քաղաքում և մարզերում, ոստիկանական հերթափոխի պատրաստում, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովում...
Այսպիսի ծրագրով սկսեց և շարունակում է իր գործունեությունը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, և այդ խնդիրների հետևողական իրականացումով է բնորոշվում գերատեսչության անցած մեկամյա ուղին:
Այդ ընթացքում ոստիկանության բաժին-բաժանմունքների հիմնանորոգված ու տեխնիկապես հագեցված մասնաշենքեր են բացվել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում: Համակարգի ղեկավարը պարբերաբար այցելել է ոստիկանության ուսումնական հաստատություններ, անձամբ հետևել Ակադեմիայի ընդունելութ յան քննություններին, զրուցել դիմորդների ծնողների հետ` հավաստելով, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է քննությունների թափանցիկությունն ու օբյեկտիվությունը ապահովելու հարցում: