ՈՒՐԻՇԻ ՈՒՐԻՇ ԽՈՀԱՆՈՑԸ


Իբրև Ազգային ժողովի նախագահ, Տիգրան Թորոսյանն արդեն անցյալում է: Այնպես, ինչպես խորհրդարանի բազմաթիվ այլ ղեկավարներ, բայց այնպիսի հարայհրոց բարձրացնելով… Անկախ մոտեցումների տարբերություններից ու նմանություններից` փաստացի ամեն ինչ արդեն վերջացած է, և հայրենի խորհրդարանն էլ, հանձին Հովիկ Աբրահամյանի, արդեն նոր ղեկավար ունի: Այսքանով հանդերձ` այն ոչ միարժեք վերաբերմունքը, որը հատկապես հրաժարականին հաջորդող օրերին անգամ հանրության շրջանում էր հասցրել ձևավորվել, մի շարք հետաքրքիր եզրահանգումների առիթներ է ստեղծում… Եզրահանգումներ, որոնք չարժե շրջանցել: Եվ հետաքրքիրն այն է, որ սույն պաշտոնանկության լուրը զարմանքով էին ընդունում հատկապես նրանք, ովքեր դեմ են այն ամենին, ինչն ասոցացվում է գործող իշխանությանը: Իսկ արժե՞ հիշեցնել, որ Տիգրան Թորոսյանն այդ իշխանության մասն էր. ընդ որում` ոչ երկրորդական: Մինչդեռ թե° այն ժամանակ, թե° այսօր դժվար չէ եզրահանգել, որ խնդիրը ՀՀԿ-ինն էր, ու, բնականաբար, այդ խնդրի լուծումն էլ ՀՀԿ-ն պետք է առաջադրեր: Դժվար չէ վերհիշել, որ ընդամենը նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններում Հանրապետականը հանրության քվեների բացարձակ մեծամասնությանն արժանացավ: Եվ այսօր թե վաղը ՀՀԿ-ն ինքը պետք է որոշի, թե ով պետք է լինի ԱԺ նախագահը: Ուստիև դժվար է չհամաձայնել Գալուստ Սահակյանի` ուրիշի ներքին խոհանոցը չմտնելու դիտարկում-հորդորին: Իսկ անհարմար ու անհեթեթ քաղաքական իրավիճակները, որոնք, ցավոք, մեզանում հաճախ են ստեղծվում, հենց նույն ուրիշի խոհանոցի հանդեպ անհարկի հետաքրքրասիրության արդյունք ու հետևանք են: Ընդ որում, Տիգրան Թորոսյանի պատմության անհարմար ընթացքի համար պակաս դերակատարություն չունեցավ հենց ինքը` Տիգրան Թորոսյանը: Մի մարդ, ով հանգամանքների այլ դասավորության պարագայում կուսակցական ու թիմային համերաշխության, գաղափարախոսության անփոխարինելիության ու դրան հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին խրոխտ ու արցունքաբեր ճառեր կասեր: Հիմա արդեն այլևս անկարևոր է, որ դեռևս սույն փոփոխության թեմայով ետնաբեմային խոսակցությունների շրջանում Թորոսյանն առիթ էր փնտրում` հայտարարելու (հավանաբար նաև ինքն իրեն համոզելով), թե, միևնույն է, ինքը հրաժարական չի տալու… Կյանքը, իսկ ավելի ճիշտ` հաջորդող մի քանի շաբաթները հաստատեցին, որ նա էլ ոչ միայն հրաժարվելու է կպչուն դարձած աթոռից` մի քանի օր անց կանոնակարգային պահանջով ստիպված լինելով վերահաստատելու իր հրաժարականը, այլ «ձեռք քաշել» անգամ կուսակցական պատկանելությունից: Վերջին հանգամանքն, անկեղծ ասած, ավելի զարմացնող էր: Տվյալ դեպքում այնպես ստացվեց, որ պաշտոնն ու հարազատ կուսակցությունը համարժեք դարձան, և այս տրամաբանությամբ էլ` եթե չկա առաջինը, ուրեմն հանգիստ (՞) խղճով կարելի է հրաժարվել նաև երկրորդից (որն իրականում առաջնայինը պետք է լիներ): Տ. Թորոսյանին մի պահ կարելի է հասկանալ. խռովկանությունը մարդկային բնավորության գիծ է, որից խուսափելու երաշխիքները ցանկացած մարդու պարագայում հարյուրտոկոսանոց չէ: Բայց մյուս կողմից էլ խորհրդարանի էքսնախագահի նման հավասարակշռված գործիչը այս պարագայում երկար-բարակ ծանրութեթև անելու և Հանրապետականից հեռանալու հարցը բոլոր տեսանկյուններից վերլուծելու լիարժեք հնարավորություն ուներ: Ասել է թե` ծանոթ վճռից առաջ կատարելիք քայլը պետք եղածին չափ վերլուծվել է… Կատարվածից հետո արդեն կարելի է կարծել, թե հեղինակությունից ու հին ընկերներից բացի, Տիգրան Թորոսյանն այլևս կորցնելու քիչ բան ունի, սակայն գրեթե անշրջանցելի բազմիցս փորձարկված մի հեռանկար էլ կա` հարազատ կուսակցությունից խռովելը հաճախ քաղաքական կարիերայի մայրամուտն է խորհրդանշում: Ընդ որում, առաջին նմանատիպ քայլից հետո երկրորդը երկար սպասեցնել չի տալիս: