«Կպատրաստես Սուրբ օծության համար յուղ... «Դա սրբություն է և ձեզ համար սրբություն էլ թող


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ (Հատված) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 28 սեպտեմբերի, 2008 թ. Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: …Մյուռոնօրհնության այս շնորհանորոգ օրը մեր Արարչի հետ հաշտության խորհդանիշ ձիթենու ճյուղի բերքին խառնեցինք բնության ամենից ազնիվ, բուժիչ և բուրում նավետ հյութերը: Այս արդար նյութին միախառնեցինք հին մյուռոնը, որով սերնդեսերունդ փոխանցում ենք մեր Տիրոջ օրհնած յուղը, խառնեցինք և նորաեփ մյուռոնը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության: Օրհնեցինք մեր նվիրական մասունքներով` Տերունական փրկարար Խաչով, Սուրբ Գեղարդով, Աջով մեր Լուսավորիչ Հայրապետի: Մեր հոգու ամենաջերմ աղոթքներով հայցեցինք բարեխոսությունը մեր սուրբ հայրերի, որպեսզի նորօրհնյալ մյուռոնը Սուրբ Հոգու ներգործությամբ դառնա «կնիք երկնավոր անապականության», երկնային յոթնարփյա շնորհները բաշխի մեր կյանքին և ինչպես Աստված է տնօրինել` լինի ու միշտ մնա սրբություն մեզ և բոլորի համար: Այսօր նյութը Սուրբ Հոգու երկնահեղ շնորհներով սքանչելագործ զորություն է ստանում, այսօր նյութը հայցով ու աղոթքով բանական ու շնչավոր է դառնում. «Երդվեցնում եմ քեզ, նյութ ձեթի, հանուն Ամենակարող Հոր, ... որպեսզի ամեն ներգործություն սատանայի և զորություն նրա քեզանից հալածյալ լինի, որպեսզի օրհնությամբ զորանաս` քեզանով օծյալին դրոշմելու Սուրբ Հոգին` հանուն Ամենակարող Հոր և Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի» (Կանոն մյուռոնի օրհնութ.): Աստծո բարերար Կամքով սուրբ և սրբարար է մյուռոնը: Լուսանյութ, անուշաբույր մյուռոնով սրբվում են եկեղեցիները, դառնում` Աստծո տուն: Մյուռոնով օծվելով` եկեղեցականները կոչվում են Տիրոջ Սուրբ Սեղանի սպասավորության: Շնորհակիր և շնորհաբաշխ մյուռոնով մկրտության ավազանից ծնվում ենք որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Սուրբ մյուռոնի դրոշմով ճանաչում, ապրում, զգում և պահպանում ենք մեր հայ և քրիստոնյա ինքնությունը, մեր ազգային ամբողջականությունը: Մյուռոնադրոշմ հաղթել ենք վասն հավատի և վասն հայրենյաց կենաց և մահու մեր բոլոր պատերազմները, մեր գոյության և լինելիության բոլոր մարտերը: Մյուռոնի զորությամբ ու լույսով միավորել և միավորում ենք մեր անցյալը, ներկան և մեր զավակների ապագան: Մյուռոնօրհնությունը, սիրելի հայորդիներ, կոչ է և հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը և մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի սուրբ մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք (հմմտ.` Գաղ. Գ 27): Տիրոջ հետ, Տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս: ...Լավատես ենք ու քաջալեր Աստծո` ազգիս պարգևած բարիքներից, աշխարհասփյուռ հայ կյանքի մեջ պտղաբերող բարի գործերից, իրականություն դարձող ծրագրերից, որ ծառայում են մեր ժողովրդի բարօրությանը, մեր Հայրենիքի բարգավաճումին, մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը: Միավորենք ու զորացնենք մեր ջանքերը, որ հայրենի մեր երկիրը ծաղկունք ապրի աստվածաշնորհ խաղաղության ու ազատության մեջ և հզորանա տիրավանդ ճշմարիտ սիրով, իր զավակների նվիրումով, տաղանդով ու արարումով: Խնամք տանենք ու հոգանք, որպեսզի մեր աշխարհասփյուռ Եկեղեցին միշտ պայծառ լինի նախնյաց ավանդով ու կարգավորությամբ, էջմիածնակնիք հայ հոգուն հավատարիմ աստվածասեր ժողովրդով: Թող լուսեղեն մյուռոնի ազգահավաք հրաշագործ զորության շնորհներով արգասավորվի միությունն ու մեկ առաքելությունը մեր Սուրբ Եկեղեցու և միաբանությունը մեր ժողովրդի…