Հա՞ որ....


Այնպես է ստացվել, որ բնակչությանը որոշակի կենցաղային ծառայություններ մատուցող ընկերությունների անուններն արդեն ինքնաբերաբար ասոցացվում են թանկացում կոչվող պատուհասի հետ: Դիցուք` «ՀայՌուսգազարդի» մասին երբ սկսում են մի փոքր ավելի հաճախ խոսել, ուրեմն արդեն հեռու չէ նաև այն օրը, երբ գազի սակագնի թանկացման հերթական հայտարարությունն է հրամցվելու: Այդպես եղավ նաև նախորդ շաբաթ, երբ հայտնի դարձավ, որ առաջիկա ապրիլի 1-ից սպառողներին մատակարարվող երկնագույն վառելիքի արժեքը բարձրացվելու է: Ինչ խոսք, եթե որպես փոփոխության ժամկետ ապրիլի 1-ն է ընտրվել, մի փոքր հույս կարելի է փայփայել, թե ավելի ուշ միգուցե կպարզվի, որ ոլորտի պատասխանա տուները պարզապես ապրլիմեկյան ավանսային կատակ են արել: Չէ՞ որ գործող սակագինն էլ ցածր չէ… Բայց նման պարագայում հազիվ թե խնդրո առարկա հայտարարությունը նման վերջաբան ունենա, քանի որ «ՀայՌուսգազարդի» նման կազմակերպությունները հաճելի կատակներ անելու սովորություն չունեն: Ավելին, ընտրված ժամկետը ոչ պակաս կարևոր մի առանձնահատկություն էլ ունի. փաստորեն նոր սակագինը մեզ է հրամցվելու հերթական ցրտաշունչ ձմեռը հաղթահարելուց հետո: Ինչպես ասում են` նման «բարեհաճության» ականատեսն է պետք լինել` կատարվածին հավատելու համար: Դե իսկ եթե հաշվի առնենք, որ սակագնի բարձրացման մասին հայտարարությունից ոչ շատ առաջ «ՀայՌուսգազարդը» խոշոր սպառողներին` ձեռնարկություններին հորդորել էր աննհրաժեշտ պաշարներ կուտակել, ուրեմն չպետք է բացառել նաև մինչև ապրիլի 1-ը երկնագույն վառելիքի անկանոն մատակարարման կամ էլ, Աստված մի արասցե, դրա իսպառ դադարեցման հավանականությունը: Անկախ ամեն ինչից` մռայլ հեռանկարները քիչ բան կարող են փոխել, քանի որ Հայոց աշխարհի բնակիչներս վաղուց վարժվել ենք ցանկացած իրավիճակից ելքեր գտնելուն: Գազ չի լինի կամ էլ գինը անհասանելի կլինի, էլեկտրաէներգիայից կօգտվենք: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»… Իսկ տվյալ դեպքում գնաճային «ծեծը» էներգետիկ ոլորտը նույնպես չի շրջանցելու: Ընդ որում, այստեղ մի փոքր ավելի են շտապել` չկարողանալով գոնե մի քանի ամիս թաքցնել թանկացում կոչվածից իրենց ստանալիք բավականությունը: Այսպիսով, ատոմակայանի նորոգումն այս անգամ էլ գնաճով է նշանավորվելու: Մինչդեռ մեզ թույլ էինք տալիս հավատալ, թե ցրտի ու խավարի տարիները անվերադարձ են անցել-գնացել: Պարզվում է` այնքան էլ ոչ: Տարբերությունն այն կլինի, որ նզովելի այն տարին հոսանք ու գազ չկար` չէինք օգտագործում, այսուհետ լինելու է, բայց` ոչ բոլորի համար: Սակայն խնդիրը իսկի էլ սակագների չարդարացված հաղթարշավին դիմադրելու մեջ չէ: Հայրենի էներգետիկները հպարտությամբ են նշում հարևան մի քանի երկրի էլեկտրաէներգիա վաճառելու մասին և հպարտանում, որ նախանշվող հեռանկարներն էլ խոստումնալից են: Մյուս կողմից` նման խոստովանությունները ոչ մի կերպ չեն համադրվում գների վերանայման իբրև թե ճարահատյալ քայլի հետ: Ի¯նչ արած, մնում է հուսալ, որ մինչև թանկացումը միգուցե այդ մասին որոշո՞ւմը կվերանայվի: Մի հին արտահայտություն կա արջի շոգենավով ժամանելու մասին. այս անգամ խոսքը տխրահռչակ «ԱրմենԹելին» փոխարինած «Բիլայնին» է վերաբերում: Այստեղ էլ որոշվել է լարային հեռախոսակապի բաժանորդավարձը վերանայել: Ու բնականաբար` ոչ հօգուտ բաժանորդի: Եվ խառնաշփոթը ամբողջացնելով, մատնանշում է, թե փոխարենն, ասենք, Ֆիլիպիններ զանգահարելու րոպեավճարն է նվազեցվելու: Իհարկե, «Բիլայնում» լավ գիտեն, որ ինտերնետային ծառայություններ մատուցող շատ այլ կազմակերպություններ մի քանի անգամ ավելի մատչելի սակագներ են առաջարկում: Եվ սույն ավելորդությանը մեջտեղ բերելով` «Բիլայնը» պարզապես ինքն իր համար մրցակցելու նպաստավոր պայմաններ է ստեղծում` զուգահեռաբար բաժանորդներիս համոզելով, թե մի ծառայության թանկացումը մյուսի սակագնի իջեցմամբ փոխհատուցվում է: Ա¯յ քեզ տրամաբանություն… Մեր հայրենակիցներն, իհարկե, Ֆիլիպիններ թե այլուր զանգահարում են, բայց լարային հեռախոսակապի` առանց այդ էլ ոչ այնքան մատչելի սակագինը հատկապես սոցիալապես խոցելի խմբերին է նյութապես հարվածելու: Նման որոշում ընդունողները դրա շատ տեսանելի հետևանքները չե՞ն պատկերացնում: Հա՞ որ…