ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ԿՈՎԿԱՍՈՒՄ Մարտահրավերներն ու բարենպաստ զարգացումները 50:50 են


Վերջին մեկ ամսվա ընթացքում հայ քաղաքագիտական և լրագրողական շրջանակների հաճախակի քննարկման նյութը հիմնականում Կովկասում անվտանգության համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունն էր: Տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ և ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերություններում սկսվող ձնհալը, ինչպե՞ս կանդրադառնա այն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. սա է այսօր հուզող հիմնական հարցը: Անցած տարիներն ապացուցեցին, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը թույլ չի տալիս, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը, նրա կարգավորումը ենթարկվի աշխարհի հզորներից որևէ մեկի շահերի ազդեցությանը, դառնա շահարկման առարկա: Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ավելին` ձեռնարկել է այն: Նյու-Յորքում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ ասել է, թե Թուրքիայի աջակցությունը դրական լիցք կհաղորդի Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Սակայն, ղարաբաղյան հակամարտությունն ըստ էության Հայոց ցեղասպանության ածանցյալն է: Այս առումով հակամարտության կարգավորմանը, թեկուզ և ոչ որպես միջնորդ, այլ որպես աջակցող, Թուրքիայի ներգրավումը բացասաբար չի՞ անդրադառնա հայկական կողմի շահերին: Թերևս, այս մտահոգությունն է նաև ստիպել քաղաքագետներից Լևոն Մելիք-Շահնազարյանին թերահավատորեն արտահայտվել Կովկասում անվտանգության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության մասին` հիշատակելով 1918 թ. Կովկասյան տան գաղափարի անփառունակ վախճանը: Նաև` անպատասխան է մնում այն հարցը, թե անվտանգության պլատֆորմ ստեղծելու իր առաջարկության մեջ պաշտոնական Անկարան ինչո՞ւ չհիշատակեց նաև Իրանին: Վերջինս հեռուն գնացող խնդիրներ ունի Ադրբեջանի հետ: Թեհրանը հայտարարելով, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միաժամանակ, ԼՂՀ-ին օժանդակող քաղաքականություն է վարել` վերջինիս դիտարկելով որպես կարևոր ռազմավարական բուֆեր Ադրբեջանի և Իրանի Հյուսիս-արևմտյան ծայրամասում բնակվող թուրքալեզու ժողովուրդների միջև: Իրանին միշտ մտահոգել է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հաղորդակցության ճանապարհների բացման հնարավորությունը: Եվ Իրանի վարած արտաքին քաղաքակա նությունը հիմնականում հետապնդել է մասնավորապես թուրքական ազդեցության կանխարգելման և թուրքական ներկայության աճի ու գործունեության նվազեցման նպատակ: Սակայն, Իրանի վերոհիշյալ մտահոգությունն այսօր որոշ մասով կարծես իրականանում է. Թուրքիան պատրաստվում է Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել: Դա թերևս առաջին քայլը կարող է լինել հայ-թուրքական սահմանի, հաղորդակցության ճանապարհների բացման հարցում: Իսկ իրերի այսպիսի դասավորության պայմաններում, երբ Թեհրանը գրեթե հույս չունի, որ Ադրբեջանը երբևէ կհամաձայնի կասպյան նավթի ու գազի արտահանման ուղիներ կառուցել Իրանի տարածքով, Հայաստանի համար տարածաշրջանում լուրջ գործոն դառնալու հնարավորություններ կարող են բացվել: Դեռևս, կարծես, անհասկանալի է մնում և նախանշաններ էլ չկան` թեկուզ կռահելու համար, թե ինչ ընթացք կստանա հայ-թուրքական հարաբերություններում ամենակնճռոտ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բազմիցս ասվել է` այդ խնդրի լուծման բանալին թուրք հասարակության գիտակցության արթնացումն է. թուրք հասարակությունն ինքը պետք է փոխվի և գիտակցի շուրջ հարյուր տարի առաջ մարդկության դեմ իր նախորդների գործած հանցագործության ծանրությունը: Իսկ դրա նախանշան ները թերևս կան: Հրանտ Դինքի սպանությանը հասարակության մեծ մասի արձագանքը` «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» պաստառներով, «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության բացահայտումը: Վերջապես, այսօր Թուրքիան ձգտում է դեպի Եվրամիություն և այդ ճանապարհին ստիպված է հաշվի նստել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Ինչևէ: Կովկասյան տարածաշրջանում հարաբերությունները բարդ են, և դեռևս հնարավոր չէ կանխագուշակել, թե դրանք ինչ ընթացք կստանան: Համենայն դեպս, Հայաստանի համար այսօր մարտահրավերներն ու ու դրական զարգացումների հնարավորությունները կարծես հավասարակշռում են միմյանց:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ