ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


Ս.Օհանյանն ընդունեց ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի մշտական հանձնաժողովի անդամներին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Վ.Վասիլևի գլխավորած ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի մշտական հանձնաժողովի պատվիրակութ յանը: Հանդիպմանը ներկա էին ՀԱՊԿ անդամ-պետությունների տարբեր ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց հանձնաժողովի անդամներին` նշելով, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է ՊՆ նորակառույց համալիրում, որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը: ՀԱՊԿ շրջանակներում իրականացված միջոցառումների շարքում նախարարը նախ և առաջ ընդգծեց վերջերս Մարշալ Հ.Բաղրամյանի անվան զորավարժարանում հաջողությամբ անցկացված «Ռուբեժ 2008» զորավարժությունը, ապա` Երևանում անցկացված ռազմա-տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը, ինչպես նաև պաշտպանության նախարարների խորհրդի` ընթացիկ տարվա նոյեմբերին Երևանում անցկացվելիք ևս մեկ նիստ: Ս.Օհանյանը կարևորեց նաև Հայաստանի` 2008թ.-ին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու փաստը, որի ընթացքում ևս Հայաստանը ջանք չի խնայի նպաստելու կազմակերպության աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և վերջինիս հնարավոր զարգացումներին, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Ապա, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց պատվիրակների կողմից բարձրացված հարցերին: Հանդիպման ավարտին ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի մշտական հանձնաժողովի անդամները շնորհակալություն հայտնեցին Ս.Օհանյանին` անկեղծ զրույցի և իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու համար: Մեկնարկեցին «Համատեղ աղեղ եւ համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները Սեպտեմբերի 29-ին Երեւանում պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի Հանրապետության, ՆԱՏՕ-ի եւ ԳՀԽ ծրագրի անդամ երկրների կողմից անցկացվող բացման հանդիսավոր արարողությունը: Զորավարժություններին կմասնակցեն մոտ 1000 զինծառայողներ Կանադայից, Հունաստանից, Հունգարիայից, Լիտվայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից (որպես հյուրընկալող երկիր), Ավստրիայից, Ալբանիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Չեխիայից, նախկին Հարավսլավիայի հանրապետություն Մակեդոնիայից, Ղազախստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից: Զորավարժությունները կավարտվեն ս.թ հոկտեմբերի 20-ին: -Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, հյուրընկալել է այս զորավարժությունները, ինչը պայմանավորված է մեր պատրաստակամությամբ` իրականացնելու միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված երկրի ստանձնած հանձնառությունները,- նշեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: - Այս համատեղ զորավարժությունը հնարավորություն է ընձեռում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներին կառուցելու փոխհարաբերություններ, իրականացնել փորձի եւ հմտությունների փոխանակում եւ ուժեղացնել մասնակից երկրների զինված ուժերի արհեստավարժությունը, - ասաց Հայդելբերգի Ցամաքային Բաղադրիչի Հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ջոն Դ.Գարդները, բացման արարողության ժամանակ: Ինչպես նշեց գեներալ-լեյտենանտ Գարդները, բազմազգ ռազմական գործողությունները իրենց բնույթով խնդրահարույց են, եւ այստեղ ձեռք բերված փորձը եւ դասերը կուժեղացնեն մեր բոլոր երկրների բանակների արդյունավետությունը: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժությունը շատ կարեւոր միջոց է` զարգացնէլու եւ ուժեղացնելու տարբեր միջազգային ռազմական ուժերի փոխգործակցելու ունակությունը, համատեղ աշխատելու արդյունավետությունը, ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող բազմազգ խաղաղապահ առաքելությունների եւ ճգնաժամերի արձագանքման գործողությունների ժամանակ: Զորավարժությունը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մասնակից երկրներին աշխատելու ավելի արդյունավետ եւ ավելի լավ նախապատրաստվել դիմագրավելու համընդհանուր անվտանգության սպառնալիքներին: