«Մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություններ»


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զորավարժությունների բացման արարողության ժամանակ Պարոնայք գեներալներ, սպաներ Հարգելի հյուրեր Զորավարժությունների հարգելի մասնակիցներ Այսօր Երևանում մեկնարկում են «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զորավարժությունները: Կարծում եմ` ավելորդ կլինի ևս մեկ անգամ ընդգծել դրանց նշանակութ յունը, կարևորությունն ու արդիականությունը. զորավարժությունների ձևաչափն ու մասնակիցների լայն աշխարհագրությունն ինքնին խոսում են այդ մասին: Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի, «Գործընկերություն հանուն խաղաղության» և «Ստամբուլի համագործակցության նախաձեռնության» անդամ 17 պետությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարբեր կառույցների զինծառայողները այսօր այստեղ են և չնայած այդ բազմազանությանը, նրանք պատրաստվում են միասնաբար, մեկ թիմով լուծել զորավարժությունների ընթացքում իրենց առջև դրված խնդիրները: Այս առումով կարող եմ միայն ափսոսանք հայտնել, որ մեր հարևան ԵԱԳԽ պետությունները տարբեր պատճառներով չեն մասնակցում միջոցառմանը: Ցավոք, սա ևս մեկ անգամ վկայում է` Հարավային Կովկասում անվտանգությունը փխրուն է: Հավատացնում եմ` խաղաղությունն ու կայունությունը Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ արժեքներ են: Այս համատեքստում տվյալ զորավարժութ յունները մենք դիտարկում ենք նաև որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց: Յուրաքանչյուր անգամ Հայաստանը մեծ պատրաստակամությամբ է հյուրընկալում ցանկացած միջազգային զորավարժություններ, լինեն դրանք «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության», «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կամ ԱՄՆ եվրոպական հրամանատարության շրջանակներում և ջանք ու եռանդ չի խնայում դրանք ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: Զորավարժությունների հյուրընկալումը մեկ նպատակ է հետապնդում միայն. որքան հնարավոր է գործնականում բարձրացնել խաղաղապահության ոլորտում մեր բոլորիս փոխգործակցելու հնարավորությունները, հղկել դրանց իրականացման մեխանիզմները, ուսանելի փորձ ձեռք բերել և վարժել զորավարժություններում ընդգրկված մեր ստորաբաժանումներին: Այս նպատակը վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության կողմից` որպես միջազգային հանրության լիիրավ անդամի, իր պարտավորությունները կատարելու, միջազգային վարկն ու հեղինակությունը բարձրացնելու և միջազգային անվտանգության ապահովման իր չափաբաժինը լիովին ստանձնելու պատրաստակամութ յամբ: Մոտ 2 տարի է անցել այն պահից, երբ Հայաստանը ներկայացրեց 2008թ. համատեղ զորավարժությունները հյուրընկալելու հայտ: Նախապատրաստական այդ ամբողջ ընթացքում զորավարժությունների մասնակիցներն ու կազմակերպիչները միասնական ջանքեր գործադրեցին Հայաստանում տեղազննման առաքելություններ իրականացնելու, պլանավորման երեք համաժողովներ կազմակերպելու և նախապատրաստական բոլոր աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Համատեղ կատարված այդ փայլուն աշխատանքի արդյունքին մենք ականատես ենք լինում այսօր, ուստի օգտվելով առիթից, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին` ՆԱՏՕ-ի Հայդելբերգի հրամանատարությանը, տարբեր կառույցների և գործընկեր երկրների ներկայացուցիչներին և իհարկե` ՀՀ պաշտպանության նախարարության այն ստորաբաժանումներին, որոնք ներգրավված էին այդ աշխատանքներում: Վերջում ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ զորավարժությունները կանցնեն բարձր մակարդակով, և մասնակիցները իրենց հետ կտանեն հավելյալ փորձ, հմտություններ ու գիտելիքներ` անհրաժեշտության դեպքում դրանք գործնականորեն կիրառելու համար: Միաժամանակ հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ նաև Հայաստանի մշակույթին և հայ ժողովրդի հյուրընկալությանը: Արձանագրելով Հայաստանում «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զորավարժությունների մեկնարկը, բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ համատեղ աշխատանք և հաջողություններ: