Արվեստաորսի հայ նահապետը


Հազվադեպ է պատահում, որ աշխատանքայինի վերափոխված հանգստյան օրը տոնական շուքով հագենա: Երջանիկ պատահականության այդ տրամադրությամբ համակեց Ազգային պատկերասրահի վերջին երկուշաբթին: Ոչ միայն աշխատակիցներին: Այլև` ամերիկահայ հանրածանոթ կոլեկցիոներ ՋՈՒԼԻԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ կողմից, ի հիշատակ տիկնոջ` Մարիայի և դստեր` Դանայի, Հայաստանի Ազգային պատկերասրահին նվիրաբերած մշակութային 21 արժեքների հանձնման հանդիսանքին ներկա ՀՀ պաշտոնատար անձանց, մի շարք արվեստագետներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ներկա գիտակների վկայությամբ` 1958-ից ի վեր մեր պատկերասրահն այսպիսի ճոխ ընծա չէր ստացել: Ի նշան երախտագիտության` ՀՀ իշխանությունները իրեն արվեստի որսորդ համարող Ջուլիան Հովսեփյանին արժանացրել են ՀՀ վարչապետի հուշամեդալի և Ազգային պատկերասրահի պատվավոր անդամ կոչման: Խանդավառված արարողակարգի մթնոլորտի հարաճուն ջերմությամբ` առատաձեռն ընծայատուն շողշողում էր գոհունակությու նից, որ իր առաջին այցելությունը մայր հայրենիք աննախադեպ հիշարժան բովանդակությամբ է լցվում: Ուրարտական բրոնզե գոտիներից պահպանված (մ. թ. ա. VIII դ.) 6 հատվածները, Տիգրան II-ի բրոնզե և Լևոն IV-ի արծաթե դրամները, ֆրանսիական և իտալական XVI-XVIII դդ. գեղանկարչության 8 ուշագրավ նմուշները մանրազննին դիտարկելուց հետո զրույցի եմ բռնվում հետաքրքրասերներով շրջապատված ծերունազարդ հայրենակցիս հետ: Սրտապնդված` նրա նվիրատվության կազմակերպմանը նախանձախնդիր, երբեմնի սունդուկյանցի, այժմ` Նյու Յորքի հայկական հեռուստաընկերության տնօրինուհի և «Ամերիկայի ձայն»-ի թղթակցուհի Կարինե Քոչարյանի թևավորի արժեք ունեցող խոսքերով. «Նյու Յորքը դեռ շատ պիտի զարգանա, որպեսզի Հայաստանին հասնի»: Վիրահայի ու արցախցու արյուն է հոսում Ջուլիան Հովսեփյանի երակներով, ով, ծնված լինելով Թավրիզում, Հայաստանի ու կյանքի ճանաչողության դասերը քաղել է ոչ այնքան տեղի ֆրանսիական քոլեջում երկամյա ուսումնառության ընթացքում, որքան գրքերից ու թերթերից` մինչ օրս էլ իրենից անբաժան կյանքի ուսուցիչներից: Հորից յուրացնելով լուսանկարչության նրբին գաղտնիքները` Թեհրանում իր ստուդիան է հիմնել: Հանդիպելով գեղեցկուհի Մարիային` Արևմտյան Ուկրաինայից Սիբիր աքսորված, ապա Թեհրանում հաստատված աննման այս լեհեհուն, ամուսնական անխախտ դաշինք է կնքել` որդեգրելով նրա 2 զավակներին ( իրենն այդպես էլ չունենալով` անմնացորդ սիրով կապվել է նրանց հետ) և 1946-ին ընտանյոք հանդերձ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Սկսել է զբաղվել գեղարվեստավաճառքով` սրտում մշտապես վառ պահելով Հայաստանի պաշտամունքը: Առաջին ընծան Հայաստանի մշակույթի գանձարանին արել է 1972-ին` Սարգիս Խաչատրյանի «Սիրահարները» կուբիստական կտավը: Այդուհետև պարսկական արժեքավոր մի ձեռագիր ու մանրանկար է նվիրել Մատենադարանին, Պատմության թանգարանին` հնագույն դրամներ, Մարկոս Գրիգորյանի Մերձավոր Արևելքի թանգարանին` Էլամի վեցհազարամյա թագավորության խեցեղենի հազվագյուտ նմուշներ, կիլիկյան դրամներ… Պատրաստվում է Ազգային պատկերասրահի հավաքածուն հարստացնել իր ձեռք բերած Ռեմբրանդտով, հենց որ ճշգրտվեց բնօրինակությունը: Ուշացած ծանոթությունը նախնիների բնօրրանին ջանում է իմաստավորել` հետամուտ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի 5 պատվիրաններին. «Յուրաքանչուր հայ անպայման պետք է ոտք դնի Հայաստանի հողին, հայացքը հառած պահի Մասիսին, գոնե 1 մոմ վառի Էջմիածնի Մայր տաճարում, ձեռքերը լվանա Սևանա լճում և խոնարհվի Եղեռնի զոհերի հուշակոթողին` իր դրած ծաղիկներով»: Բանաստեղծական խորհուրդն այս պատգամի աշխարհասփյուռ հայության համար դյուրընկալ է, սրտի մշտարթուն մորմոքով հաստատուն: Եվ… մեկնաբանությունների կարիք չունի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ