ՋԱՎԱԽՔ. ԱՆՀԱՆԳԻՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ


 

Ջավախքը Վրաստանի աշխարհագրական տարածքի մի մասն է: Տևական ժամանակ այն դիտարկվում էր որպես առանձնացված վարչական միավոր` կազմված հայաբնակ երեք շրջաններից: Գամսախուրդիայի իշխանության տարիներին մեծ ջանքեր գործադրվեցին` Ջավախքը հայաթափելու, հայկական էթնո տարրը ոչնչացնելու:

Վերջին տարիներին, երբ իշխանություն եկավ իր հայկական ծագումը մեծ ճիգերով ժխտող Միխեիլ Սահակաշվիլին, միանգամայն նոր «հնարքներով» շարունակվեցին Ջավախքի հայաթափումն ու ճնշումները: Մերթ ընդ մերթ ձևական նախաձեռնություններ տարփողելով, իրականության մեջ վրացական իշխանությունները ձեռնամուխ են եղել այն ծրագրի իրականացմանը, որն անավարտ մնաց Գամսախուրդիայի հեռանալուց հետո:

Այսօր Ջավախքում կարծես թե ինչ-որ չափով լուծվում են սոցիալական խնդիրները, սակայն ուժգնանում են քաղաքական ու էթնիկական ճնշումները, որոնք էլ բորբոքում են ջավախահայությանը, ստիպում ոտքի կանգնել, պահանջներ ներկայացնել իշխանություններին:

Ջավախքը սփյուռք չէ, այստեղ հայությունն ապրում է իր բնիկ հողի վրա ու իրեն պատկանող տարածքներում: Հետևաբար այստեղից հնչող ամեն մի պահանջ պիտի իր համարժեք վերաբերմունքն ունենա: Վրաց իշխանությունները պիտի հոգ տանեն բնակչության մասին, քանզի նրանք այդ երկրի լիիրավ քաղաքացիներն են` օժտված ազգային փոքրամաս նություններին ընձեռված բոլոր միջազգային իրավական ազատություններով: Սակայն հենց այս հարցում են առաջացել հիմնական խզումները, որոնք էլ համապետական ընտրութ յունների նախօրյակին ջավախահայերին պարտադրել են հանդես գալ պահանջներով:

Առավել նշանակալի է դառնում «Երկիր» միության հայտարարությունը, որը մի շարք մտահոգություններ է ծնում: Ինչպես նշվում է այդ հայտարարության մեջ, վրաց իշխանութ յունները ջավախահայությանը զրկել են ընտրական գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից: Խոստովանենք, որ սա լուրջ մեղադրանք է, որը միջազգային եզրաբանությամբ կոչվում է քաղաքական-ժողովրդավարական դիսկրիմինացիա և քննադատվում է ՄԱԿ-ի Կոնվենցիայով:

Հայտարարության մեջ ասվում է.

- Առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը: Այդ պատճառով հայ բնակչութ յան շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Խոստովանենք, որ աշխարհի ոչ մի երկրում հայերը նման իրավիճակի առջև չեն հայտնվել: Ցանկացած երկրում մեր հայրենակիցները կարող են ստեղծել իրենց կուսակցություն ները, ներկայանալ քաղաքական ծրագրերով: Նման գործելաձևի, օրենսդրական կապանքումների հետևանքով էլ արձակվել են վրացական իշխանությունների ձեռքերը, քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի անդամները…

Վրացական իշխանությունները լավ են հասկանում, որ որևէ հայկական քաղաքական կուսակցության ստեղծման դեպքում երկրում կարող են արձանագրվել նոր քաղաքական իրողություններ, կարող է խորհրդարանում ձևավորվել հայկական պատգամավորական խոշոր խմբակցություն, քանի որ Վրաստանում մոտ 600 հազար հայ է բնակվում: Ահա ինչն է անհանգստացնում և զգուշավոր դարձնում վրաց իշխանավորներին: Առավել ևս` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ պետության մեջ օրավուր նվազում է էթնիկ վրացիների թիվը, այսօր վրացիներն իրենց թվակազմով զիջում են մենգրելներին, նրանք շատ քիչ են հայերից: Ահա այս էլ պարտադրել է վրացական իշխանություններին վարելու «մահակի» քաղաքականություն և գործելու ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ գործել են ազերիները…