ԳԵՆԵՐԱԼԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՔԱՐՏԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ


 

Վերջերս մենք գրել էինք, որ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանին պատկանող հիվանդանոցում երկար ժամանակ է` բժիշկներն աշխատավարձ չեն ստանում. նրանք իրենց ֆինանսական խնդիրները լուծում են հիվանդների կողմից տրվող «հոնորարներով»: Պարզվում է, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն արձագանքել է ոչ միայն մեր, այլև ուրիշ լրատվամիջոցներում ևս հնչած ահազանգերին և անմիջապես հանձնարարել հիվանդանոցի ղեկավարությանը` ձեռնարկել միջոցներ` նման խնդիրներից խույս տալու համար:

Գեներալին պատկանող հիվանդանոցի մի խումբ աշխատակիցներ էլ վստահեցրել էին, թե մինչև մամուլի հրապարակումը, արդեն ներդրվել էր քարտային վճարման համակարգը: Այս հավաստիացմանն, իհարկե, մենք այնքան էլ չհավատացինք, որովհետև երբ պատրաստում էինք նյութը, զրուցել էինք բազմաթիվ բուժաշխատողների հետ… Նորից լինելով հիվանդանոցում, պարզեցինք, որ հրապարակումից հետո աշխատավարձերը սկսել են վճարել քարտերով, սակայն աշխատողներից պահանջել են գումարի մի մասը վերադարձնել հաշվապահություն: Այսինքն, այժմ էլ մեկ այլ ապօրինություն է «թխվում»: Ցանկացած ստուգումների ժամանակ հիվանդանոցի տնօրինությունը կարող է արդարանալ, որ քարտային համակարգով կատարում է վճարումներ, որոնք համապատասխանում են աշխատավարձերի չափերին: Սակայն հազիվ թե ստուգողներն իմանան, որ փոխանցված աշխատավարձի մի զգալի մասը նորից վերադարձվում է հաշվապահություն…

Գեներալի հիվանդանոցում տիրող այս վիճակն առայժմ առաջինն է, որը գրավում է մեր ուշադրությունը, սակայն գիտենք, որ այլ տեղերում էլ այլաբովանդակ խնդիրներ կան, երբ աշխատողներին աշխատավարձ են տալիս երկու «եղանակով»` քարտային համակարգով փոխանցելով քիչ գումարներ, այսպիսով խույս տալով իրական հարկերից և սոցվճարներից, իսկ մեկ այլ ցուցակով վճարելով գումարի մյուս մասը: Երկու դեպքում էլ գործ ունենք օրենքի խախտումների և աչքակապության հետ:

Օրինաչափ հարց կարող է ծագել. ինչո՞ւ գեներալին պատկանող հիվանդանոցի բուժաշխատողները չեն բողոքում: Չեն բողոքում, որովհետև իրենք էլ իրենց հերթին են գներ սահմանում` մարդկանց առողջությունը դարձնելով առուծախի առարկա:

Առողջապահության նախարարությունը նախկինում, հատկապես Հ. Քուշկյանի կառավարման շրջանում, մարդկանց մեծ ծախսերից ազատելու, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվճար բուժօգնության խնդիրները կարգավորելու փոխարեն, մեծ ջանքեր գործադրեց` նվազեցնելու պետական պատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնութ յունն ու լուծարելու մարզային հիվանդանոցները, որոնցում բուժումը բոլոր հիվանդությունների գծով նախատեսված էր իրականացնել անվճար հիմունքներով: Հասկանալի է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատեր առողջապահության նախարարը, համաձայնության գալով որոշ հիվանդանոցների սեփականատերերի հետ, ամեն ինչ արեց պետական բժշկական ծառայության շրջանակը նեղացնելու համար: Անգամ արհամարհվեց ԱԺ-ում ընդունված օրենքը` անվճար հիվանդանոցային և ամբուլատոր բուժօգնության մասին: Նշանակում է, մեր առողջապահությունը կամ բուժօգնությունը ոչ թե մարդակենտրոն դարձավ, ոչ թե կարևորվեց ՀՀ քաղաքացու շահը, այլ առաջ մղվեցին սեփականատերերի շահերն ու շահագրգռությունները:

Նման իրավիճակն այլևս անհանդուրժելի է, որովհետև, ըստ վիճակագրական տվյալների, առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մոտ 40 տոկոսը չի կարողանում դիմել բժշկական հաստատություններին, չի կարողանում կարգավորել իր վիճակը: Ժամանակն է, որպեսզի Ազգային ժողովը մեկ անգամ ևս անդրադառնա այս կարևորագույն խնդրին: Մանավանդ որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ վճռականորեն է տրամադրված և կամենում է այս ոլորտում հասնել օրինականության հաստատման:

Լ. Մ.