Ոգեգարություն


 

Այլ կերպ չես անվանի ահաբեկիչների վերջին օրերի ակտիվացումը: Անմեղ մարդկանց զանգվածային ոչնչացումը հերոսություն չէ: Բայց 2001 թ. Ամերիկայում սեպտեմբերյան ողբերգությունը շատ է ոգևորել «Ալ-Քաիդա»-ին, ու անվերջ փորձում են հիշեցնել դրա մասին` հընթացս նոր կյանքեր զոհաբերելով: Նպատակը մարդկությանը սարսափի մեջ պահելն ու իրենց հանդեպ սարսափ տարածելն է: Սարսա´փ, այլ ոչ թե ակնածանք:

Ահաբեկչական խմբավորումն անցյալ շաբաթ համացանցում տեղադրել է մի տեսագրություն, որտեղ ամերիկյան ահաբեկչության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակից երկու գրոհայիններ 2001 թ. սեպտեմբերի 11-ից ամիսներ առաջ կարդում են իրենց կտակը:

Սալիմ ալ-Խազմին և Խալիդ ալ-Միխդարն այն 19 ծայրահեղականներից են, ովքեր հափշտակել էին 4 ինքնաթիռները և դրանք ուղղել Նյու-Յորքի նշանավոր Համաշխարհային առևտրական կենտրոնի երկնաքերների ու Պենտագոնի շենքի վրա: Նրանք երկուսն էլ զինվորական համազգեստով են, զենքը` ձեռքներին: Տեսահոլովակին էլ չափազանց հավակնոտ անուն են դրել` «Զավթիչների դեմ հաղթանակի ծագող արևը»: Ալ-Միխդարի խոսքերից պարզ է դառնում, որ դիմումը տեսագրվել է 2001-ի ապրիլի 26-ին:

- Արաբական պետությունների ղեկավարները շատ հեռուն են գնացել. նրանք դավաճանել են իրենց ազգերին` քրիստոնյա-ամերիկացիներին թույլ տալով մտնել Մեքքայի և Մեդինայի սրբազան հողեր,- հայտարարել է իսլամիստը:

Նա բացատրել է, որ իրենց ապագա գործողությունները ջիհադի (պայքար Ալլահի համար) մի մասն է` ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա կողմնակիցների:

- Մենք հարված կհասցնենք, որպեսզի վերականգնենք մուսուլմանների արժանապատվությունը և որպեսզի ձեզ (ամերիկացիներին) վռնդենք Արաբական թերակղզուց. այդ է մեր վերջին կամքը,- հավելել է Սալիմ ալ-Խազմին (տեղեկացրել է Life News Onlin-ը):

Ընդդեմ քրիստոնյա-Ամերիկայի, ասել է թե` խաչակրաց արշավանք քրիստոնյաների դեմ:

3000 մարդկային կյանք զոհաբերած նրանց ահաբեկչությունը նորօրյա պատմության խոշորագույն գրոհն էր: Դրան հաջորդող տարիներին իսլամիստների հուզումները պետք է որ ավելի զգուշացնեն մարդկությանը: