«Աշխարհին ցույց ենք տալու իսկական բարեկամություն»


 

Այսօր ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» քառօրյա զորավարժությունների վերջին օրն է: Մեր երկրում առաջին անգամ անցկացվող ու բնույթով նախադեպը չունեցող այս զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ազգային ստորաբաժանումների շուրջ 2000 ներկայացուցիչներ: Կիրառվեց 500 միավոր զինտեխնիկա: Զորավարժությունն ընթացավ տեսական և գործնական փուլերով, որոնց ընթացքում Հայաստանի տարածքը պայմանականորեն բաժանվել էր 3 հատվածների:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ զորավարժությունների մեկնարկը 2009-ին էր` Ղազախստանում, ապա ՌԴ-ում` 2010-ին, իսկ 2011-ին` Տաջիկստանում:

Զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ մեկ անգամ ևս ընդգծեց.

- ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի` ընթացիկ տարվա կարևորագույն իրադարձությունը համարվող «Փոխգործակցություն-2012-ը» կոչված է դառնալու հարթակ` ՀԱՊԿ ուժերի ու միջոցների ղեկավարման, փոխգործակցության մշակման համար: ... Այսօր ՀՀ ԶՈւ զորավարժարանում բարձրացված են ՀԱՊԿ անդամ 6 երկրների Ազգային դրոշները, իսկ շարքերում կանգնած զինվորները պատրաստ են համատեղ ուժերով մարտական առաջադրանքներ մշակել և հակահարված տալ հնարավոր սպառնալիքներին, որոնց կբախվեն մեր երկրները: Սա դժվար և միևնույն ժամանակ կարևոր և անհրաժեշտ է մեր պետությունների համար: Հավատացած եմ` ընդհանուր ջանքերի շնորհիվ կհասնենք մեր նպատակնե րին:

Նպատակների իրականացման նախապայմանն, անշուշտ, փոխօգնության պատրաստակամությունն է: ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. ԼԵՆՑՈՎԻ խոսքերով`

- Մենք պարտավոր ենք ապացուցել մեր բարեկամությունը` միմյանց աջակցելով և այն ջերմությամբ, այն վերաբերմունքով, որով ընդունեց մեզ Հայաստանը: Մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալու ամուր ու իսկական բարեկամություն: Եվ մեր երկրների ժողովուրդները պիտի համոզված լինեն, որ հայրենի հողից զատ` ավելի թանկ ու սուրբ ոչինչ չկա: Մենք օտար հողերի կարիքը չունենք, բայց և սեփական հողը ոչ ոքի չենք տա:

Մեր երկրի նկատմամբ հնարավոր ագրեսիայի և վտանգի դեպքում որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի ՀԱՊԿ ուժերն արձագանքեն և չեզոքացնեն վտանգը: ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչ, գեներալ- մայոր Անատոլի ՅԱԿՈՎԼԵՎԸ վստահեցնում է.

- Նման սցենար, անշուշտ կազմված է: ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիա կիրառվելու դեպքում անհապաղ համատեղ պաշտպանություն կկազմակերպ վի: Կախված իրավիճակից` նման դեպքերում դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացնում ուժերի քանակի վերաբերյալ: Դրանք կարող են լինել բացառապես բանակային ստորաբաժանումներ, կամ կարող են ընդգրկվել նաև հատուկ նշանակության (ԱԻՆ, ՆԳՆ) զորամիավորումներ: Յուրաքանչյուր իրավիճակի դեպքում կարող են տարբեր լինել թե´ արձագանքման ժամանակահատվածը, թե´ ստորաբաժանումների կազմը: Միացյալ շտաբը ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարությունների հետ համատեղ իրականացնում է արագ արձագանքման գործողությունների սցենարի մշակումը:

Զորավարժություններն անշուշտ կարևորվում են նաև փորձի փոխանակման տեսանկյունից: Այս առումով դրանք ուսանելի ու օգտակար են հատկապես շարքային կազմի համար: Ղազախստանի Հանրապետության Ազգային ստորաբաժանման ներկայացուցիչ, դեսանտա-գրոհային բրիգադի ավագ լեյտենանտ Ռենատ Շարիբովը մեզ պատմեց իր տպավորությունների մասին:

- Արդեն մեկ շաբաթ է` Հայաստանում եմ: Պետք է խոստովանեմ, որ այստեղ ամեն ինչ հրաշալի է: Հարմարավետ պայմաններ են ստեղծվել ճամբարում: Անգամ ժամանցն է շատ լավ կազմակերպվել: Մենք արդեն եղել ենք մի քանի վայրերում: Չեմ կարող չնշել, որ նաև սնունդն է գերազանց: Իսկ ձեր բնությունն ու մարդիկ... Հինավուրց երկիր է` լեռների գրկում, շատ գեղեցիկ է: Այս զորավարժությունները չափազանց կարևոր են մեր երկրների համար: Իսկ մեզ համար կարևոր է մեր կարողությունները բարձր մակարդակով ներկայացնելը և բոլոր երկրների հետ բարեկամությունն ամրապնդելը: Հայ զինվորների հետ ընկերացել ենք, կան նաև այնպիսի զինվորներ, սպաներ, որոնց հետ ծանոթացել եմ նախկին զորավարժութ յունների ընթացքում: Հաճելի էր նրանց տեսնել: Իսկ հայկական Զինված ուժերի մասին միայն դրական կարող եմ արտահայտվել:

Զրուցեցինք նաև Հատուկ նշանակության ջոկատի պայմանագրային զինծառայող Վարդանի հետ, ով հասկանալի պատճառներով ամբողջությամբ չներկայացավ.

- Մենք հավաքվել ենք` ապացուցելու, որ շատ ուժեղ ենք, ու ցանկացած իրավիճակում ցանկացած փորձության կարող ենք դիմակայել: Կարող ենք հակառակորդի ցանկացած գործողության դիպուկ, հստակ պատասխան տալ: Այստեղ նաև ավելի կամրապնդվի մեր բարեկամությունը: Ես շնորհակալ եմ մեր նախարարին և նախագահին. նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մեր բանակը բոլոր առումներով կատարելագործվի և չզիջի ոչ մեկի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ