Երեկ, այսօր, վաղը


 

Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 67-ում)

Երևի հայ ազգի կորցրածը ավելի քան բավարար է, որպեսզի առավելագույն ճշգրտությամբ մշակվի հավասարակշիռ, բոլորի շահերը հաշվի առնող, յուրաքանչյուրի ներդրած աշխատանքի, մտքի, էներգիայի համարժեքը իրատես գնահատող, ազգային անվտանգություն ապահովող համազգային ռազմավարական ծրագիր և այն իրագործող անկաշառ օրենսդրություն: Այն կհամապատասխանի միջազգային նորմերին ու օրենքներին` ապահովելով ներտնտեսական և միջազգային կայուն քաղաքականություն:

Այդ ծրագիրը պետք է բավարարի մեկ կարևոր պահանջի` պետք է խնդիր դնի ստեղծել հայ ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովող ամուր տնտեսական հիմք, անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայ մարդը:

Հայկական համազգային ծրագիրը պետք է ունենա երկու հիմնական ուղղություն.

Առաջին ուղղությունը կապված է հայ ժողովրդի առանցքային խնդրի ազգային ողբերգության` ցեղասպանության հետ:

Ներկա և ապագա սերունդների և հայ պետականության ուսերին է ընկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը:

Անհրաժեշտ է, որ Թուրքիայի բնակչությունը, մտավորականությունը և քաղաքական գործիչները գիտակցեն հայ ազգի նկատմամբ ցեղասպանություն իրականացնողների ողջ պատասխանատվությունը և ունենան անկեղծ մեղքի և զղջանքի զգացում: Դա իր հերթին կնպաստի առանց ավելորդ և արհեստական բարդույթի` հայ ժողովրդից բռնազավթած նյութական արժեքները նախկին տերերին փոխհատուցելուն, երկու ազգերի միջև փոխշահավետ և արժանապատիվ հարաբերություններ կառուցելուն:

Հայտնի է, որ Ցեղասպանության հետևանքով աշխարհում սփռված հայերի առաջին սերնդի մտահոգությունը եղել է նոր երկրի պայմաններին հարմարվելը: Երկրորդ սերունդը գործել է հիմնականում մշակույթի, գիտության ու սպասարկումների ոլորտում: Իսկ երրորդ սերունդը սկսել է ակտիվորեն մասնակցել տվյալ երկրների տնտեսական և քաղաքական կյանքին` դերակատարություն ստանձնելով նաև այդ երկրների պետական կառույցներում:

Տնտեսական փորձագետների կարծիքով` Հայաստանի Հանրապետությունից և Արցախից դուրս բնակվող հայերի սեփականության ընդհանուր ծավալի արժեքը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության ողջ ազգային հարստությունը: Այստեղից բխում է երկրորդ ուղղությունը ` տնտեսական համագործակցության ծրագրերի միջոցով ստեղծել Հայաստան-Սփյուռք գործակցություն` գիտական, ֆինանսական, առևտրական, տեղեկատվական համատեղ կառույցների հիմնմամբ:

Այս մոտեցումը կստեղծի լուրջ հզորություններ, որի շնորհիվ կձևավորվի պետական պահանջատիրական նոր քաղաքականություն:

ԽՍՀՄ անկումը ցույց տվեց, որ տնտեսական ուսմունքի գլխավոր հասկացության` մասնավոր սեփականության բռնի ուժով վերացումն ի վերջո հանգեցնելու է այդ բռնի ուժի կործանմանը: Մարդուց օտարած սեփականությունն այս պարագայում դառնում է անպաշտպան և խոցելի, որն արդյունավետ կառավարել չեն կարող ո´չ ստալինյան անձի պաշտամունքի հիման վրա ստեղծված բռնությունը, ո´չ էլ գերհզոր միջուկային զենքի տիրապետող որևէ քաղաքական կառուցվածք:

Հանրահայտ է, որ ժամանակակից պետության ուժը գիտելիքահենք տնտեսության մեջ է, իսկ ֆինանսական օլիգարխիային սպասավոր դարձած քաղաքական իշխանությունը միայն խոչընդոտում է պետության բնականոն զարգացմանը:

Այս ճշմարտությունը առաջին հերթին պետք է լավ հասկանան հետխորհրդային տարածքում գտնվող անկախացած «Նոր» պետությունները:

Իբրև պատմական օրինաչափություն, այդ պետությունները մասնավոր սեփականության և շուկայական տնտեսության համակարգին անցնելու ճանապարհին անխուսափելիո րեն պետք է հաղթահարեն թե´ մենաշնորհային կառավարման և թե´ հակամենաշնորհային քաղաքականության փուլերը:

Հայաստանի Հանրապետությունը ևս, մտնելով համաշխարհային շուկա, պետք է հաղթահարի նույն դժվարությունները և նոր միայն կկարողանա զարկ տալ մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Միայն դրանից հետո երկրի համախառն արտադրության ընդհանուր ծավալի մեջ վերջինիս բաժինը կկազմի 60-70%: Այսպիսին է տնտեսապես զարգացած ժամանակակից երկրների ներտնտեսական կառուցվածքը:

Հասարակության զարգացման գլխավոր նպատակը ժողովրդի բարեկեցությունն է:

Համաշխարհային անզիջում մրցապայքարում մրցակցային առավելություն ունենալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը սպառողական շուկայից վերածվի արտահանող երկրի, որի գլխավոր ապրանքը կարող է լինել սեփական պաշարների հիման վրա արտադրված գիտելիքահենք ապրանքը, որի նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում ամենաբարձրն է:

1980-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կրթության, գիտության, մշակույթի և արդյունաբերության առաջավոր երկիր էր: ԽՍՀՄ-ում էլեկտրոնային և ճշգրիտ սարքաշինության արտադրանքի ծավալով Հայաստանը գրավում էր երրորդ տեղը, մեքենաշինական արտադրանքի արտահանումով` չորրորդ տեղը, թեթև արդյունաբերության առանձին տեսակների բնակչության 1 շնչին ընկնող արտադրության ծավալով գերազանցում էր անգամ ԱՄՆ-ին: Բնակչության 1 շնչին ընկնող դրամական խնայողությունների գումարով Հայաստանը ԽՍՀՄ-ում գրավում էր երրորդ տեղը, 1000 շնչին ընկնող գիտությունների թեկնածուների և դոկտորների քանակով` առաջին տեղը և այլն: Մինչդեռ վերջին տարիներին միջազգային վարկանիշային գործակալությունների և բանկերի պաշտոնական տվյալներով` աշխարհի 200-ից ավելի պետությունների ցանկում գլխավոր տնտեսական, սոցիալական ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գրավում է 100-130 տեղերը, իսկ շուկայական տնտեսության օրենքների և նրանց կիրառման (имплементация) առումով` ամենավերջին տեղերից մեկը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջնային խնդիրն է գիտական և գիտելիքատար արդյունաբերության ճյուղերում կապիտալ ներդրումների և միջազգային շուկայում ամենաբարձր պահանջարկ ունեցող արտադրանքի ծավալի շեշտակի աճի ապահովումը: Դա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի կանխմանը, արտաքին առևտրի հաշվեկշռում արտահանվող ապրանքների տեսակարար կշռի ավելացմանը: Արդյունքում Հայաստանը ներմուծող երկրից կդառնա արտահանող տնտեսություն ունեցող երկիր: Կմեծանա պետական բյուջեի արժութային շրջանառության ակտիվային մասը, կնվազեցվի արտաքին պետական պարտքերի տենդագին աճող ծավալը, ինչը փաստորեն բնակչության հաջորդ սերունդների ուսերին դրվող և ոչնչով չարդարացվող բեռ է:

Արդի Հայաստանի Հանրապետությունը իր որոշակի ներդրումային գրավչությամբ վերածվել է միջազգային բանկային կենտրոնի: Սեփական ֆինանսական պաշարների պակասը և նրանց նկատմամբ գործարար աշխարհի առաջանցիկ պահանջը ստեղծում է համեմատաբար բարձր տոկոսադրույթներով միջազգային վարկերի անհրաժեշտություն:

Նման իրավիճակում միջազգային բանկերի համար տնտեսապես թույլ զարգացած երկրները համարվում են «ոսկե հատակ» (клондайк): Այս առումով ժամանակակից տնտեսագետներից շատերը գտնում են, որ արտասահմանյան ուղղակի ներդրումները (ինվեստիցիաները), մեր նման երկրների համար ոչ թե «ոսկյա անձրև» են, այլ «անձրևից հետո բուսնող թունավոր սնկեր»:

Իրոք, պատմությունից հայտնի է, որ նվաճող երկրները պարտված երկրներին պարտադրել են`

1) Բանկային բարձր տոկոսադրույքներ, որպեսզի կանխեն տեղի տնտեսության զարգացումը,

2) «Ազատ առևտրի» կարգավիճակ, որպեսզի երկիրը դառնա մոնոպոլ գներով ներկրող ապրանքային և ցածր գներով արտահանող հումքային շուկաներ:

Վերջին 20 տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրները փաստորեն վերածվել են արտածին (էկզոգեն) գործոններից կախյալ, լիբերալ տնտեսական քաղաքականություն վարող, հումք և որակյալ աշխատուժ արտահանող շուկաների, որոնց ներմուծման ծավալը 3-4 անգամ մեծ է արտահանման ծավալից:

Ամփոփելով այս ամենը կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության ազգային գաղափարախոսության և տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի գլխավոր խնդիրները պետք է դառնան`

1) Երկրի ազգաբնակչության և նրա սոցիալական բարեկեցության ապահովումը և պահպանումը,

2) Գիտատեխնիկական առաջընթացի և գիտահենք արդյունաբերության հիման վրա բնակչության աշխատանքային լրիվ զբաղվածության, կայուն հասարակական ու պետական անվտանգության ապահովումը:

3) Հայկական Սփյուռքի ներուժի համակողմանի փոխշահավետ ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ:

Սփյուռքի հետ տնտեսական ռազմավարական ծրագիր կազմելու տնտեսական հիմքը պետք է դառնա «Այն, ինչը օգուտ է Սփյուռքի յուրաքանչյուր հային, օգտակար է նաև Հայաստանի Հանրապետությանը և Հայոց պետականությանը» ռազմավարական բանաձևը: Այն արտահայտում է ոչ միայն հայ ազգային գիտակցության պոռթկումի իմաստը, այլև հանդիսանում է շուրջ 7 դարերի ընթացքում հայ ժողովրդի ապրած դաժան փորձությունների և ազգապաշտպան հերոսապատում-մատենագրության վերծանումը:

Փաստորեն այս բանաձևը ո´չ թե առանձին վերցված Հայաստանի Հանրապետության կամ Սփյուռքի հայության ռազմավարական թեզերի հենքն ու գլխավոր առանցքն է, այլ համազգային, միասնական և ամբողջական հայոց պետականության գաղափարախոսության հիմքը:

Այս գաղափարը պետք է դառնա երրորդ հազարամյակում աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ուղենիշը, որի բարեհաջող իրագործման համար պետք է ներգրավել ոչ միայն Սփյուռքի, այլև շահագրգիռ ու առաջադեմ մարդկության ուժերը և միջոցները:

Աշխարհն ապրել է, աշխարհն ապրում է և աշխարհը կապրի անընդմեջ տնտեսական պատերազմների իրավիճակում, որը հաճախ ուղեկցվում է ռազմական գործողություններով, ֆինանսական, գաղափարական, հոգեբանական դիվերսիաներով: Անկախ, ինքնավար, ժողովրդավարական և կայուն զարգացող պետություն ստեղծելը դժվար ու տևական գործընթաց է: Համաշխարհային շուկայական համակարգին ինտեգրվելը բոլոր մակրո և միկրո տարածաշրջանների գերխնդիրն է:

Արտաշես ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Մոսկվայի հայ համայնքի Խորհրդի անդամ, Մոսկվայի հումանիտար տեխնիկական ակադեմիայի տնտեսագիտության ամբիոնի դասախոս, դոկտորանտ, «Արարատ» (Ֆրանսիա) գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ